Կարինե Թադևոսյանը 50 տարի աշխատել է Ախալքալաքի արխիվում, հիմա արդեն արխիվի դատարկ պատերից այն կողմ, նրա համար միայն հիշողություններ են մնացել։ Դեռ չի համակերպվել արխիվի փակվելու և իր չաշխատելու մտքի հետ, սակայն փորձում է օրը լցնել թոռնիկների հետ զբաղվելով:

1972 թվականից, 16 տարեկանում Կարինեն աշխատանքի է ընդունվում արխիվում և այնտեղ աշխատում մինչև այն փակվելու վերջին օրը:

«Քույրս էր աշխատում արխիվում, հետո նա պետք է դեկրետ գնար, և կարծես թե ժամանակն էր։ Եվ մի անգամ պատահական ես նրանց մոտ էի գնացել և Թամարա Դավիդովնան ինձ տեսավ, նա այդ ժամանակ արխիվի տեսուչն էր, ասաց որերորդ դասարանում ես սովորում, ասացի, որ ավարտում եմ դպրոցս: Նա անմիջապես տնօրենին ասաց՝ «Մարգարյան մարդ էիր փնտրում, խնդրեմ աղջիկը»: Դիմումս գրեցի և եկա տուն», – պատմում է նա:

Arxiv 2008 tivԱրխիվի աշխատակիցներով, 1987 թվական

Դպրոցի ավարտական քննությունները հանձնում, և անմիջապես գործի է անցնում արխիվում, որպես կրտսեր գիտաշխատող:

Երբ նոր է ընդունվել,գործի հետ կապված դժվարություններ է ունեցել, չի կարողացել տպիչ մեքենայով արագ տեքստեր հավաքել, արտասվելով օրեր է անցկացրել, բայց հետո այնպես է հմտացել, որ ամենաարագն ինքն է եղել:

«Տպելու մեքենան դրել են դեմս, որ տեղեկանքները մեքենագրեմ՝ թխկ-թխկ, լացելով գնում եմ տուն՝ ասում, որ ես չեմ կարող, մայրիկս ասում էր՝ մի գնա, ինչո՞ւ ես լացում: Ամեն օր այդպես և ժամանակի հետ դարձա պրոֆեսիոնալ», – այսօր արդեն ժպիտը դեմքին պատմում է մեր հերոսուհին:

50 տարիների ընթացում, Ախալքալաքի արխիվը երեք շենք է փոխել: Տիկին Կարինեն աշխատել է 6 տնօրենի և մի քանի տասնյակ աշխատակիցների հետ, և ինչպես ինքն է ասում՝ ոչ մի օր լուրջ խնդիր կամ տարաձայնություն չի ունեցել։

Այնքան է սիրել իր աշխատանքը, որ մոտ 20 րոպեից կես ժամ տևող ճանապարհը, ձմեռ թե գարուն ոտքով է անցել։

arxiv 2018 tivԱրխիվի աշխատակիցներով, 2018 թվական

«Մեր մեջ ինչ-որ լուրջ խնդիր չի եղել, իրար վիրավորել, իրարից խռովել չի եղել, այդպիսի բան ես չեմ հիշում: Շատ համերաշխ կոլեկտիվ ենք եղել մինչև վերջ, հիմա արդեն հիշում ու երնեկ ենք տալիս»:

Տիկին Կարինեն ասում է՝ շենքից շենք են տեղափոխվել, բայց մի փաստաթուղթ անգամ չեն կորցրել, խնամքով հասցրել են մինչև այսօր։ Բոլոր փաստաթղթերի տեղը աչքերը փակ հիշում էր:

Ասում է՝ հնարավոր է տանը, իր դրած իրի տեղը մոռանար, բայց արխիվում ամեն ինչի տեղ հիշել է:

Հիմա, երբ հետհայացք է գցում, ասում է, որ երբեք չի մտածել, որ այդքան երկար ժամանակ կմնար արխիվում, կսիրահարվեր այդ աշխատանքին:

«Սկզբից, երբ գնացի, չէի մտածում, որ այսքան երկար կմնամ։ Աշխատանքի ընդունվելուց մեկ տարի անց, ռայկոմում գործ կար, ես էլ ուզում էի այդտեղ աշխատել, բայց ինձ խորհուրդ չտվեցին, ասացին, որ իմ աշխատանքը լավն է, համեմատած ավելի լավ աշխատավարձ ունեմ, այդ ժամանակ 75 ռուբլի էի ստանում, որ լավ աշխատավարձ էր համարվում։ Այդպես էլ մնացի»:

