Խտրկանության հետ կապված և ատելության պատճառով կատարված հանցագործությունները Վրաստանում շարունակում են խնդիր լինել, նշված է Եվրախորհրդի հետազոտությունում:
Խտրկանությունը, ատելության պատճառով կատարված հանցագործությունները Վրաստանում շարունակում են խնդիր լինել, նշված է Հանդուրժողականության օրվա կապակցությամբ Եվրախորհրդի հրապարակած հետազոտությունում։ Այն հետազոտել է խտրականության և ատելության լեզվի հանդեպ հասարակության վերաբերմունքը։ «Ռեսուրսների ուսումնասիրման կովկասյան կենտրոնի» (CRRC-Վրաստան) անցկացրած հետազոտության համաձայն՝ բնակչության զգալի մասը (36%) բազմազանությունը սեփական երկրի համար վնասակար է համարում։ 43%-ը կարծում է, որ փոքրամասնությունները փողոցում ցույցի միջոցով բողոք հայտնելու իրավունք չունեն։
Հետազոտությունն անցկացվել է 2018թ-ի օգոստոսին։
Բազմազանությունը՝ որպես ավանդույթների թշնամի
Հետազոտության ընթացքում պարզվել է, որ բնակչության 36%-ը կարծում է, որ բազմազանությունը բացասաբար է ազդում երկի վրա և շատ վտանգավոր է վրացական մշակույթի և ավանդույթների համար։
Վրաստանում ամենաշատը չեն հանդուրժում ԼԳԲՏ ներկայացուցիչներին
Վրաստանում առավել դրական վերաբերմունք կա սահմանափակ կարողություններով անձանց նկատմամբ, իսկ առավել բացասական՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ։ Հարցվածների մեծ մասը բացասաբար է վերաբերվում ոչ եվրոպական երկրներից եկած միգրանտներին։
Հանդուրժողականության ամենացածր մակարդակը գրանցվել է ԼԳԲՏ համայնքի հանդեպ։ Միասեռականների հետ ոչ միայն անձնական, այլև գործնական հարաբերություններ չի ցանկանում ունենալ հարցվածների 70%-ը։ Եվ միայն 22%-ն է պատրաստ մարդկային հարաբերությունների։
Հարցման ընթացքում մարդկանց խնդրել են նշել այն խմբերի ներկայացուցիչներին, որոնց նրանք չէին ցանկանա տեսնել որպես իրենց հարևան։ 67%-ը կտրականապես դեմ է թմրամոլներին։ Նույնքան մարդ չի ցանկանում շփում ունենալ քրեական աշխարհի մարդկանց հետ։ ԼԳԲՏ-համայնքի ներկայացուցիչների հետ հարևանություն անելուն դեմ է արտահայտվել հարցվածների 54%-ը։ Առավել հանդուրժող վերաբերմունք կա սահմանափակ կարողություններով անձանց հանդեպ. նրանց դեմ է արտահայտվել հարցվածների միայն 1%-ը։
Վրացիների մեծ մասը որպես բիզնես-գործընկեր ցանկանում է տեսնել ռուսներին և ամերիկացիներին
Այն հարցին, թե որ խմբի անձանց հետ են առավել ընդունելի գործնական հարաբերություններն, ամենաշատ ձայն են հավաքել սահմանափակ հնարավորություններով անձինք։
Ըստ ազգային հատկանիշի վրացիները նախընտրում է բիզնես անել ռուսների և ամերիկացիների հետ՝ մինչև 80%։ Աֆրիկացիների հետ՝ 54%, միասեռականների հետ պատրաստ է բիզնես անել հարցվածների 22 տոկոսը միայն։
Վրաստանի քաղաքացիները տարրական իրազեկվածություն չունեն մարդու իրավունքների վերաբերյալ
Հարցվածների 43%-ը կարծում է, որ, ըստ օրենսդրության, փոքրամասնությունները բողոք արտահայտելու իրավունք չունեն, 39%-ը կարծում է, որ փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրավունք չունեն ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրելու, 36 տոկոսը կարծում է, որ օրենքը փոքրամասնություներին արգելում է մասնակցել պետության համար կարևոր որոշումների ընդունմանը, 25%-ն էլ ընդհանրապես մտածում է, որ փոքրամասնությունները չեն կարող մասնակցել ընտրություններին և քվեարկել։
Երիտասարդությունն ավելի հանդուրժող է, իսկ հասարակության կանանց հատվածն այնքան էլ կազմավորված հայացքներ չունի
Հարցվածների շրջանում հանդուրժողականության միջին ցուցանիշը 18-23 տարեկանում կազմել է 16 տոկոս։ Որքան մարդն ավելի մեծ է, այդ ցուցանիշն այնքան ավելի ցածր է։
Պարզվել է նաև, որ ԼԳԲՏ համայնքի իրավունքների հանդեպ ամենաերկակի և չձևավորված դիրքորոշում ունի բնակչության կանանց հատվածը։ Այդ պատճառով էլ հետազոտության հեղինակները կարծում են, որ կանանց խմբերն ավելի հարմարվողական են փոփոխություններին, և նրանց հետ տարված աշխատանքն ավելի արդյունավետ է, քան բնակչության այլ խմբերի հետ։ ԼԳԲՏ համայնքի հանդեպ հարաբերականորեն չձևավորված դիրքորոշում ունեն գյուղի բնակիչներն ու հայերը։
ԼԳԲՏ ներկայացուցիչների հանդեպ վրացիների ոչ լավ վերաբերմունքի մի քանի պատճառ
Հետազոտության հեղինակների նպատակներից մեկն ԼԳԲՏ ներկայացուցիչների հանդեպ վրացիների կոշտ և բացասական վերաբերմունքի պատճառը պարզելն էր։
Պատասխան ստանալու համար երկու ֆոկուս-խումբ էր ձևավորվել, որոնք կազմված էին էթնիկ վրացիներից։
Հետազոտության հեղինակների խոսքով՝ առավել հաճախ են ստացվել պատասխաններ, որ ԼԳԲՏ ներկայացուցիչները չպետք է անհանգստացնեն հասարակությանը, կամ հետերասեքսուալների իրավունքները չպետք է ոտնահարվեն։
Գրանցվել են նաև պատասխաններ, որ ԼԳԲՏ ներկայացուցիչները չպետք է պրոպագանդեն իրենց կենսաձևը։ Որոշ հարցվածներ մտավախություն էին հայտնել, որ այդ պրոպագանդան նպաստում է միասեռականության տարածմանը։ Նրանք չեն հավատում, որ մարդը կարող է միասեռական ծնվել։
Եվս մեկ վտանգ, որի մասին խոսում էին ֆոկուս-խմբի մասնակիցները, հասարակության կրոնական և ավանդական բարքերի հանդեպ ոտնձգությունն է։ Նրանք ընդգծել են վրացական հասարակության կրոնապաշտւթյունն ու ավանդապաշտությունը, ինչին ԼԳԲՏ համայնքը պետք է հարգանքով վերաբերվի։
Ըստ հետազոտության հեղինակների՝ տղամարդկանցից բաղկացած ֆոկուս-խմբերը նշել են, որ ԼԳԲՏ համայնքը չպետք է պահանջի սեփական իրավունքների պաշտպանություն՝ դա ոչ լեգիտիմ անվանելով։
«Նրանք հայտարարում են, որ ա) ԼԳԲՏ համայնքը փող է ստանում իր իրավունքների պաշտպանության համար ակցիաների կազմակերպման համար, բ) արևմտյան կազմակերպություններն ու կառավարություններն արհեստականորեն օրակարգ են մտցնում և արդիականացնում ԼԳԲՏ համայնքի իրավունքների հարցը», – հաշվետվությունում այսպիսի պատասխան էլ կա։
Մեծ մասը տեղյակ չէ փոքրամասնությունների խնդիրների մասին
Մեծամասնության խմբերը կշտամբանք են ստանում, որ անտարբեր են վերաբերվում, իսկ հաճախ՝ նույնիսկ ընդհանրապես ոչինչ չգիտեն փոքրամասնությունների խնդիրների մասին։
Օրինակ, ուղղափառների 44%-ը կարծում է, որ կրոնական փոքրամասնությունները ոչ մի խնդիր չունեն։ Այն դեպքում, երբ մուսուլմանների միայն 17%-ն է կարծում, որ Վրաստանում կրոնական հողի վրա խնդիրներ չկան։
Հարցված տղամարդկանց 41%-ը կարծում է, որ Վրաստանում կանայք խուսափում են խնդիրների մեծ մասից միայն այն պատճառով, որ կին են։ Այդ կարծիքի հետ համամիտ է հարցված կանանց միայն 28%-ը։ Նրանք «հիշել են» ընտանեկան բռնության, սեռական հատկանիշով խտրականությունների մասին, իսկ կրոնական փոքրամասնություններն այնպիսի խնդիրներ են նշել, ինչպիսին ատելության լեզուն և աշխատաշուկայում խտրականության առկայությունն է։
Վրացիները, որոնք կարծում են, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները բողոքելու տեղ չունեն, երեք անգամ ավելի շատ են, քան հայերն ու ադրբեջանցիները՝ համապատասխանաբար 29 տոկոսն՝ ընդդեմ 10 և 12 տոկոսի։
Հոդվածը՝ Jam-news