Ախալքալաքի 10 գյուղ և քաղաքը կստանան նոր սպորտային ինվենտար:
Տարբեր սպորտային սարքավորումներ կստանան Կարտիկամ, Աբուլ, Տուրցխ, Էխտիլա, Մեծ Սամսար, Փոքր Սամսար, Մերենիա, Դադեշ, Բարալեթ, Բավրա գյուղերը և Ախալքալաքը: Ցուցակում ընդգրկված են համալիր գործողությունների վարժասարք (1 հատ), թենիսի սեղան (1 հատ), մարզասարք (զուգամարզափայտ՝ տուրնիկ) (3 հատ), ֆուտբոլային գնդակ՝ 13 հատ: 60 հատ մարզումների բացվող փոքրիկ գորգ (տատամի), 6 հատ մարզագունդ (հանտելներ) (10 կգ), 3 կշռաքար (12 կգ), ծանրաձող (3 հատ), բռնցքամարտի մարզման ռինգ(2 հատ), 10 քիքբոքսինգի ձեռնոց, 2 բռնցքամարտի տանձիկ, 2 մեծ բռնցքամարտի տանձիկ, 2 բռնցքամարտի ձեռնոց, 8 բռնցքամարտի սաղավարտ և ռինգի համար փափուկ հիմք:
Մունիցիպալիտետն այս սպորտային սարքավորումների ձեռքբերման համար հատկացրել է 19 830 լարի: Տենդեր-մրցույթի հաղթող է ճանաչվել Թբիլիսիի «Բոգարտ» ընկերությունը: Այն միակ մասնակիցն էր և հաղթել է տենդերը 19 579 լարիով:
Շատ գյուղերում, հատկապես քաղաքից հեռու գտնվող, երիտասարդները ոչ մի զբաղմունք չունեն: Այնտեղ ոչ պրոֆեսիոնալ, ոչ էլ սիրողական սպորտային խմբակներ չկան: Այդ գյուղերի երիտասարդները դժգոհում են և ցանկանում են սպորտային խմբակներ կամ սենյակներ ունենալ, որտեղ նրանք կկարողանան մարզվել: Քաղաքի մոտ գտնվող որոշ գյուղերում, որտեղ պաշտոնապես սպորտային խմբակներ չեն բացված, մարզիչը գնում է կոնկրետ օրերի և երիտասարդներին վարձով պարապում է:
Շատ գյուղերում անգամ տարածք չկա, որտեղ երիտասարդները կարողանային հավաքվել և մարզվել: Բացի այն, որ գյուղերում մարզումների համար նախատեսված տարածքներ չկան, շատ մեծ խնդիր է մասնագետների բացակայությունը: Եվ եթե գտնվում են էլ մասնագետներ, ապա նրանք ցածր աշխատավարձի(մոտ 250 լարի) պատճառով չեն աշխատում:
Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, սպորտային սարքավորումներ կստանան այն գյուղերը, որոնք ներկայացրել են դիմում, որ ունեն դրա կարիքը:
«Շատ բան է կախված գյուղի մեծությունից, երիտասարդների ակտիվությունից, և ամենակարևորն է, որ լինի մասնագետ, մարզիչ: Իսկ մարզվելու տեղ, ով որտեղ կարող է գտնում է: Որոշ գյուղերում նրանք մարզվում են ազատ տան մեջ, մյուսներում՝ վարձում են, մարզվում են ակումբներում, հիմնականում՝ դպրոցի մարզադահլիճներում: Այժմ դպրոցների սպորտային դահլիճներից օգտվելը խնդիր չէ, ինչպես նախկինում էր, մենք ուղղակի դիմում ենք ներկայացնում տնօրենին, և նրանք թույլ են տալիս գյուղի երիտասարդներին մարզվել դպրոցների մարզադահլիճում », – ասում է Վալերի Ստելմաշովը:
Ապագայում, ըստ Վալերի Ստելմաշովի, եթե լինեն ֆինանսական միջոցներ, կրկին ձեռք կբերեն սպորտային ինվենտար:
Շուշան Շիրինյան