Փոքր վթարների պատճառով, առանց նախնական տեղեկացնելու ջրերի հաճախակի անջատումները ամբողջ քաղաքում, առաջացրել են Ախալքալաքի բնակչության դժգոհությունը:
Վերջին մի քանի օրերին Ախալքալաքում ջրի անջատումները՝ ամբողջ օրով, հաճախակի բնույթ են կրում, ինչն էլ բնակչության մոտ առաջացրել է դժգոհություն: Ջրի անսպասելի անջատումների բողոքով մեր խմբագրություն են դիմել քաղաքի շատ բնակիչներ:
Վրաստանի Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնում մեզ տեղեկացրին, որ հաճախակի անջատումները կրում են հրատապ բնույթ, և, որ նրանք դրանում մեղավոր չեն, քանի որ վթարների մասին նախօրոք չեն կարող իմանալ:
«Եթե բանվորները, ովքեր կատարում են ասֆալտապատումը վնասում են խողովակները, ապա մենք չենք կարող զգուշացնել բնակչությանը, քանի որ մենք ինքներս էլ նախօրոք չենք իմանում: Երբ գլդոնը պտտվելով հարթեցնում է, որի վիբրատորները ծանր են, տեղի են ունենում վթարներ, իսկ ջրախողովակները ոչ բոլոր բնակիչներն են փոխել, նրանք հին են և ժանգոտված»,- ասում է սպասարկման կենտրոնի մենեջեր՝ Վարդ Մոսոյանը:
Բացի դրանից, ըստ սպասարկման կենտրոնի մենեջերի, շինարարները փողոցից շատ են հողը հանել, ինչի հետևանքով խողովակները այժմ ավելի մակերեսորեն են, այդքան էլ խորը չեն տեղակայված ինչպես պահանջում են չափանիշները: Դա նույնպես նպաստում է վթարների առաջացմանը: Երբ փողոցով անցնում է ծանր տեխնիկան, խողովակները չեն կարող դիմակայել և առաջանում են վթարներ:
Ըստ Վարդ Մոսոյանի, այդպիսի դեպքեր արդեն եղել են Երևանյան,Դեմիրճյան և Ջավախիշվիլի փողոցներում: Նրանք ստիպված են եղել վթարը վերացնելու նպատակով անջատել ջուրը: Իսկ անջատել միայն վթարված հատվածը Միացյալ ջրամատակարարման Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հնարավորություն չունի, քանի որ քաղաքը չունի տեղամասային փականներ: Ուստի ստացվում է, որ որևէ մի փողոցի վթարի դեպքում, ստիպված են անջատել ամբողջ քաղաքի ջուրը:
Վարդ Մոսոյանի խոսքերով, իրենք այս տարի նախատեսել են վերականգնել ջրախողովակները Թամարա Թագուհու փողոցում – 150մ և Ազատության փողոցում – 300մ: Մոտակա օրերս այդ հատվածներում կսկսվեն վերականգնողական աշխատանքները: Ըստ մենեջերի խոսքերի, այդ նախատեսված աշխատանքների կատարման ժամանակ, բնակիչները նախօրոք կզգուշացվեն: Իսկ Մկրտիչ Սարգսյան փողոցում այսօր կավարտվեն վերականգնողական աշխատանքները:
Շուշան Շիրինյան