«Միասնական ազգային շարժում» կուսակցության կողմից առաջադրված Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը ասում է, որ ԱԱԾ-ն, ՇԸՀ-ն ու «Երազանքը» ճնշում են իրենց թեկնածուներին, որպեսզի չմասնակցեն ընտրություններին: «Միասնական ազգային շարժման» համամասնական ցուցակը բաղակացած է 29 հոգուց, եթե 2-ը չմասնակցեն ընտրություններին, ապա ամբողջ ցուցակը չի կարող մասնակցել:
Ցուցակով առաջադրված երկու թեկնածու երեկ դիմում է գրել, թեկնածությունը հանելու համար, իսկ այսօր դիմումները հետ են վերցրել: Նրանք դեռ չեն կողմնորոշվում մինչև վերջ կպայքարեն, թե՝ ոչ:
«ՇԸՀ-ն ճնշում է, Հասմիկը տերոր է անում, ԱԱԾ-ն գիշերով գնում մարդկանց է վախեցնում, իսկ Մելքոնը՝ շտաբում, Սամվելը կանչել է Վալոդի հարսին ասում է՝ առավոտ գործիցդ կհանենք, հանեք տեսնեմ, ինչպես եք հանելու, մեզ պատճառ է պետք: Բարբարյան Արևին ինչի՞ եք շտաբից դուրս արել, այդ մարդն իր գաղափարներն ունի, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ»,- ասում է քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանը:
Վերջինս բացատրում է, եթե 28-ից պակաս է լինում ցուցակը, ապա ամբողջ ցուցակով առաջադրված թեկնածուները չեն կարող մասնակցել ընտրություններին:
«7 հոգի սկզբից հանեցին, 2 հոգի ՆԳՆ-ի սպասարկման ծառայությունը դուրս հանեց, վերջը ասացին ամեն ինչ կարգին է: Հիմա ստիպում են ԱԱԾ-ից, զանգում, գիշերով գնում վախեցնում են՝ Շալվա Լոմսաձեն, Ծուրծումիա Գրիշայի տղան, անուններով եմ ասում: Մելքոնը առավոտ դուրս է արել Արևիկին, 700 լարի աշխատավարձ էր ստանում, ասել է չգաս: Հասմիկը 4 օր է մեզ թուղթը չի տալիս, որ ամսի 2-ին պետք է տար՝ մենք մասնակցում ենք ընտրություններին, թե՝ չէ, սա արդեն խախտում է»,- հավելում է Մելիք Ռաիսյանը:
Վերջինիս խոսքով, տարբեր կերպ իրենց թեկնածուների՝ Վալոդյա Զոփունյանի, Ցիսանա Միքելաձեի և Ինգա Մաիսուրաձեի վրա ճնշում են գործադրում:
Jnews-ը հեռախոսակապ հաստատեց Ցիսանա Միքելաձեի հետ:
«Ինչ անեմ, ես էլ չգիտեմ: Ամուսնուս ու որդուս համար ինքս եմ վախենում, ինքս եմ ասել, որ հանկարծ չազատեն գործից: Ես աշխատում եմ պատգամավորի քրոջ որդու (խմբ. խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյան) կաֆեում, այսինքն՝ ինձ էլ աշխատանքից հեռացում սպառնում»,- ասում է Ցիսանա Միքելաձե, ով երեկ՝ սեպտեմբերի 5-ին Շրջանային ընտրական հանձնաժողով դիմում է ներկայացրել թեկնածությունը հանելու մասին:
Ամբողջ օրվա ընթացքում Վալոդյա Զոփունյանը այդպես էլ մեր զանգերին չպատասխանեց: Նրա հեռախոսը մշտապես զբաղված էր ցույց տալիս: Զոփունյանը Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի քեռին է: Անահիտը նաև աշխատում է «Վրացական երազանքի» նախընտրական շտաբում:
Մելիք Ռաիսյանի խոսքով, այսօր առավոտյան «Երազանքի» քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը շտաբից դուրս է հանել Զոփունյանի հարսին, ով միաժամանակ մանկապարտեզներից մեկում խոհարար է, իսկ նախընտրական շտաբում կոորդինատոր:
«Վալոդի կինը ԱԱԾ-ում հավաքարար է, եթե մարդդ թեկնածությունը չհանի, ուրեմն խնդիր ունես, գնացել եմ, որդուն ասում եմ՝ այ տղա ջան, հորդ ինչի եք նսեմացնում: Մի ամիս առաջ, որ եկավ ասաց հավաքագրվեմ որպես պատգամավորի թեկնածու, ես հենց այդ ժամանակ ասացի, որ մեր մոտ ճնշում է, մեր մոտ վախեցնելու են, ստիպելու են, սպառնալու են, ասաց՝ ես իմ խոսքիս տերն եմ, իսկ հիմա, որ հանի թեկնածությունը 28 հոգու անեծքի տակ ինչպես է մտնում: Այսինքն՝ մեզ չեն թողնում մասնակցելու ընտրություններին, հասարակ բան ասեմ, այստեղ ով մտնում է, երկու ժամ հետո հետևից ԱԱԾ-ն է գնում»:
Արևիկ Բարբարյանը (Վալոդյա Զոփունյանի հարսը), ինքը կապ հաստատեց Jnews-ի հետ։ Նա ասում է, որ «Երազանքի» նախընտրական շտաբում երբևէ չի աշխատել։ Իսկ Վալոդյա Զոփունյանին խնդրել են թեկնածությունը հանել հենց իրենք՝ ընտանիքի անդամները, քանի որ ընտանիքից չորս հոգի պետծառայող է։
«Այսօր, ամողջ օրը նա չկա, հեռախոսն անջատված է։ Տղաները ման են գալիս, մտածում ենք «Ազգային շարժումից» են նրան խմեցրել ու պահել, որ դիմումը հետ չվերցնի, թեկնածությունը չհանի։ Նրան ոչ սթափ վիճակում են դիմումը գրել և ուղարկել: Արդեն սթափ վիճակում, երբ մենք խոսեցինք, նա գնացել էր հրաժարվելու թեկնածությունից», – ասում է նա։
Ինգա Մայիսուրաձեն JNEWS-ի հետ զրույցում հաստատեց, որ խոսակցություն եղել, բայց չեն վախեցրել:
«Որ ասեմ ճնշում է եղել, ճնշում չի եղել: Ես աշխատում եմ քաղաքային մաքրությունում, պարոն Բիչախչյանն ասաց, որ ձեր ցանկությունն է, կստորագրես կլինես «Ազգային շարժման» կողմից, այսինքն՝ մասնակցություն կունենաս, ուրեմն կթողնես աշխատանքդ, ինձ համար մեկ է, ես ձեզ համար եմ ասում, սա է իրավիճակը: Իմ որոշումս այն է, որ կգնամ պարոն Ռաիսյանի մոտ և կասեմ, քանի որ քայլ եմ արել և համաձայնվել, ես կմասնակցեմ ընտրություններին և կգնամ մինչև վերջ: Հետո ես չեմ ուզում, որ իմ պատճառով որևէ մեկը խնդիր ունենա»,- ասում է Ինգա Մայիսուրաձեն, ով ընտրություններին մասնակցում է «Ազգային շարժման» կուսակցական ցուցակով:
Մենք փորձեցինք ճշտել Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանից, արդյո՞ք վախեցրել է Մայիսուրաձեին:
«Ես չեմ կարող իրեն վախեցրած լինել, դա իր կամքն է, ես չգիտեմ ինչ ասեմ: Ես ոչ իր հետ գործ ունեմ, ոչ իրեն ճնշելու, ոչ թեկնածության, նման բան ես չեմ ասել, որ գործդ թողնես, աշխատանքից դուրս գաս: Ինքը ինչքան ժամանակ է թեկնածությունը դրել է, ես կարող էի չէ մի ամիս առաջ ասել, բայց չեմ ասել», – ասում է Սպասարկման կենտրոնի տնօրենը:
Իսկ մեր ճշգրտող հարցին, եթե Ինգա Մայիսուրաձեն մասնակցի ընտրություններին որպես թեկնածու, իրեն ազատելու եք աշխատանքից, պարոն Բիչախչյանը պատասխանեց հետևյալ կերպ. «Ես կարող եմ գալ ու այնպիսի հայտարարություն անել, որ քաղաքապետ էի ուզում լինել, բայց ինձ չթողեցին, այդպես կլինի՞: Հիմա իրեն կարող է ասեն, որ քեզ չի սազում փողոցները մաքրող, որ հանկարծ չասեն փողոց ավլողը պատգամավորի թեկնածու է, կարող է գալ ու ասել՝ իմ դիմումի հիման վրա դուրս գամ, հետո ասելու են, որ Բիչախչյանն ուժ գործադրեց»:
Ախալքալաքում «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը վերոնշյալ ճնշումների մասին ասաց հետևյալը.
«Մաքսիմալ, ստի վերին աստիճան, նախ մեր մոտ Արևիկ Բարբարյան անուն ազգանունով մարդ չի աշխատում, երկրորդը ես առավոտ կանուխ եկել նույնիսկ շտաբ չեմ հասցրել մտնել, միանգամից քարոզարշավի եմ գնացել: Մենք 700 լարիանոց հաստիք չունենք, մեր մոտ գրանցված մարդիկ՝ քարոզիչները մոտավորապես ստանում են 150 լարի սահմանում աշխատավարձ: Իսկ ինչ վերաբերում է ճնշում գործադրելուն, ապա խնդրած կլինեմ մարդու մեղքն անհեթեթ տեղը չառնեն: Խնդրեմ, ես այստեղ եմ, այդ անձն էլ տեղում է, ում ենք գործից ազատել, եթե կարելի է ուրիշի փոխարեն քննադատություններ չանեն»:
Քաղաքապետի թեկնածու Մելիք Ռաիսյանն ասում է, որ Ցիսանա Միքելաձեն՝ ինքն է բազմաթիվ անգամներ զանգել և առաջարկել իր մասնակցությունը ընտրություններին թեկնածուի կարգավիճակով:
«Եկավ մաժորիտար պատգամավոր գրանցվեց, ձայներ էր հավաքում, ով, ում ինչքան ձայն կտա, ձայնագրությունները ամբողջը կան, հիմա ես ի՞նչ անեմ: Մենք ընդդիմություն ենք, մերը պայքար է, մերը հարստություն չէ: Այսինքն՝ մեր իրավունքը մեր ձեռքից խլում են: Սա ընտրություն չէ, եթե չեք թողնում, որ մարդն ընտրություններին մասնակցի, մարդու ամենակարևոր իրավունքը ձեռքից վերցնում ես: Մենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ենք մասնակցում, մենք պետության դեմ չենք գնում, տերորիստ չենք, ռադիկալ չենք: Հա, դուք ուժեղ եք, հզոր եք, բայց թողեք մենք էլ մասնակցենք, կապ չունի մի տոկոս, 5 թե 10 կհավաքենք»,- ասում է Ախալքալաքում «Միասնական ազգային շարժման» քաղաքապետի թեկնածուն:
Նշենք, որ մի ամսից էլ քիչ ժամանակ է մնացել Վրաստանում տեղական ինքնակառավարման ընտրություններին: