Ախալքալաքի շրջանի տեղական իշխանության ներկայացուցիչները կատարեցին փողոցների վերականգման աշխատանքների նախնական գնահատում և անձամբ փորձեցին պարզել բնակիչների դժգոհության պատճառը:

Մայիսի 6-ին Մարքս, Նազարեթյան, Դեմիրճյան փողոցներում Ախալքալաքի Վարչության տնտեսության և ենթակառույցների բաժնի մասնագետները կատարեցին հսկողական չափումներ: Ինչպես նաև անցկացրին շինարարների տվյալ փողոցներում կատարած վերականգնման աշխատանքների նախնական գնահատում:

Երևանյան փողոցում, դեռևս շարունակվում են ասֆալտապատման հիմքի նախապատրաստման աշխատանքները, այսինքն՝ փողոցի մակարդակի իջեցումը:

doroga3

Շինարարների կատարած աշխատանքը գնահատելու էր եկել նաև Ախալքալաքի շրջանի Վարչության նախագահ՝ Էդուարդ Աղասարյանը: Նա գոհ էր նրանց կատարած աշխատանքից:
«Աշխատանքները կատարվում են գրաֆիկի համաձայն: Աշխատողները այժմ կատարում են չափումներ: Աշխատանքները զուգահեռաբար գնում են 8 փողոցներում: Մնում է մի փողոց, որտեղ ավարտվեն այսպես ասած «կեղտոտ» աշխատանքները և հինգ հարկանի շենքերի երկու բակերի բարեկարգումը: Այս տարի աշխատանքները շուտ սկսեցինք, քանի որ դեռ անցյալ տարվանից նախագծերը պատրաստ էին և վստահ եմ, որ ժամանակին և նորմաներին համապատասխան նրանք կավարտենք: Աշնանը մենք չենք ունենա ճանապարհաշինական աշխատանքներ»,- ասաց Էդուարդ Աղասարյանը:

Սակայն փողոցների բնակիչները, որտեղ կատարվում են շինարարական աշխատանքներ դժգոհում են, որ ասֆալտապատումից հետո նրանց տները կարող են մնալ փոսի մեջ՝ փողոցի մակարդակից ցածր:

Ախալքալաքում տները կառուցվել են մոտավորապես 30-40 տարի առաջ, եթե ոչ ավել, և համարյա բոլոր տների հիմքերը ցածր են: Շինարարության ժամանակ շատերը հաշվի չեն առել հնարավոր ասֆալտապատումը, որի ժամանակ անհրաժեշտ կլինի բարձրացնել փողոցները և մայթերը: Այդ պատճառով էլ այն փողոցներում, որտեղ կատարվում է ասֆալտապատում, բնակիչների մոտ առաջանում է դժգոհություն:

Տնտեսության և ենթակառույցների բաժնի պետի գործակատար՝ Ալբերտ Նահատակյանի խոսքերով բոլոր նախագծերը անցնում են պետական փորձաքննություն և, երբ ճարտարապետը տների շինարարության ընթացքում ասում է հաշվի առնել համապատասխան բարձրությունը, մարդիկ շինանյութի խնայողության համար չեն հետևում ասածին:
«Եթե բոլորի ուզածով անենք, ապա կունենանք գերծախս: Փողոցների թեքությունը հաշվի է առնվել: Եթե անբողջ փողոցում մի տուն ցածր է ընկնում, մենք չենք կարող ամբողջ փողոցը ցածրացնել: Թող նրանք մի քիչ իրենց տան հատակը բարձրացնեն»,- ասում է Ալբերտ Նահատակյանը:

Աղունիկ Կարապետյանը ապրում է Դեմիրճյան փողոցում և ունի նման խնդիր: Պատուհանները ցածր են, փողոցը ավազապատել են և ասֆալտապատումից հետո պատուհանները էլ ավելի կցածրանան:
«Ղիճը շատ էին լցրել, մենք դեռ մի քիչ էլ մայթերից այն հանել ենք: Մեր դուռը բետոնապատ էր, մի քանի անգամ խնդրելուց հետո հազիվ այն քանդեցին և խճապատեցին: Խիճը հավասարաչափ չեն բաշխել: Վրացերեն չգիտեմ, որ նրանց հետ խոսեմ, ասեմ մի քիչ խիճը հանեն և թեքություն տան, որպեսզի ջուրը ետ չգա դեպի տուն: Ասֆալտապատումից հետո տունը և պատուհանները ահագին կցածրանան»,- ասում է Աղունիկ Կարապետյանը:

doroga3
Երևանյան փողոցում դեռևս գնում են նախապատրաստական աշխատանքները՝ հողի շերտի հանում և մայթաքարերի տեղադրում: Այս փողոցի որոշ բնակիչներ նույնպես դժգոհ են, քանի որ ասֆալտապատումից հետո իրենց տները նույնպես կհայտնվեն փոսի մեջ:
«Դեռևս հողի շերտն են հանում, թե հետո ինչ կլինի տեսնենք»,- ասաց Երևանյան փողոցի մի բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ:
doroga2

Ախալքալաքի 11 փողոցների հատվածի և 2 բարձրահարկ շենքերի բակերի ասֆալտապատումը իրականացնում է «Արալի» ընկերությունը, որը նորեկ է Ախալքալաքի շինարարական շուկայում:

«Արալի» ընկերության աշխղեկ Էմզարի Մղեբրիշվիլին գտնում է, որ իրենց ընկերությունը անում է ավելին, քան իրականում պարտավոր է:
«Մենք միջնամասից հանել ենք 30 սմ հող և դեռ 35-40սմ էլ կհանենք կողքերից: Ամեն ինչ կլինի ըստ նախագծի: Ըստ նախագծի Դեմիրճյան փողոցում կա մայթերի քարե հենարան, և ես մինչև այն եմ հանելու: Աշխատում ենք հնարավորինս շատ մայթերը իջեցնել ցած, եթե ես ավելի շատ խորանամ, հիմքը կքանդվի, հետո ավելի դժվար կլինի: Հիմա այնպես է արված, որ ճանապարհին ջուրը չկանգնի, իսկ եթե այնպես անենք ինչպես իրենք են ուզում, ջուրը կկանգնի փողոցում և վատ կլինի: Նրանք աչքերով են նայում, իսկ մենք չափում ենք սարքերով»,- ասում է Էմզարի Մղեբրիշվիլին:

Այսօր այդ փողոցներում արդեն սկսել են ասֆալտապատման աշխատանքները:

Շուշան Շիրինյան