«Transparency International Georgia»-ն (TI) հրապարակել է 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ընդառաջ վարչական ռեսուրսի օգտագործման վերաբերյալ միջանկյալ զեկույց: Այնտեղ խոսվում է ընտրություններին ընդառաջ քաղաքական ճնշումների և խոշոր հանգանակությունների մասին:

Զեկույցն ընդգրկում է հունիսի 1-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածը: Ամբողջական զեկույցը կհրապարակվի ընտրություններից հետո:

Փաստաթղթում ասվում է, որ հաշվետու ժամանակահատվածում գրանցվել են դեպքեր, ինչպիսիք են ուղղակի ֆիզիկական բռնությունը, քաղաքական ճնշումներն ու ոտնձգությունները և այլն:

Զեկույցում ասվում է, որ ընտրական նպատակներով տեղի է ունեցել վարչական ռեսուրսի օգտագործում:

2021 թվականի հունիսից պարբերաբար հաղորդվում են Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի ստեղծած կուսակցության անդամների վրա ենթադրյալ քաղաքական բացառությունների և (կամ) ճնշումների մասին: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Transparency International Georgia»-ն 17 դեպքերում բացահայտել է քաղաքական հետապնդման որոշ նշաններ:

Սեպտեմբերի սկզբից՝ գրանցման վերջնաժամկետը լրանալուց հետո, մի շարք ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ հայտարարեցին Պետական անվտանգության ծառայության և այլ մարմինների կողմից ենթադրյալ ճնշումների մասին կուսակցությունների ցուցակներում ընդգրկած թեկնածուների վրա: Կազմակերպությունը գրում է, որ նման հայտարարություններն ամենից հաճախ հնչել են «Հանուն Վրաստանի» կուսակցությունից: Նման դեպքեր են գրանցվել նաև «Գիրչի-Ավելի շատ ազատություն» կուսակցության, «Միասնական ազգային շարժման» և «Երրորդ ուժ»-ի ներկայացուցիչների կողմից: Այնուամենայնիվ, նրանք հայտարարել են, որ հաշվառումից հանված անձինք չեն ցանկանում բարձրաձայնել և հաստատել նշված փաստերը՝ զգուշությունից ելնելով, հետևաբար, անհնար է որոշել նրանց ճշգրիտ թիվը: Միայն Աջարիայում «Հանուն Վրաստանի» կուսակցությունից երկու թեկնածու և Սամտրեդիայում «Երրորդ ուժ»-ից մեկ թեկնածու է հրապարակայնորեն հայտարարել ճնշման մասին, սակայն, ըստ ՆԳՆ-ի, Ներքին գործերի նախարարությունում զրույցի ժամանակ այդ անձինք հերքել են ճնշումը.

Սեպտեմբերի երկրորդ կեսին Դմանիսիում և Ռուսթավիում տեղի ունեցան երկու միջադեպեր՝ բռնության կիրառմամբ, որոնց ընթացքում վիրավորվեցին «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները: Շուտով Դմանիսիի ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին, ընթանում է հետաքննություն:

Օգոստոսին հաղորդվեց, որ Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչը, Պետական անվտանգության ծառայության և ֆինանսների նախարարության շրջանային ղեկավարները, իբր, հրահանգել են տեղի գործարարներին գումար հանգանակել իշխող կուսակցությանը: Ստուգման արդյունքում պարզվել է, որ օգոստոսի 2-ից 16-ը Սամցխե-Ջավախքի 87 ֆիզիկական և 5 իրավաբանական անձինք ընդհանուր առմամբ 714 000 լարի են հանգանակել իշխող կուսակցությանը:

Այդքան կարճ ժամանակում մեկ աշխարհագրական տարածքից կատարվող հագանակության այս չափը բավականին անսովոր է և կարող է լինել անուղղակի ապացույց` տարածված տեղեկատվության իսկության համար: Բացի այդ, սեպտեմբերի 4-ին «TV Pirveli»-ն եթեր է հեռարձակել մի ռեպորտաժ, որում լրագրողների հետ զրույցում հանգանակություն կատարած անձանցից ոմանք, ըստ էության, հաստատել են վերը նշված հանդիպումները և հանգամանքները:

Ոչ Վրաստանի ՆԳՆ-ից, ոչ դատախազությունից ամբողջական տեղեկատվություն չեն տրամադրել ենթադրյալ փաստերի առնչությամբ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ, որոնք ենթադրաբար պարունակում են օրենքի խախտման նշաններ: Ընտրություններին մասնակցող կուսակցությունները որոշակի տեղեկատվություն կարող էին ստանալ միայն Արդարադատության նախարարությանը կից ստեղծված «Ազատ և արդար ընտրությունների միջգերատեսչական հանձնաժողովի» նիստերի ժամանակ:

Հունիս-հուլիս ամիսներին Վրաստանի ԿԸՀ նախագահի և ԿԸՀ երկու նոր անդամների ընտրության բոլոր փուլերն ընթանում էին այնպես, որ իշխող կուսակցությունը պարզ խորհրդարանական մեծամասնությամբ էր հաստատում այդ պաշտոններին ներկայացված թեկնածուներին, ընդ որում այն թեկնածուներին, ովքեր չեն վայելում ընդդիմության աջակցությունը:

Ընտրական նպատակների համար իրավա-վարչական ռեսուրսի օգտագործումը.

Ինչպես նշվում է TI զեկույցում, նախընտրական շրջանում բյուջետային կազմակերպություններում աշխատող քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում էին իշխող «Վրացական երազանքի» հանդիպումներին:

Այդ դեպքերն էլ, իր հերթին, հատկանշական են նրանով, որ աշխատակիցներն այսպես, թե այնպես ենթարկվում են իշխանությունների քաղաքական թիմի ներկայացուցիչներին, ուստի ռիսկը մեծ է, որ նրանք իրենց կամքին հակառակ են մասնակցել նախընտրական արշավին:

«Սա կարող է համարվել Ընտրական օրենսգրքի այն մասի խախտում, որն «արգելում է ենթակայության տակ կամ որևէ այլ ծառայությունից կախվածության մեջ գտնվող անձանց, պետական և մունիցիպալ ծառայողների ներգրավումը այնպիսի գործողությունների մեջ, որոնք նպաստում են թեկնածուի առաջադրմանը և (կամ) ընտրությանը»: «Նախընտրական քարոզարշավի համար քաղաքացիական ծառայողների նման կենտրոնացումը, նույնիսկ եթե դա օրենքի ուղղակի խախտում չէ, առնվազն նպաստում է քաղաքացիական ծառայության ծայրահեղ քաղաքականացմանը, ինչն անընդունելի է», – նշված է փաստաթղթում:

Հայտարարվել են որոշ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների հետ պաշտոնական հիմունքներով քարոզչական հանդիպումներ կազմակերպելու դեպքեր, ինչը նոր օրենսդրական փոփոխությունների համաձայն օրենքի խախտում է: Այս առումով «Transparency International Georgia»-ն հինգ բողոք է ներկայացրել համապատասխան Շրջանային ընտրական հանձնաժողովներ, սակայն բողոքներից ոչ մեկը չի բավարարվել:

Ընտրական նպատակների համար ֆինանսական վարչական ռեսուրսների օգտագործումը.

Վրաստանի Ընտրական օրենսգիրքն արգելում է նախագծերի/ծրագրերի իրականացումը, որոնք պետական կամ մունիցիպալ բյուջեով նախատեսված չեն եղել ընտրությունների օրվանից 60 օր առաջ:

Նույն սահմանափակող ժամանակահատվածը ներառում է նաև պետության, ինքնավար հանրապետության կամ մունիցիպալ բյուջեում սոցիալական վճարների (կենսաթոշակ, սոցիալական աջակցություն, նպաստ և այլն) չափի ավելացման որոշումների ընդունումը:

Հաշվետու ժամանակահատվածում «Transparency International Georgia»-ն առանձնացրել է կառավարության 10 նախագիծ/նախաձեռնություն, որոնք կարող են դիտարկվել որպես ընտրական նպատակներով դրամական միջոցների վատնում:

Առաջարկություններ.

Ինչ վերաբերում է առաջարկություններին, կազմակերպությունը հայտարարում է, որ քննչական մարմինները պետք է անաչառ կերպով քննեն ենթադրյալ բռնության, ճնշման դեպքերը կամ հանցագործության այլ նշանները և դրանք հետաքննեն սեղմ ժակմետներում:

Բացի այդ, Վրաստանի ՆԳՆ-ը պետք է օպերատիվ կերպով հրապարակի ընտրությունների հետ կապված գործերի քննության ընթացքի և արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

«Transparency International Georgia»-ը խորհուրդ է տալիս Վրաստանի կառավարությանը ձեռնպահ մնալ ընտրություններին ընդառաջ լայնամասշտաբ սոցիալական ծրագրեր նախաձեռնելուց, որպեսզի «ընտրական սուբյեկտների միջև չվնասվի առողջ մրցակցությունը»: