Ախալքալաքի շրջանային դատարանում Միասնական ազգային շարժման ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միխայիլ Աղաբաբյանի վարչական իրավախախտման գործով դատական նիստը հետաձգվեց 15 րոպեով, քանի որ դատախազությունը չէր ներկայացել դատավարությանը:
Այսօր ժամը 12:00-ին Ախալքալաքի շրջանային դատարանում սկսվեց դատական նիստը՝ վարչական պատժամիջոցը որոշելու վերաբերյալ, Միացյալ ազգային շարժման ակտիվիստներ՝ Աշոտ Ռաիսյանի եւ Միշա Աղաբաբյանի կողմից կատարված իրավախախտման գործով:
Սկզբում դատական նիստը նշանակված էր նոյեմբերի 5-ին, սակայն այն հետաձգվեց 26-ին, քանի որ մեղադրական կողմը ներկա չէր դատավարությանը:
«Ուժը միասնության մեջ է» ընդդիմական դաշինքի Ախալքալաքի շտաբի պետ Աշոտ Ռաիսյանի և դաշինքի ակտիվիստ Միշա Աղաբաբյանի նկատմամբ կազմվել է արձանագրություն Վրաստանի «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի 166-րդ՝ «Մանր խուլիգանություն» հոդվածի համաձայն:
Վրաստանի վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 166-րդ հոդվածը նախատեսում է տուգանք 500-ից մինչեւ 1000 լարի, կամ եթե պատիժը համարվի անբավարար՝ ելնելով այն իրավիճակից, որում կատարվել է խախտումը կամ խախտման մեջ ներգրավված անձինք, կարող է կիրառվել մինչև 15 օր վարչական կալանք: Այս գործի վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի դատարանի կողմից:
Հոկտեմբերի 30-ին ՄԱՇ-ի ակտիվիստների ու «Վրացական երազանքի» խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի հարազատների և կողմնակիցների միջեւ ծեծկռտուքից հետո, իրավախախտման արձանագրության կազմման հիմք ծառայեցին Մկոյանների կողմից տրամադրված տեսանյութերը: Ծեծկռտուքի արդյունքում ՄԱՇ-ի 4 ակտիվիստ հոսպիտալացվել էին: Այս փաստով քրեական գործ էր հարուցվել: Մկոյանները բացատրում էին, որ ծեծկռտուքը տեղի էր ունեցել նախօրեին ՄԱՇ-ի ակտիվիստների կողմից կատարված սադրանքների պատճառով: