Ախալքալաքում շարունակում է արդիական մնալ քաղաքային լուսացույցների անսարքության խնդիրը։ Այս պահին Մաշտոց-Ազնավուր խաչմերուկի լուսացույցպ անսարք է, այն չի աշխատում 2022 թվականի օգոստոսից։
2023 թվականի հունվարին լուսացույցների երկամյա սպասարկման համար հայտարարվել էր էլեկտրոնային մրցույթ, որն ինչպես և երկրորդ անգամ, մասնակիցների բացակայության պատճառով չի կայացել։ Ինչպես Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, երկու տապալված մրցույթներից հետո քաղաքապետարանը փորձում է պարզել մասնակիցների բացակայության պատճառը, ինչպես նաև ուղիղ բանակցություններ է վարում համապատասխան ընկերությունների հետ։
«Մենք երկու անգամ մրցույթ ենք հայտարարել, ոչ ոք չի մասնակցել: Երկու տարվա ծառայության համար առաջարկվել է մինչև 15000 լարի վճարել, որ պայմանագրով ամրագրված լինի, որ եթե ինչ-որ բան շարքից դուրս գա, անմիջապես տեղյակ կպահենք ընկերությանը, իրենք էլ կշտկեն՝ ըստ պայմանագրի: Մենք հիմա ընկերություններից կիմանանք, թե ինչը չեն հավանել, միգուցե գումարն այն չէ, գուցե նրանք ծանրաբեռնված են»,- մեկնաբանեց Մակարյանը։
Քաղաքապետի խոսքով, մունիցիպալիտետն ինքը չի կարող ապահովել լուսացույցների սպասարկումը, քանի որ չկան համապատասխան մասնագետներ։
«Դա մի փոքր սպեցիֆիկ աշխատանք է, այս պահին մենք ինքնուրույն չենք կարող այդ հարցը լուծել, ոչ պահեստամասեր ունենք, ոչ գիտելիք: Նոր լուսացույցն արժե 25-30000 լարի, բայց կան մի քանի տարրական բաներ, որոնք կարելի է սարքել, և կաշխատի: Տարբեր ընկերություններ կան, վերահսկող ծառայության աշխատակիցները կապվում են նրանցից մեկի հետ պայմանավորվածության գալու, նոր փաստաթղթեր կազմելու և մրցույթը նորից հայտարարելու կամ ուղղակի պայմանագիր կնքելու համար»,- հավելեց քաղաքապետը։
Ինչպես նշեց Մելքոն Մակարյանը, որոշակի ընկերության հետ պայմանների շուրջ համաձայնության գալուց հետո ընթացակարգը կտևի 10 օրից ոչ ավելի, և լուսացույցը կսկսի աշխատել։