Վրաստանում ապրում է մոտ 250 000 փախստական՝ Աբխազիայից և Հարավային Օսիայից: Ինչ պայմաններում են ապրում նրանք, ինչի հույս ունեն և ինչ են երազում:

Փախստականներ Աբխազիայից

Ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ և լրագրողներ Հարավային Կովկասից և Չեխիայից պատվիրակության կազմով ուղևորվեցինք Ծղալտուբո, մի վայր, ուր 30 տարուց ավել կոմպակտ ապրում են փախստականներ Աբխազիայից:
Изображение 3377

Երբեմնի պայծառ ու լուսավոր, ճարտարապետական գեղեցիկ Ծղալտուբո հանգստավայրն իր մութ սենյակներով վերածվել է ճնշող մի շինության: Մռայլ միջանցքներ, ամենուր աղբ, պատերից թափվող ծեփեր, փթած դռներ ու պատուհաններից անհետացած ապակիներ: Շինությունը հիշեցնում է 90-ականների ծանր տարիները: Հանգստավայրի պահակների խոսքերով պետական այս շինությունը չի վերանորոգվել դեռ 1984 թվականից, նույնիսկ պատերազմից հետո, երբ բնակեցվեց փախստականներով:
Изображение 3406

6

Изображение 3397

Չնայած սենյակներում ոչ մի հարմարություն չկա, այնտեղ կարելի է տեսնել միայն առաջին անհրաժեշտության իրեր, ուր բացակայում է սանհանգույց, բնական գազ, բնակիչները ստիպված են մեծ գումարներ վճարել ջեռուցման, տաք ջրի և օգտագործած էլեկտրաէներգիայի համար, այստեղ մինչ օրս մարդիկ ապրում են՝ միայնակ, ընտանիքներով: Մարդիկ, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում, ի վիճակի չեն կամ չեն ուզում հեռանալ մի վայրից, ուր 30 տարուց ավելի փորձում են հիմնավորվել, կռվի ժամանակ կորցնելով ամեն ինչ:

3

8

Հանգստավայրի մուտքի մոտ հանդիպեցինք երեխաների, ովքեր աշխույժ վազվզում էին և խաղեր խաղում, բարձրանալով շինության տանիք: Այս սերունդը չգիտի ինչ է կարոտը սեփական տան հանդեպ, չգիտի ինչ է կռիվը՝ ի տարբերություն մեծերի, ովքեր անդառնալի կորուստներ են տեսել: Մինչ երեխաները տանիքի վրա ուրախ խոսում ու խաղում էին, ծերերը կարոտով հեռուն էին նայում, այնտեղ ուր իրենց խոսքերով երևում է Աբխազիայի հետ սահմանը:
7

13

Изображение 3382

Սենյակներից մեկում հանդիպեցինք 92-ամյա Մարգարիտ տատին, ով միայնակ էր ապրում: Որդին կռվի ժամանակ է զոհվել, իսկ աղջիկն իր ընտանիքի հետ փախել է և ապրում է այս նույն հանգստավայրի մեկ այլ սենյակում:
4

«Այստեղ սպասում ենք, ինչ է լինելու: Ամուսինս այստեղ է թաղված: Չենք ուզում ավելի հեռու գնալ»,- ասում է Մարգարիտայի դուստր՝ Էթերի Գոգլիչանիան:

Կռվից հետո փախստականներով բնակեցված հանգստավայրը կամաց-կամաց դատարկվում է: Պիցունդայից փախստական ու կռվի մասնակից Տարիել Անթելաձեի խոսքերով փախստականները սկզբում շատ էին, մոտ 110 ընտանիք, հիմա մնացել է 56: Վերջինիս խոսքերով փախստականներին պետական ծրագրի շրջանակներում 27 000 լարի են հատկացնում (գումարի չափը կախված է ընտանիքի անդամների քանակից):

«Դու գտնում ես բնակարան, նրանք քեզ համար գնում են: Կյանքն այստեղ հեշտ չէ, շուրջբոլորդ խնդիրներ են: Ոմանք մնացել են, ոմանք Բաթումիում և Փոթիում հատուկ փախստականների համար կառուցված բնակարաններ են տեղափոխվել: Հիմա մնացել է 56 ընտանիք: Նրանք, ովքեր ուզում էին դուրս գալ Ծղալտուբոյից գնացին, իսկ ովքեր չէին ուզում մնացին: Գիտեք, մի կողմից այստեղ պայմանները շատ վատ են, մյուս կողմից էլ հարմարվել ենք: Շուրջ 30 տարի է այստեղ ենք ապրում, ուր մեծացել են մեր երեխաները, այստեղ են մեր ընկերները: Մենք նույնպես սպասում ենք, որ տուն տան այստեղ կամ Քութաիսիում»,- պատմում է Տարիել Անթելաձեն:
9

Տարիելը չի կարող գնալ Աբխազիա: Նրա խոսքերով վրացիների համար Ինգուրին անցնելը լի է վտանգավոր հետևանքներով:
«Որ մարդիկ ստացել են և բնակվում են Վրաստանում չի նշանակում, որ ուզում էին մնալ, ուզում են վերադառնալ: Աբխազները կարող են գալ, եթե վրացիները գնան վատ կլինի: 100 տոկոսով կբռնեն: Եթե Աբխազիայի քաղաքական իրավիճակը մնա այնպիսին, ինչպիսին հիմա է, իհարկե չեմ գնա: Որովհետև ես այնտեղ կռվել եմ և սև ցուցակի մեջ եմ: Բացի Գալիի շրջանի վրացիներից մնացածները դավաճաններ են համարվում և Աբխազիա գնացածների 80 տոկոսը հայտնվում են բանտերում»,- ասաց նա:

Շատ փախստականներ այդպես էլ չհարմարվեցին իրենց նոր կարգավճիակի հետ, շատերը պարզապես գոյատևում են:
«Ով, որտեղ կարողանում աշխատանք է գտնում: Մեկը շինարարություն է անում, մյուսը առևտուր, ապրելու համար բավականացնում է: Պետությունը ամեն մի փախստականի 45 լարի թոշակ է տալիս, լավ է որ բարեկամներ ունենք, որոնք օգնում են»,- ասում է Տարիելը:

Հանգստավայրի յուրաքանչյուր սենյակում կարելի է տեսնել ոչ միայն Աբխազիայում զոհվածների, այլև սրբերի նկարներ: Մարդիկ մինչև հիմա հավատում են և աղոթում, որ մի օր կվերադառնան Աբխազիա՝ իրենց տուն:
5

Կոդա

2008-ին Հարավային Օսիայի կոնֆլիկտի պատճառով փախստականների թիվը կազմեց 450 ընտանիք, իսկ Կոդորի կիրճից՝ 20:
Կոդայի փախստականների խաղաղ կյանքը չի փոխվում սկսած 2008 թվականից, երբ եկավ փախստականների վերջին խումբը կարճատև պատերազմից հետո: Մարդիկ հարմարվեցին և սկսեցին ապրել նախկին զինվորական ավանի բնակարաններում, որոնք վերանորոգվել են 2008 թվականի դեպքերից հետո:
11

Հիմնականում Կոդայում, որը Թբիլիսիից 20 րոպե հեռավորության վրա է գտնվում, ապրում են փախստականներ Ցխինվալից, Մեծ և փոքր Լիախվիից և այլ բնակավայրերից:

Կոդան բնակեցվեց փախստականներով նաև Կոդորի կիրճի պատճառով: Այստեղ են ապրում փախստականներ դեռ 1992 թվականի կոնֆլիկտից հետո:

Կոդայում ապրելու պայմանները ավելի լավ են, քան Ծղալտուբոյում՝ վերանորոգված բնակարաններ, գազ, զբաղվածության կենտրոն, փոքր խաղահրապարակ:
Изображение 3993

Չնայած նրան, որ Հարավային Օսիայի փախստականները կարոտում են և ուզում են վերադառնալ, բայց իրենց խոսքերով գնալու տեղ չունեն: Նրանց խոսքերով իրենց կամքին հակառակ են փախել «վերևից գնդակոծում էին, ոտաբոբիկ, ոտքով, մեքենայով, պարկերով փախան»:

«Մեռած գյուղեր են: Մեզ վռնդեցին: Մենք ինքներս մեր տները չէինք թողնի: Նրանք մեր տները գետնին հավասարեցրին, այրեցին, գնալու տեղ չունենք: Ոչ մի կապ չունենք բարեկամների հետ, ովքեր այնտեղ մնացին: Հասարակ մի բան, նույնիսկ հեռախոսով խոսել չի կարելի: Պատերազմից առաջ էլ կյանքը հեշտ չէր կրակոցների պատճառով, բայց ապրում էինք: Օսերի հետ մենք ընկերաբար էինք ապրում: Զարգացում կար, տուն էինք կառուցում, այգիներում աշխատում»,- պատմում է Հարավային Օսիայից փախստական Նունու Գոցիշվիլին:
10

Ինչպես Նունու Գոցիշվիլին պատմեց, մինչ 2008 թվականը վրաց-օսական հարաբերություններում կամուրջ էր հանդիսանում Էռգնեթիի շուկան:

«Այդտեղ վրացիներն ու օսերը առևտուր էին անում: Դա տնտեսական կապ էր: Երբ Վրաստանի կառավարությունը շուկան փակեց, նրա համար, որ շուկան կոռուպցիայի խողովակ էր, կապը կտրվեց»,- պատմում է Նունուն:

Չնայած նրան, որ Կոդայում ապրելը հեշտ է, այնուամենայնիվ փախստականները իրենց տներն են ուզում վերադառնալ:
«Վրաստանը մեր հայրենիքն է, մեր հողը, բայց մենք շատ ենք կարոտում: Նույնիսկ երեխաները, ովքեր այնտեղ են ծնվել ուզում են վերադառնալ: Նույնիսկ վախենալու չէ, որ ամեն ինչ նորից զրոյից սկսենք»,- ասում է Նունու Գոցիշվիլին:

Քրիստինե Մարաբյան