Գանձա գյուղում հիմնադրված «Ընտանեկան անկյուն» սրճարանը ձեռնոց է նետում ոչ միայն գործազրկությանը, այլ նաև մոդայիկ խոպանին ու արտագաղթին: Այստեղ բացի սովորական բիզնեսից մտածում են տարբեր գաղափարների իրականացման մասին:
Ուղիղ մեկ տարի առաջ Սամվել և Հասմիկ Մարգարյաններն իրենց հերթական գաղափարին միս ու արյուն տալով սկսում են սրճարան կառուցել Նինոծմինդայից 22 կմ հեռավորության վրա գտնվող Գանձա գյուղում, Թբիլիսի տանող ճանապարհին:
«Ամեն ինչ մենք ենք արել, ընտանիքով ենք աշխատում: Սա մտածված քայլ էր, օրինակով ցույց տալ, թե ինչպես է կարելի գումար աշխատել տեղում: Ինչպես բոլորը, այնպես էլ` ես, երբ խորհրդային միությունը փլուզվեց, խոպան գնացի: Բայց ընտանիքի կարոտն ու սերը հետ բերեց, 1996 թ.-ին եմ գնացել, հետ եմ եկել ու երդվել, որ էլ երբեք չեմ գնալու: Ես պայքարում եմ, որ խոպան չգնան, թեկուզ ֆինանսական օգուտ կա, բայց դա շատ ծանր է», – ասում է Սամվելը:
Սամվել Մարգարյանը ցավով է նշում, որ այսօր Ջավախքի ամենամեծ խնդիրները խոպանի հետևանքով են. «Գործ կա, աշխատող է պետք: Մեզանում վատ հոգեբանություն կա, ուրեմն երիտասարդը ով դպրոցն ավարտելուն պես խոպան է գնում, հետ է գալիս ու ինքը չտեսած սկսում է ընկերներին պատմել, որ Ռուսաստանը լավ տեղ է, այնտեղ կյանք կա և երեխաները դպրոցը չավարտած մտածում են գնալու մասին, ես միշտ ապացուցել եմ և կռվել երիտասարդների հետ, որ դա սխալ կյանք է: Տեղում չեն ուզում աշխատել, այստեղ աշխատելը կարծես ամոթ է, մերոնք այդպիսին են»:
Սամվել Մարգարյանը դեռ 1996 թվականին հայրենի գյուղում դեղատուն է հիմնել, իր առաջին բիզնեսը պարտքով է սկսել, ռիսկի է դիմել ու աշխատել: Վերջինս վստահ է, մարդ ինչ էլ, որ ձեռնարկի և աշխատի անպայման հաջողության կհասնի: Այսօր արդեն Սամվելը սրճարանային անսովոր բիզնես է սկսել: Ասում է՝ միտքն է առաջնայինը ու հետաքրքրությունը սկսած գործի նկատմամբ:
«Մեր բիզնեսի անունը պատահական չէ ընտրված, մենք աշխատում ենք ընտանիքով: Երեխաներս ուրբաթ օրերին դասերից հետո Երևանից գալիս են և մեզ հետ աշխատում, հետո կրկին վերադառնում են դասի, ուսանող են: Կինս ամեն ինչ իր ձեռքով է պատրաստում»,- նշում է Սամվելը:
«Ընտանեկան անկյուն» սրճարանում բոլորն իրենց անելիքն ունեն բիզնեսը զարգացնելու և ընդլայնելու գործում: Սամվելի մայրն օրինակ ձեռագործ տարբեր իրեր է գործում և նվիրում այցելուներին: Սամվելը կատակում է՝ «Մայրս արդեն հասցրել է ամբողջ աշխարհով իր ձեռքի աշխատանքը փռել: Տուրիստները ուրախանում են, իսկ մայրս իրեն գնահատված է զգում»:
«Մենք ունենք մաստեր կլաս և խոհանոցի դուռը բաց է ամեն հաճախորդի համար և հաճախորդը կարող է մտնել տեսնել ինչպես են պատրաստում և ինքը պատրսատել: Սա երկու առավելություն ունի, նախ տեսնում են, որ մաքուր է և սովորում են: Գերմանացի մի զույգ էր եկել, կնոջն առաջարկեցի, որ ամուսնու համար մի բան պատրաստի, պարզվեց 20 տարվա ամուսիններ են և կինը երբեք ամուսնու համար ոչինչ չի պատրաստել: Այդտեղ բոլորս շահեկան դուրս եկանք, ես փող վաստակեցի, ամուսինը կնոջ պատրաստածը համտեսեց, կինը սովորեց եփել, մարդ ու կին իրար սիրեցին», – պատմում է սրճարանի սեփականատերը, որ գրեթե բոլոր զբոսաշրջիկների հետ նամակագրական կապ է պահպանում:
Սամվել Մարգարյանը բիզնեսն սկսելու համար «Արտադրիր Վրաստան» ծրագրով 15 000 լարի դրամական աջակցություն է ստացել պետությունից: Այսօր արդեն երկրորդ հարկն է կառուցում՝ ընդլայնելով գործնեության շրջանակները:
Մեկ տարի առաջ սկսած բիզնեսը դեռ շահույթ չի բերել Մարգարյաններին, սակայն նրանք չեն տրտնջում, ավելին վստահ են, որ հաջորդ տարվանից շահույթով են աշխատելու: Իրենց հաջողության գրավականը համարում են ընտանեկան միասնությունն ու ջերմությունը:
«Կինս հետաքրքիր աղջիկ է, նախ շատ ռիսկով է, մեր տանը չէ բառ գոյություն չունի, եթե մեկս մի բան մտածում է, մյուսն անպայման օգնում է (կինը՝ տիկին Հասմիկը ժպիտը դեմքին և լուռ լսում է ամուսնուն)»,- ասում է Սամվելը:
Սրճարանատերերը համագործակցում են Թբիլիսյան տուրիստական ընկերությունների հետ, զբոսաշրջիկներին ուղղորդելով ծանոթանալ Ջավախքի գեղատեսիլ բնությանը:
Սամվելը խոսելով դժվարությունների մասին նշում է լեզվական խոչընդոտը: «Տուրիստը հիմնականում անգլերեն է խոսում, բայց մենք այդ ուղղությամբ աշխատում ենք: Գյուղացին միշտ մի պակաս բան ունեցել է, դրա համար մենք հատուկ դասընթացներ ենք անցկացնում երեխաների հետ, սովորեցնում ենք մարդկանց հետ շփվել ու էթիկա: Մի անգամ սրճարան մտա ու երեխաներին հարցրեցի ինչպես է ուտելիքը, ասացին՝ շատ համաով, հարցրեցի՝ իսկ ո՞վ է շնորհակալ եղել խոհարարին: Բոլորը զարմացած դեմքիս էին նայում, թե մենք վճարել ենք, ինչու՞ պետք է շնորհակալ լինենք դրա համար: Մենք անընդհատ աշխատում ենք սովորեցնել, մեր երեխաները շատ խելացի են, սովորեցնող է պետք»,- նշում է սրճարանի սեփականատերը, հավելելով, որ մյուս տարվանից կսկսեն կանոնակարգված աշխատել:
Շինարարական աշխատանքների պատճառով սրճարանը չի աշխատում, սակայն տանուտերերը անուշադրության չեն մատնում պատահական այցելուներին: Նրանք բոլորի հետ լի սեղանի շուրջ զրուցում են, ընկերանում և խոստանում մյուս տարվանից ծառայությունների մի ամբողջ փաթեթ առաջարկել:
Աղունիկ Այվազյան