Արդեն երկու օր է, ինչ Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր հոգևոր ծառայությունը շարունակում է Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում: Որոշ մարդկանց կարծիքով սա ժամանակավոր և միևնույն ժամանակ անվերադարձ տեղափոխություն է, և առիթ բարձրաձայնելու Ջավախքում առանձին թեմ ունենալու մասին:
Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը հանդես գալով Ախալքալաքի և Ախալցխայի հասարակության անունից, իր մտահոգությունն է հայտնում Վիրահայոց թեմում հոգևորականի ժամանակավոր տեղափոխության մասով և բարձրացնում Ջավախքում առանձին հոգևոր թեմ ունենալու հարցը:
«Ախալքալաքում բազմաթիվ մարդիկ մտահոգված են Տեր Տաթեւ քահանայի տեղափոխության առիթով։ Դրանից առաջ հայր Բաբգէնն էր, ով Ջավախքի փոխառաջնորդ էր։ Նրա տեղափոխելով փոխառաջնորդարանը մի տեսակ որբ մնաց եւ զրկվել է իր ունեցած ինքնուրույնությունից։
Սակայն շնորհիվ Տեր Տաթեւի ժողովուրդը սիրեց եկեղեցին։ Իհարկե մնացած հոգեւորոկաններն էլ շատ մեծ գործ կատարեցին դրա համար, որոնց անձամբ շատ եմ հարգում։ Եւ հարցը ընդհանրապես լավ ու վատ քահանայի մեջ չէ, այլ նրա, որ ժողովուրդը սովոր է իրա քահանային եւ չի ուզում, որ նա տեղափոխվի այլ վայր։
Հավատավոր ժողովրդին ցավ պատճառող տեղափոխություններ նախկինում եւս շատ են եղել թե Ախալցխայում եւ թե Ախալքալաքում։ Այդ խնդիրը եւ դրա հետ մեկտեղ բազմաթիվ հոգեւոր խնդիրներ մեր տարածաշրջանում երբեք չեն լուծվի մինչև Սամցխե-Ջավախքի տարածաշրջանը չունենա առանձին թեմ։
Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանի հետ անձամբ շատ մտերիմ ու ջերմ հարաբերությունների մեջ եմ, բայց ճշմարտությունը գերադասելի է։ Եւ մեր ձայնը պետք է լսելի լինի բոլորին, որ մենք ուզում ենք ունենալ առանձին թեմ իր թեմակալ առաջնորդով։ Այդ դեպքում միայն կարող են լուծվել բազմաթիվ հոգեւոր խնդիրներ, որոնք հուզում են Ջավախքի հավատավոր ժողովրդին»,- այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է Ախալցխայի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրենը:
Տեր Տաթև քահանա Մարուքյանն դեռ երկու օր առաջ իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում էր տվել, որ սա պաշտոնական նշանակում չէ, և իր տեղափոխությունը ժամանակավոր բնույթ է կրում:
«Ախալքալաքի և հարակից գյուղերի սիրելի հավատավոր ժողովուրդ, ցանկանում եմ ձեզ տեղեկացնել, որ Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի տնօրինությամբ և մեր փոխադարձ համաձայնությամբ ժամանակավորապես (մոտ երեք ամիս) հոգևոր ծառայությունս շարունակելու եմ Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցում: Սա պաշտոնական նշանակում չէ, և ես շարունակում եմ համարվել Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվը: Տեղեկացնեմ նաև, որ իմ փոխարեն Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի հետ իր ծառայությունը կբերի Դիլիսկայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Տիգրան քահանա Մխիթարյանը:
Հորդորում եմ բոլորիս պահպանել հոգևոր խաղաղությունը, այս իրողության հետ կապված մեղադրանքի և վիրավորանքի պոռթկումներ չբարձրաձայնել Վիրահայոց թեմի և թեմակալ առաջնորդի հասցեին, որը միայն խաթարում է առանց այն էլ չափազանց բարդ իրականություն ապրող հայկական համայնքի կյանքը»,- գրում է Տեր Տաթև քահանա Մարուքյանը:
Հավելենք, որ մեկ տարի առաջ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն վրդ. Սալբիյանին տեղափոխեցին Հայաստան: Նա իր հոգևոր ծառայությունը շարունակում է Սբ. Հռիփսիմե վանքում:
Աղունիկ Այվազյան