Ախալքալաքում գլխարկներ կարող արհեստագործները տարիներ առաջվա եկամտաբեր աշխատանքը այսօր համարում են ուղակի զբաղմունք:
Ծխամորճով ծխախոտը և լայնեզր գլխարկները տիպիկ բնութագրիչներն են իմ մանկության պապիկների։ Մինչև հիմա էլ տոնավաճառի հարևանությամբ գտնվող արհեստանոցում մարդիկ գլխարկներ են պատվիրել իրենց գլխի չափով:
Հնագույն արհեստներից է տղամարդկանց լայնեզր (կազիրոկով) գլխարկ կարելը, այժմ այդ գործով միայն մեկ արհեստավոր է Ախալքալաքում զբաղվում: 73-ամյա Աղասի Բանոյանը 1959 թվականից տղամարդկանց գլխարկներ է կարում: 4 տարի սովորելուց հետո սկսել է աշխատել, այսօր էլ, ինչպես 57 տարի առաջ շարունակում է նույն ոգևորվածությամբ ու սիրով կատարել իր գործը:
«Գլխարկ կարելու հիմնական անհրաժեշտ միջոցներն են՝ ժամանակը, հատուկ կտորները, ղալիբները, ժապավենները և ստվարաթղթերը: Կարելու գործընթացը մասնագետի համար հեշտ և միաժամանակ պատասխանատու գործընթաց է, իսկ չիմացողի համար զարմանալի ու գուցե նաև անհասկանալի»,- ասում է վարպետը:
Ահա և վարպետ Աղասիի փոքր ու միաժամանակ հարմարավետ և հյուրընկալ արհեստանոցը: Արհեստանոցի դիմացի կախիչներից կախած յուրօրինակ գլխարկները կարծես այցեքարտ լինեն հաճախորդների համար, իսկ ներսում ցուցադրված նմուշները նոր կյանք են տալիս արդեն մահացող արհեստին:
Ցուցադրված տեսականին առաջին հայացքից միանման գլխարկներ են, սակայն վարպետ Աղասին մեզ ամենայն մանրամասնորեն ներկայացրեց այն առանձնահատկությունները որոնցով կարելի է տարբերակել դրանք: Օրինակ, մեծ և կլոր գլխարկները որոնցից շատ քիչ էին ցուցադրված կոչվում են «Բելգինսկի», իսկ առավել փոքր և ներս կորացած շուրթերով գլխարկները՝ «Խինկալնի»: Գոյություն ունեն գլխարկի տեսակներ, որոնք ցուցադրված չէին.
«Առաջ ուղիղ կազիրոկով գլխարկներ էլ էի կարում, դրանք կոչվում էին «Ստալինսկի», դե Ստալինի գլխարկի նմանությամբ»,- պատմում է Աղասի Բանոյանը:
Վարպետ Աղասիի աշխատանքը գնահատողները հիմնականում մեծահասակներ են, ովքեր այս համեստ, հասարակ և միաժամանակ արժանապատվություն և հպարտություն խորհրդանշող գլխարկները առավել բարձր են դասում այսօրվա թանկարժեք ու ֆիրմային գլխարկներից:
«Այսօր, նման գլխարկների պահանջը քիչ է, և հիմնականում մեծահասակներն են կրում: Ժամանակին այս գլխարկները գնում էին ու տանում մինչև Ռուսաստան, հիմա ամեն ինչ փոխվել է. առաջ բոլորը գլխարկ էին դնում»,- նշում է վարպետը:
Ախալքալաքում մինչև վերջերս վարպես Աղասիից բացի գլխարկ էր կարում նաև վարպետ Խաչատուրը, ով այս արհեստով զբաղվել է սկսած 1961 թվականից: Նա այժմ անգործ է, սակայն ցանկությունը մեծ է, թեկուզ միայն արհեստի այդ տեսակը պահելու համար շարունակել աշխատել:
«Հիմա չեմ զբաղվում, կրպակը որտեղ աշխատում էի հեռացրեցին, փոխարենը ուրիշ բան կառուցեցին, եթե լիներ, նորից կաշխատեի, անգամ եթե ամիսը մի գլխարկ վաճառվի էլի բան է, կարևորը արհեստս կապրի»,- ափսոսանքով նշում է 70-ամյա վարպետը:
Խաչատուր Խաչատուրյանը իրեն սովորեցնող վարպետների անունները չմտաբերեց, փոխարենը արհեստանոցների տեղերը լավ է հիշում։
«Սովորել եմ տեղում, վարպետները որոնց մոտ սովորում էի հիմա չկան։ Այսօրվա 5 հարկանի շենքերի փոխարեն արհեստանոցներ էին՝ գլխարկ կարողներ, սապոժնիկներ, ժամագործներ և վարսավիրներ»,- պատմում է նա։
Արհեստագործության այս տեսակը կարելի է ասել գնալով վերանում է: Ծերունի վարպետները սաներ չունեն, ովքեր պետք է սերունդներին փոխանցեն գլխարկ կարելու արհեստը:
Վարպետ Խաչատուրի աշխատանքը ժամանակին մեծ պահանջարկ է ունեցել, և նա իր կարած բոլոր գլխարկները ճանաչում է։
«Ժամանակին պատվերներ շատ էի ունենում, փողոցով քայլելիս նայում էի մարդկանց գլխարկներին ու առանձնացնում իմ կարած գլխարկները։ Հիմա մեկ-մեկ ցանկություն եմ ունենում վերցնել թել ու ասեղ և կարել, հենց այնպես առանց պատվերի»,- ասում է Խաչատուր Խաչատուրյանը։
Չնայած, այժմ վարպետ Աղասիի ու Խաչատուրի կարած գլխարկները ժամանակակից չեն և գրեթե պահանջարկ չունեն Ախալքալաքում, միևնույն է վերջիններս շարունակում են մնալ իրենց գործի նվիրյալները:
Ջուլիետա Տոնականյան