Ախալքալաքի շրջանի սահմանամերձ Կարծախ գյուղում մանկապարտեզ է կառուցվում: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:
Նոր կառոցվող մանկապարտեզում նախադպրոցական կրթություն կարող է ստանալ ավելի քան 50 երեխա: Կառուցվում է նաև կաթսայատուն և ջեռուցման համակարգ, խստաշունչ ձմռան ամիսներին հարմարավետ պայմաններ ապահովելու համար:
Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի մանկապարտեզի շինարարական աշխատանքներն արդեն սկսված են, հիմքը՝ լցված: Շենքի արտաքին ու ներքին հարդարումը, կաթսայատան կառուցումն ու տարածքի բարեկարգումն ավարտելուց հետո, աշնանը, նորակառույցը դռները կբացի համայնքի 50 փոքրիկների առջև:
Մանկապարտեզը կլինի միհարկանի կառույց, որը կունենա 2 խաղասենյակ, դահլիճ, ճաշարան, խոհանոց և սանհանգույց:
Կարծախ գյուղն ունի շուրջ 1200 բնակիչ, տարեկան միջինը 15 պսակ է լինում գյուղում: Ախալքալաքի շրջանայն ժողովի պատգամավոր Աբրահամ Կարապետյանի խոսքով՝ գյուղում տարեցտարի ավելանում է ծնունդների թիվը, և այս գյուղում մանկապարտեզի խիստ կարիք կար:
«Շատ լավ է, որ վերջապես մեր գյուղում մանկապարտեզ է կառուցվում, ոչ ոք հնարավորություն չունի օրական 60 կմ անցնել և իր երեխային քաղաք մանկապարտեզ տանելու համար: Գոնե երեխաները ինչ-որ բան սովորած դպրոց կգնան, փողոցից կկտրվեն: Մանկապարտեզի կառուցումը խթան կհանդիսանա, որ մարդիկ չարտագաղթեն գյուղից»,- ասում է Կարծախ գյուղից ընտրված պատգամավոր Աբրահամ Կարապետյանը:
Կարծախի մանկապարտեզի շինարարությունն իրականացվում է Ախալքալաքի շրջանային բյուջեի միջոցներով: Շինարարական աշխատանքների կատարման էլեկտրոնային մրցույթը հաղթել է «Քրիստինե Սարաշվիլի – Տատո» անհատ ձեռներեցը:
Էլեկտրոնային մրցույթին մասնակցել են երեք ընկերություն, նախնական գումարը կազմել է 280 795, սակայն 218 193 լարիով տենդերը հաղթել է «Քրիստինե Սարաշվիլի – Տատո»-ն:
Վերջինս պարտավորվել է 2017 թվականի հունիսի 20-ից մինչև սեպտեմբերի 19-ն ընկած ժամանակահատվածում ավարտին հասցնել մանկապարտեզի շինարարությունը:
Աղունիկ Այվազյան