Ջավախքում բնակչության մեծամասնությունը չի փորձում տեղում սեփական բիզնեսը ստեղծել, նրանք նախընտրում են ապրուստի միջոց որոնել այլ երկրներում: Բայց կրեատիվ ու այլընտրանքային մտածող մարդիկ ու հաջողած բիզնեսները կան: Վերջին տարիներին պետությունը ոլորտը քաջալերող ծրագրեր է իրականացնում, սակայն եկամուտ ստացողները դեռ եզակիներն են:

Ցանկացած նպատակի հասնելու համար հարկավոր է որոշակի ճանապարհ անցնել: Նույնն էլ բիզնեսի պարագայում է, որի յուրաքանչյուր ձեռքբերմանը տասնյակ անհաջողություններ ու ձախողումներ են նախորդում: Ախալքալաքում ու Նինոծմինդայում դեռ հույսերը չեն կապում և որպես հիմնական եկամուտ բիզնեսը չեն տեսնում:

srjarany

«Ցավոք սրտի մեր կրթված երիտասարդները գնում են Ռուսաստան աշխատանքի և կորցնում են իրենց մասնագիտությունը»,- ասում է Ախալքալաքի տեղական զարգացման Խմբի (LAG) նախագծերի կոորդինատոր Սերգեյ Շախբեկյանը:

«Family-corner»-ը ձեռնոց է նետում խոպանին

Գանձա գյուղում հիմնադրված «Ընտանեկան անկյուն» սրճարանը ձեռնոց է նետում ոչ միայն գործազրկությանը, այլ նաև մոդայիկ խոպանին ու արտագաղթին: Այստեղ բացի սովորական բիզնեսից մտածում են տարբեր գաղափարների իրականացման մասին:

Սամվել Մարգարյանը 1996 թ.-ին գնում է խոպան, հետ վերադառնալուն պես, որոշում է տեղում սեփական ուժերով ապրուստ վաստակել:

Վերջինս ցավով է նշում, որ այսօր Ջավախքի ամենամեծ խնդիրները խոպանի հետևանքով են. «Գործ կա, աշխատող է պետք: Մեզանում վատ հոգեբանություն կա, ուրեմն երիտասարդը ով դպրոցն ավարտելուն պես խոպան է գնում, հետ է գալիս ու ինքը չտեսած սկսում է ընկերներին պատմել, որ Ռուսաստանը լավ տեղ է, այնտեղ կյանք կա: Երեխաները դպրոցը չավարտած մտածում են գնալու մասին, ես միշտ ապացուցել եմ և կռվել երիտասարդների հետ, որ դա սխալ կյանք է: Տեղում չեն ուզում աշխատել, այստեղ աշխատելը կարծես ամոթ է, մերոնք այդպիսին են»:

Samvel

Սամվել Մարգարյանը դեռ 1996 թվականին հայրենի գյուղում դեղատուն է հիմնել, իր առաջին բիզնեսը պարտքով է սկսել, ռիսկի է դիմել ու աշխատել: Վերջինս վստահ է, մարդ ինչ էլ, որ ձեռնարկի և աշխատի անպայման հաջողության կհասնի: Այսօր արդեն Սամվելը սրճարանային անսովոր բիզնես է սկսել: Ասում է՝ միտքն է առաջնայինը ու հետաքրքրությունը սկսած գործի նկատմամբ:

Սամվել Մարգարյանը բիզնեսն սկսելու համար «Արտադրիր Վրաստանում» ծրագրով 15 000 լարի դրամական աջակցություն է ստացել պետությունից: Այսօր արդեն երկրորդ հարկն է կառուցում՝ ընդլայնելով գործնեության շրջանակները:

Hasmik and Samvel srjaran

Բիզնեսին աջակցող ծրագրերը Ախալքալաքում և Նինոծմինդայում

«Արտադրիր Վրաստանում» փոքր և միջին ձեռնարկատիրությունը զարգացնող պետական ծրագիրը գործում է 2015 թվականից: Մինչ օրս իրականացվել է 7 847 բիզնես ծրագիր, ընդհանուր 38 656 511 լարի արժողությամբ: Իսկ Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջանից ֆինանսավորվել է ընդամենը 79 ծրագիր, ընդհանուր 558 133 լարի դրամաշնորհով (Ներկայացված թվերը ներառում են 2015 թ.-ից մինչ 2017 թ.-ը, իսկ 2018 թվականի տվյալները չեն ներկայացրեք):

Ախալքալաքի տեղական զարգացման Խումբը (LAG) 2018 թվականին ընդհանուր մոտավոր 1 մլն լարիի արժողությամբ դրամաշնորհային նախագծեր է ֆինանսավորում: Հայտարարված նախագծերի ընդունելությանը ներկայացվել է 126 նախագիծ, որից մոտավոր 20 նախագիծ ֆինանսավորում կստանա:

Վրաստանի հասարակական գործերի ինստիտուտի Գյուղատնտեսության զարգացման բաժինը՝ (GIPA/GRDD) իրագործում է «Գյուղի զարգացման նոր մոտեցման աջակցությունը Ախալքալաքում» նախագիծը: Նախագծի գործընկերներն են՝ Mercy Corps-ը, ELVA – հասարակական ներգրավվածությունը եւ Արեւմտյան Կորկի զարգացման համագործակցությունը: Նախագիծը ֆինանսավորվել է` Եվրամիության Վրաստանի գյուղատնտեսության զարգացման հարեւանական նախագծի (ENPARD)-ի շրջանակներում:

Ոլորտի մասնագետները համարում են, որ բիզնեսի զարգացման խանգարող հանգամանք է նաև մարդկանց վերաբերմունքը:

