Մեծ Սամսար գյուղում բնակվող Վարդուշ Հարությունյանը միայնակ է ապրում, նա հաշմանդամություն ունի և չի կարողանում ազատ տեղաշարժվել և աշխատել: Գոյատևում է պետությունից տրվող 50 լարիով ու բարեսիրտ գյուղացիների օգնությամբ:

Ծնողների մահվանից հետո, արդեն 16 տարի է Վարդուշը միայնակ է ապրում: Տունը, որտեղ բնակվում է Վարդուշ Հարությունյանը, կիսաքանդ վիճակում է: Կախված առաստաղի, որը տեղ-տեղ սյուներով է ամրացված, ու գորշ պատերի ներսում կյանքը նրա համար դարձել է բանտարկություն:

Vard

Վարդուշը նույնիսկ կատակում է. «Հենց անձրև է գալիս ուրախանում եմ, ուրեմն բանտում չեմ: Տունս քանդվում է, ամեն առավոտ աչքերս բացում եմ ու Աստծուն փառք տալիս, որ վրաս չի փլվել: Երկու տարի առաջ հրդեհ եղավ, հազիվ փրկվեցի: Ապրելու տեղ չէ, բայց ապրում եմ, իսկական բանտախուց է: Մեր գյուղի որբն էլ ես եմ, ով ինչով կարողանում օգնում է»:

Ավելացնելով, որ ինքը ևս լավություն է անում. «Ես էլ աղոթում եմ մարդկանց համար, խորհուրդներ եմ տալիս ժողովրդին: Մայրս ասում էր՝ բարությամբ հաղթիր մարդուն»,- ասում է Վարդուշ Հարությունյանը:

Harutyunyan Vardush

58 տարեկան Վարդուշին Մեծ Սամսարում բոլորն են ճանաչում: Մեծից մինչև փոքր գյուղում նրան դիմելիս Վարդուշ հորքուր են ասում: Այս դիմելաձևից ինքը շոյված է՝ «ուրեմն շատ են սիրում», – այսպես է մեկնաբանում նա:

Երիտասարդ տարիներին դժբախտ պատահարի պատճառով հաշմանդամ է դարձել, այդպես էլ չի ամուսնացել: Ոտքերն են ջարդվել, վնասվել է ողնաշարը, ինչից հետո չի կարողանում նորմալ քայլել ու կռանալ: Ծառի ճյուղը նրան որպես հենարան է ծառայում, որի օգնությամբ է միայն կարողանում տեղաշարժվել:

amanexen

Պետությունից հաշմանդամության համար ամսական 50 լարի է ստանում, որը նույնիսկ դեղորայքի չի բավարարում:

«50-60 լարի օգնություն եմ ստանում, դա ինչ փող է, ձեռքդ չանցած վերջանում է: Դիմել եմ քաղաքապետարան, որ մի բան անեն, գոնե տունս կարգի բերեն, հնարավոր լինի ապրել»,- ասաց Վարդուշ Հարությունյանը:

Ախալքալաքի քաղաքապետարանի Սոցիալական բաժնից տեղեկացանք, որ նրա դիմումին ընթացք է տրվել, և շուտով Վարդուշ Հարությունյանին միանվագ օգնություն կհատկացվի առաստաղն ամրացնելու համար:

Vardush Harutyunyan

Աղունիկ Այվազյան