Մասնագիտությամբ գյուղատնտես Եղիշե Աղաջանյանը Ախալքալաքի շրջանի Կիրովական գյուղում զբաղվում է շրջանի համար ոչ ավանդական համարվող կտավատի աճեցմամբ և ձեթի արտադրությամբ: Կտավատի բերքը հաջողվեց, հիմա Եղիշեն մտածում է դրա վերամշակման բիզնեսի զարգացման և այլ այլընտրանքային մշակաբույսերի աճեցման մասին:

«Կտավատը շատ հարմար մշակաբույս է, ցրտահարությունից չի տուժում, ջրել պետք չէ, չի փչանում, հիմնական աշխատանքը ցանքն է ու քաղհանը: Մեր հողերում հրաշալի աճում է: Սովետի ժամանակ Ախալքալաքում կտավատ էին մշակում և արտահանում, չգիտես ինչու մեր մոտ տարածված է միայն կարտոֆիլի մշակմամբ զբաղվել»,- ասում է Եղիշեն:

dhast

Եղիշեն նախքան կտավատ ցանելն իր փոքրիկ ուսումնասիրությունն է արել, մշակաբույսի օգտակարությունից մինչև արտահանման շուկան:

«Ես ուսումնասիրել եմ, սա դեղորայք է և որևէ հակացուցում չունի: Այսինքն՝ մենք ունենք մի կուլտուրա, որն ամեն ինչին լավ է, անընդհատ կարելի է օգտագործել: Ճիշտ է ինքը թանկ է, բայց 1 լիտր ձեթը բավարար է մարդուն մեկ ամբողջ տարի, թանկ է դրա համար սննդի մեջ մեզանում լայն գործածություն չունի»,- նշում է գյուղատնտեսը:

Եվ միաժամանակ հավելում, որ էկոլոգիապես բացարձակ մաքուր արտադրանք է, առանց որևէ քիմիական հավելումների, վկայութունը՝ դաշտում աշխատող մեղուներն են:

petak-ktavat

Կտավատի յուղատու տեսակն աճեցրել է իր տնամերձ հողամասում. «Առաջին փորձն է ու արդարացված: Սա փորձ էր՝ զուտ մեր տարածաշրջանի մարդկանց ցույց տալու ու ապացուցելու, որ կարող են մշակել ոչ ավանդական մշակաբույս ու ավելի շատ եկամուտ ստանալ: Վախենալ պետք չէ, եթե մարդ ցանում է, որ օգուտ ստանա, բնական է, նա ձգտում է այնպիսի կուլտուրա աճեցնել, որ հնարավորինս շատ օգուտ ստանա»,- ասում է Եղիշեն:

Egish ktavati dasht

Եղիշե Աղաջանյանը կտավատ աճեցնելիս որևէ դժվարության չի հանդիպել: Ասում է՝ ավանդական հացահատիկային մշակաբույսերի մշակման նույն եղանակն ունի, պարզապես մարդիկ վախենում են կամ ալարում նոր բան մտածել, վախենալով, որ բերքը չի ստացվի կամ չեն կարողանա իրացնել:

Կտավատի աճեցմանը զուգահեռ վերջինս ցանում է նաև Ախալքալաքում ավանդական կարտոֆիլն ու հացահատիկը: Որոշել է ոչ ավանդական բիզնեսով զբաղվել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կտավատի ձեթը պահանջարկ ունի Վրաստանում, բավականին թանկ է և հիմնականում ներկրվում է այլ երկրներից: Փոխարենն ինքը կարող է հարևան Թուրքիա արտահանել:

«Ես ցանել եմ 1,20 հա հողատարածքի վրա: Սկզբնական շրջանում որպեսզի սերմացու ունենամ և բացի դրանից ձեթի արտադրություն հիմնեմ: Իմ մոտեցումն այսպիսին է՝ եթե ուզում է, հենց գնորդի աչքի դիմաց ձեթը կքամենք, որ ինքը որևէ կասկած չունենա, վստահ լինի, որ մաքուր արտադրանք է: Պահանջարկը մեծ է հատկապես հարևան Թուրքիայում, այնտեղ ամեն մի կերակրատեսակի մեջ օգտագործում են: Արդեն մյուս տարի հիմնական շեշտադրումը կդնեմ արտահանման վրա»,- պատմում է Եղիշե Աղաջանյանը, ով խորհրդային միության փլուզումից հետո Ախալքալաքում առաջին անգամ սկսել է կտավատ մշակել:

caxiky

Կարծում է՝ գյուղացիները պետք է փորձեն նոր մշակաբույսերի աճեցմամբ զբաղվել և առավել մեծ եկամուտ ստանալ: Հույս ունի, որ հաջորդ տարվանից գյուղացիների գոնե 15 տոկոսը կսկսի կտավատ աճեցնել: Այս տարվա հաջողված փորձից հետո, Եղիշը մյուս տարի ոչ ավանդական այլ մշակաբույսի աճեցման փորձ կանի:

«Կարիքը ստիպեց մտածեցինք ալտերնատիվ տարբերակ: Ես դեմ չեմ, որ նորից մշակենք հացահատիկային մշակաբույսերը, բացի սրանից ես ոսպ եմ ցանել և պատրաստվում եմ մյուս տարվանից տարեկանի հաց արտադրել»:

ktavati serm