«Իմ կարծիքով մերոնք պետք է իրենց աշխատաոճը փոխեն, շատ կարևոր նշանակություն ունի դիզայնը, նույնիսկ բոլոր կառույցները իրար նման են, սա ցույց է տալիս մեր բնավորությունը, մենք սիրում ենք նույն բանն անել, ինչ-որ հարևանն է անում, իսկ բիզնեսը սիրում է առանձնահատուկ մոտեցում», – ասում է Սամցխե-Ջավախքում «Արտադրիր Վրաստանում» ծրագրի Ախալքալաքի կոորդինատոր Վաղարշ Շախբեկյանը:

Հնարավոր է, և պետք է փորձել, որևէ նորույթ կամ հին մի բան, բայց արդեն ինչ-որ բան նորովի կիրառելով, քանի որ տարբերվելով ես առանձնահատուկ դառնում, և գնորդի վրա տպավորություն գործում: Այս փիլիսոփայությամբ առաջնորդվելով գյուղատնտես Եղիշե Աղաջանյանը ավանդական կարտոֆիլի փոխարեն կտավատ է աճեցնում:

«Բանան չենք աճեցնում, որ վախենանք, ընդամենը կտավատ ենք ցանել»

Կտավատի բերքը հաջողվեց, հիմա Եղիշեն մտածում է դրա վերամշակման բիզնեսի զարգացման և այլ այլընտրանքային մշակաբույսերի աճեցման մասին:

Եղիշը նախքան կտավատ ցանելն իր փոքրիկ ուսումնասիրությունն է արել, մշակաբույսի օգտակարությունից մինչև արտահանման շուկան:

Կտավատի յուղատու տեսակն աճեցրել է իր տնամերձ հողամասում. «Առաջին փորձն է ու արդարացված: Սա փորձ էր՝ զուտ մեր տարածաշրջանի մարդկանց ցույց տալու ու ապացուցելու, որ կարող են մշակել ոչ ավանդական մշակաբույս ու ավելի շատ եկամուտ ստանալ: Վախենալ պետք չէ, եթե մարդ ցանում է, որ օգուտ ստանա, բնական է, նա ձգտում է այնպիսի կուլտուրա աճեցնել, որ հնարավորինս շատ օգուտ ստանա»,- ասում է Եղիշեն:

Որոշել է ոչ ավանդական բիզնեսով զբաղվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կտավատի ձեթը պահանջարկ ունի Վրաստանում, բավականին թանկ է և հիմնականում ներկրվում է այլ երկրներից: Փոխարենն ինքը կարող է հարևան Թուրքիա արտահանել:

petak-ktavat

Վաղարշակ Շախբեկյանը գտնում է, որ բիզնեսում հաջողելու համար ոչ թե գումարն է կարևոր, այլ՝ գաղափարը:

«Շատ անգամ խնդիրներ են առաջանում քանի-որ մարդիկ մտածում են բիզնեսի համար գումար է պետք, բայց պետք է առաջինը բիզնես մտածելակերպ ունենալ և անելիքները հստակ պատկերացնել: Շատ բիզնեսմեններ գնումներ են կատարում ոչ բիզնեսի հետ կապված, դրա համար չեն զարգանում: Եթե բիզնեսը չի զարգանում ինքը մեռնում է»,- ասում է Վաղարշակ Շախբեկյանը:

Ի նկատի ունենալով շրջանի բնակլիմայական առանձնահատկությունները Նադիմ Աբաշիձեն ռիսկի է դիմել և ծովի մակերևույթից 1700 մետր բարձրության վրա ելակի դաշտեր է հիմել:

Ելակի բիզնես 1800 մետր բարձրության վրա

Մեկ տարի առաջ Նադիմը մտածել է, հավատացել ինքն իրեն և սկսել ելակի բիզնես: Այսօր արդեն բերքն է հավաքում: Դժվարություններ կան, սակայն միշտ փնտրում է նոր մոտեցումներ խնդիրները հաղթահարելու ու բիզնեսը զարգացնելու համար:

Ախալքալաքի շրջանի Պտենա գյուղում Նադիմ Աբաշիձեն ելակ է մշակում: Բերքն առանց որևէ խնդրի իրացնում է Ախալքալաքի շուկայում:

Շնորհիվ նոր բիզնեսի, գյուղաբնակ 5 կանայք մշտական աշխատանք ունեն: Նրանք տիրապետում են ելակի մշակման բոլոր նրբություններին:

Նադիմ Աբաշիձեն եղածով չի բավարարվում և արդեն մտածում է ելակի բիզնեսն ընդարձակելու մասին: Նա արդեն աշխատանք է տանում ելակի սածիլներ մշակելու և դաշտերն ընդլայնելու ուղղությամբ:

«Ես ուզում եմ, որ Ախալքալաքի շրջանը չընկալեն միայն կարտոֆիլ մշակող, մեր հողերը բերրի են և ամեն ինչ աճում է: Բնակլիմայական պայմանները շատ հարմար են տարբեր մշակաբույսեր աճեցնելու համար», – ասաց ելակ մշակող Նադիմ Աբաշիձեն:

Տեղական բիզնեսը երկու կարևոր առանձնահատկություն ունի: Ոլորտի մասնագետները մատնանշում են.

Առաջինը՝ մերոնք պարտաճանաչ են, եթե մի բան ձեռնարկում են, ապա մինչև վերջ իրագործում են:

Երկրորդը՝ մերոնք թրեյնինգների չեն ուզում մասնակցել:

Չնայած, որ Ջավախքի բնակչությունը դեռ բիզնես մտածելակերպով չի առաջնորդվում, բայց վերոնշյալ հաջողած պատմությունները խոսում են հուսադրող հեռանկարների մասին:

Աղունիկ Այվազյան
Անի Մինասյան