Ամսի 25-ին, Կարմիր խաչի Վրաստանի ներկայացուցչությունը տեղեկատվական հանդիպում ունեցավ Ախալքալաքի երիտասարդների հետ՝ խոսելով պատվաստումների, դրանց կարևորության և Ջավախքում ցածր ցուցանիշների մասին:
Վրաստանում Կարմիր խաչի հասարակության մասնաճյուղերի զարգացման դեպարտամենտի ղեկավար Նինո Սամադալաշվիլին նշում է, որ նմանատիպ հանդիպումները շատ կարևոր են հասարակության համար, քանի որ ամբողջ երկրի մասշտաբով Ջավախքում արձանագրվում է պատվաստման ցածր ցուցանիշ, և դա ոչ միայն շրջանի, այլ բոլորի խնդիրն է:
«Մենք Սամցխե-Ջավախքում ունեինք մասնաճյուղ միայն Ախալցիխեում, իսկ հիմա համագործակցում ենք նաև Բորջոմիի և Ախալքալաքի հետ, և ես շատ ուրախ եմ, որ մեր համագործակցության արդյունքում կկարողանանք իրագործել տարբեր ծրագրեր ի օգուտ շրջանի զարգացմանը և դա, իհարկե, ակտիվ կամավորների օգնությամբ»:
Նինո Սամադալաշվիլին նշում է նաև, որ տեղեկատվական բոլոր նյութերը թարգմանվում են էթնիկ փոքրամասնություններին հասանելի լեզուներով, այդպիսով բարձրացնելով նրանց տեղեկացված լինելու հնարավորությունը և խթան է հանդիսանում նրանց ինտեգրման գործընթացին:
Կարմիր խաչում գործում են տարբեր կոմիտետներ։ Պատվաստումների վերաբերյալ նախագծի կոորդինատոր Անա Լոմթաթիձեն նշում է, որ թիրախային խմբում ընտրվել են այն տարածաշրջանները, որտեղ պատվաստումների մակարդակը համեմատաբար ավելի ցածր է:
«Ես կարծում եմ, որ այդ ցածր ցուցանիշը կապված է տարբեր գործոնների հետ, դրանցից է լեզվի ոչ բավարար իմացությունը, ապատեղեկատվության առկայությունը, կրոնական կամ ազգային բարիերները և այլն: Շատ կարևոր եմ համարում երիտասարդների մասնակցությունը նման ծրագրերում, որոնց շրջանակներում նրանք կարող են տեղեկացվել և տարածել ճիշտ տեղեկություն իրենց շրջապատում»:
Հարկ է նշել, որ այս օրերին Ջավախքում իրականացվում են պատվաստման մասին մի շարք ծրագրեր և նախագծեր: Դրանց արդյունքը ակնհայտ կդառնա մի փոքր ավելի ուշ: