Չնայած այն հանգամանքին, որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել, բայց COVID-19-ը մեծապես ազդել է բնակչության կյանքի վրա՝ փակելով արտերկրում սեզոնային վաստակի ուղիները: Բալխո գյուղից նույնպես չեն կարողացել մեկնել խոպան՝ արտագնա աշխատանքի, որտեղ կարտոֆիլի աճեցման համար ընդարձակ հողամասեր և անասնապահության համար մեծ արոտավայրեր չունեն:

Լեռներում պատսպարված, հեռավոր Բալխո գյուղը շարունակում է կյանքը՝ իր առօրյա հոգսերով, իսկ դրանք այստեղ բավականին շատ են: Ինչպես ասում են տեղացիները, կյանքն այստեղ կանգ է առել, ոչինչ չի փոխվել, և դեպի լավը առաջխաղացում չկա:

Գյուղի կենտրոնում, ինչպես և Ախալքալաքի բոլոր գյուղերում, տղամարդիկ հավաքվել և քննարկում են ամեն ինչ՝ քաղաքականությունից սկսած մինչև վերջերս արդիական դարձած կորոնավիրուսի թեման և այն ամենը, ինչ կատարվում է գյուղում: Փոքր ինչ այն կողմ շինարարություն է ընթանում, տղամարդիկ այս տարի հիմնականում մնացել են տանը՝ չհասցնելով մեկնել խոպան:

«Այս տարի մենք չենք գնալու խոպան, ի՞նչ ենք անելու: Ոչինչ: Մենք ահա այսպես խաղալու ենք», – ասում են բնակիչները՝ շարունակելով գցել նարդու զարը, և բարձրաձայն շխկացնել դոմինոն սեղանին:

Մնացածը նույնպես խոսքի են բռնկվում, և սկսվում է դժգոհությունը, բոլորը հիշում են գյուղի խնդիրները և միաձայն սկսում են պատմել դրանց մասին: Ում ձայնն ավելի բարձր է, նա էլ հաղթում է:

«Ո՞ւր են գնում այդ միլիոնները: Դրանց մասին մենք տեղեկանում ենք լրատվամիջոցներից, իսկ ինչի՞ վրա են դրանք ծախսվում, ինչ-որ մեկը գիտի՞», – հարցնում են գյուղացիները այն օգնության մասին, որը ստանում է Վրաստանը համավարակի ընթացքում:

Բալխոյում, ինչպես ցանկացած այլ տեղ, բնակիչները կարծում են, որ ոչ ոք նրանց մասին հոգ չի տանում, և չկա մեկը, ով մտածում է նրանց մասին՝ սկսած տեղական իշխանություններից, վերջացրած կենտրոնականով:

Balxo2

Balxo10

Հոռետեսական տրամադրությունն այս տարի զգացվում է գրեթե ամենուր: Գյուղերի համար անսովոր շատ մարդիկ են մնացել այնտեղ: Կանայք ուրախ են, էլ ե՞րբ ամուսիններն ամռանը կլինեն ընտանիքի հետ՝ տանը: Ընտանիքներում էլ մտածում են, թե ինչպես են այս տարի գոյատևելու առանց Ռուսաստանից ուղարկված գումարների: Բարեբախտաբար, շատ գյուղերում կան վարելահողեր, որտեղ կարելի է կարտոֆիլ և այլ բանջարեղեն ցանել, և գոյատևել՝ վաճառելով բերքը, բայց այստեղ էլ Բալխոյի բնակիչների բախտը չի բերել:

«Մոտակայքում մենք հողամասեր չունենք: Մեր հողերը Հոկամի տարածքում են: Հեռավորության պատճառով մենք դրանք չենք մշակում: Մենք ունենք արոտավայրեր, և հիմնականում կով ենք պահում, բայց արոտավայրերը նույնպես շատ չեն: Շրջանում ամենաաղքատ գյուղը մեր գյուղն է», – ասում են բնակիչները՝ ընդհատելով միմյանց:

Balxo3

Balxo5

Գյուղացիները լայնածավալ խնդիրներից տեղափոխվում են տեղական խնդիրները բարձրաձայնելուն: Երիտասարդության համար ոչինչ չկա, նրանք զբաղմունք չունեն: Երեխաների համար էլ ոչինչ չկա: Լեռներում` գեղեցիկ ալպյան բնաշխարհում Բալխոյի բնակիչների համար կյանքը միապաղաղ է և անհետաքրքիր:

Balxo6

«Գյուղում ոչինչ չկա: Գոնե ինչ-որ բան անեին երեխաների համար, գոնե մանկապարտեզ լիներ, որպեսզի երեխաներն անգրագետ չմեծանային: Բալխոն ոչինչ չունի: Որևէ հնարավորություն չկա», – ասում է երեխայի հետ կանգնած երիտասարդ կինը:

Մյուսներն էլ դժգոհում են խորդուբորդ ճանապարհից:

«Ասֆալտը փռվել է մինչև հարևան Գոման, իսկ մինչև մեզ փող չկա: Քանի որ գյուղը փակուղային է, ուրեմն այստեղ մարդիկ չեն ապրո՞ւմ» , – վրդովվում են գյուղացիները՝ մանրամասն պատմելով, թե որքան դժվար է նրանց համար:

Անձրևոտ եղանակին ինչպես մեքենաները, այնպես էլ մարդիկ խրվում են ցեխի մեջ, իսկ չոր եղանակին անհանգստացնում է փոշին:

Balxo7

Balxo8

Չնայած գեղեցիկ լեռնային բնաշխարհին, բազմաթիվ պատմական և առեղծվածային վայրերին, զբոսաշրջիկները հազվադեպ են գալիս Բալխո: Այստեղ չեն էլ մտածում զբոսաշրջության մասին:

Թեև մի բանի մասին այստեղ հաճախ են մտածում. «Եթե այսպես շարունակվի, մենք դանդաղ կլքենք գյուղը»:

Balxo9

Քրիստինե Մարաբյան