Սոցցանցերում լայն արձագանք գտավ «Չուրչուլի» (Շշուկ) երգի տեսահոլովակը, որը նկարահանվել է Ախալքալաքում երկու երիտասարդ աղջիկների կողմից: Վրացական «Չուրչուլին» Հայկանուշ Կարաբեկյանի կատարմամբ գերեց բազմաթիվ մարդկանց սրտեր:

Ախալքալաքից 17-ամյա Հայկանուշ Կարաբեկյանը Ինստագրամի էջում պատահական գտնում է Նոդար Ռեվիայի «Չուրչուլի» երգը: Երգն աղջկան այնքան է հուզում, որ նա որոշում է տեսահոլովակ նկարահանել:

«Հունիսի վերջ էր, էջս էի թերթում, երգիչը երգում էր Էթերի Բերիաշվիլիի հետ համերգի ժամանակ: Երգը դուրս եկավ, ուզեցի օրիգինալ տարբերակն իմանալ: Տեքստը վրացերեն էր և մինչև վերջ չէի էլ հասկացել իմաստը, կամ ավելի ճիշտ ուշադիր չէի, պարզապես երգն որ իմացա ահավոր էմոցիաներ առաջացան, կիթառը, լիրրիկան, այնքան հուզիչ էր: Այս երգն իմ վրա ինչքան տպավորություն որ գործեց, ոչ մի երգ չէր արել», – ասաց Հայկանուշ Կարաբեկյանը, ով չի պատրաստվում պրոֆեսիոնալ երգարվեստով զբաղվել, չնայած հաջողությանը:

Լսելով երգի օրիգինալ տարբերակը Հայկանուշը զանգահարում է ընկերուհուն՝ Լեյլա Ռաիսյանին և ոգևորված հեռախոսով սկսում է երգել: Լեյլան սա ընկերուհու հերթական խենթությունը համարելով ուշադրություն չի դարձնում, սակայն հեռախոսն անջատելուց հետո, րոպեներ անց Հայկանուշը գնում է ընկերուհու տուն:

«Գնացի իրենց տուն, թուղթն ու գրիչը վերցրեցինք և սկսեցինք պլանավորել, կետ առ կետ գրեցինք ինչ պետք է անենք, հագուստի ընտրություն, նկարահանման վայրը և այլն», – պատմում է Հայկանուշը:

«Չուրչուլի» երգը գրավել է Հայկանուշին նաև հիմնական ասելիքով՝ «Բոլոր կարևոր արտահայտությունները պետք է կամաց հնչի»:

«Սկսեցինք նկարահանման վայր փնտրել, կամրջի տակ իջանք, սար բարձրացանք, ի վերջո որոշեցինք ինտերնատի հետևի դաշտերում նկարահանել: ոգևորված 3-4 օր նկարում էինք: Ես պարզապես ուզեցի ու արեցի, ես նպատակ չունեմ լայք հավաքելու, սա ինձ համար գիրք կարդալու նման մի բան էր, հետաքրքիր զբաղմունք», – ավելացնում է Հայկանուշ Կարաբեկյանը:

Չնայած նրան, որ Հայկանուշ Կարաբեկյանի և Լեյլա Ռաիսյանի կողմից նկարահանված տեսահոլովակի դիտումներն օր-օրի ավելանում են և Ախալքալաքում բոլորը խոսում են տեսահոլովակից, ընկերուհիները չեն պատրաստվում պրոֆեսիոնալ երգարվեստով զբաղվել:

Աղունիկ Այվազյան