Հիշում է, թե ինչպես առաջին անգամ մայրիկի հետ գնաց Թբիլիսի «Երիտասարդ արխիվիստների թռիչք» միջոցառմանը, որն առաջին անգամ էր անցկացվում, որտեղ նրան ներկայացրել են որպես արխիվի ամենաերիտասարդ աշխատող։

medalner
Ստացել է դիպլոմներ և մեդալ

Տիկին Կարինեն ասում է՝ արխիվի գործը շատ հետաքրքիր է, կարծես գիտես ամբողջ քաղաքի պատմությունը։

«Կարդում էինք մարդկանց պատմությունները, որոնք ոչ մի անգամ արխիվի պատերից դուրս չի եկել։ Մենք ունեցել են արխիվյան փաստաթղթեր ազգային դատարանից, նոտարից փաստաթղթեր։ Ամեն ինչ շատ հետաքրքիր էր»:

Երբ առաջին անգամ արխիվի աշխատակիցները իմացել են, որ այն Ախալքալաքից պետք է տեղափոխվի Ախալցիխե, շատ ծանր են տարել, բայց մինչև վերջին օրը ծածուկ հույս են փայփայել ու չեն հավատացել դրան:

«Շատ վատ զգացողություններ էին, երբ իմացանք, որ մեր արխիվը պետք է տեղափոխվի։ Աշխատելը կյանք է։ Կարծես, թե հիմա կյանքս կանգ առավ։ Շատ ծանր է, չեմ կարողանում համակերպվել: Պատկերացրեք, 50 տարի ամեն օր, առավոտյան արթնանում, պատրաստվում և գնում ես գործի, ու հանկարծ… Ամեն ինչ ռեժիմով էր, բոլոր գործերս հասցնում էի, իսկ հիմա ամբողջ օրը տանն եմ», -ասում է Կարինե Թադևոսյանը:

Երբ գրքերը, փաստաթղթերը շենքից տեղափոխել են Ախալցիխե, կարծես իր սեփականությունն են տարել։

«Արցունքներս խեղդում էի, 50 տարի դու այդ փաստաթղթերին ինչպես ես վերաբերվել…», – կրկին արցունքները խեղդելով, վերապրելով այդ պահը, ասում է տիկին Կարինեն:

Նա չի կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ չի աշխատում, երբ նայում է ժամին, շուտով ժամը 17։00 կլինի, այսինքն՝ տուն գնալու ժամանակն է: Ամեն օր առավոտյան արթնանալով պատրաստվում է գործի գնալ, հետո հասկանում է, որ անգործ է մնացել:

Աշխատել է շատ վատ պայմաններում, շենքը նորոգված չի եղել, ջեռուցման համակարգ չի ունեցել, փայտի վառարանով են տաքացել (մինչև գազի վառարան է տեղադրվել)և օրվա ավարտին զգուշավորությամբ հետևել կրակի հանգելուն, որպեսզի հանկարծ հրդեհ չբռնկվի:

Ախալքալաքի արխիվում ավելի քան 50 տարի աշխատած կինն իր գրասեղանն է ունեցել, որը արխիվը փակվելուց հետո հանել են տարածքից, իսկ ինքը մնացել է անկյունում նստած, որտեղ էլ նրանց տնօրենը վերջին անգամ այդ շենքում նկարել է Կարինեին։ Նայում է այդ նկարին, աչքերը թրջվում են, փորձում է թաքցնել հուզմունքը, չի ստացվում…

arxiv 2022 tiv
Աշխատանքային վերջին օրն Ախալքալաքի արխիվում

Արխիվում տարիքով ամենամեծն է եղել, բայց կարծես «ամենափոքրը», մյուսների համար միշտ սուրճ է պատրաստել, հենց մի փոքր խնդիր է եղել, խորհուրդներ տվել, փորձել կարգավորել իրավիճակը։ Հիշում է՝ հնոցաբան են ունեցել, ով միշտ իրեն ասել է, որ նա խաղաղության աղավնի է։

tikin Karine ev torner
Ինչքան էլ տիկին Կարինեն տանը թոռների հետ զբաղվելով է լցնում իր ազատ ժամանակը, տնային գործեր անում, միևնույն է՝ մտքով աշխատավայրում է, թղթերն է դասավորում:

«Ուշադիր եմ թոռներիս, խոհանոցում եմ, տան մաքրություն և այդպես շարունակ, բայց ինչքան էլ փորձում եմ շեղվել և չմտածել աշխատանքիս մասին, չի ստացվում»:

Տիկին Կարինեն ասում է՝ այդքան երկար մի տեղում աշխատելու համար կարևոր է համբերատար լինել։

Karine Tadevosyan

Առաջիկա օրերին Կարինե Թադևոսյանը և արխիվին մյուս արդեն նախկին աշխատակիցները նախատեսում են հավաքվել ու զրուցել, վերհիշել անցյալի հիշարժան դրվագները, որոնք քիչ չեն եղել: