Վրաստանը խստացրել է վերահսկողության նորմերը՝ Վերին Լարսի շրջանում ցամաքային սահմանը հատող մարդկանց համար:
Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության, վրաց-ռուսական սահմանին՝ Վերին Լարս անցակետի մոտակայքում, դաշտային վրան է տեղադրվել:
Սահմանին իրականացվում է ջերմաչափում: Սահմանը հատող յուրաքանչյուր քաղաքացու մարմնի ջերմաստիճանը չափվում է: Եթե հայտնաբերվեն կասկածելի ախտանշաններ, այդ մարդը կտեղափոխվի վրան, այնուհետև՝ բժշկական հաստատություն, այսպես կոչված, ջերմություն ունեցող հիվանդների կենտրոն, որտեղ բժիշկները կհետևեն, թե արդյո՞ք կդրսևորվեն հիվանդության հետագա ախտանիշները:
Բացի այդ, բոլոր այն քաղաքացիները, ովքեր գալիս են երկիր, պարտավոր են անցնել երկշաբաթյա կարանտին: Բոլոր նրանք, ովքեր ժամանում են Վերին Լարս անցակետով, տեղափոխվում են Գուդաուրի առողջարանում գտնվող կարանտինային գոտի: Եթե ճանապարհը փակվում է, ապա քաղաքացիներին թողնում են Կազբեգիում` սպասելու Գուդաուրի տեղափոխմանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Մցխեթա-Մթիանեթիի նահանգապետ Շալվա Կերեսելիձեն:
Նա նշել է, որ անցակետում անվտանգության կանոնները խստացումը տեղի է ունենում, որպեսզի կանխվի կորոնավիրուսի լայնամասշտաբ տարածումը:
Մարտի կեսերից ի վեր Վրաստանը փակել է սահմանը բոլոր երկրների հետ, ներառյալ ՝հարևան Ռուսաստանի հետ սահմանը: Երկիր մուտք գործել կարող են միայն հայրենիք վերադարձող Վրաստանի քաղաքացիները, ինչպես նաև բեռնատար ավտոմեքենաների վարորդները: Երկու երկրների միջև բեռնափոխադրումներն իրականացվում են սովորական ռեժիմով: