Շատ տեղերում կարելի է հանդիպել հատուկ ծառերի, որոնց վրա կապկպված են հատուկ ժապավեններ՝ հույսով, որ կկատարվի ցանկությունները։ Սակայն Ախալքալաքում ժապավենների փոխարեն կապում են պոլիէթիլենային տոպրակներ՝ դրանով իսկ ոչ միայն ենթարկվելով սնահավատությանը, այլև 100 տարով աղտոտելով շրջակա միջավայրը։
Ախալքալաքցիներից շատերը ավանդույթ ունեն՝ ինչ-որ բան կապել ծառերի ճյուղերին՝ սրբավայրերի մոտ, որտեղ նրանք գնում են ուխտագնացության։ Այս գործողությունը կատարում են շատ ժողովուրդներ, քանի որ կա համոզմունք, որ սուրբ վայրերը կախարդական ուժ ունեն, եթե այնտեղ ինչ-որ թփի կամ ծառի վրա գունավոր կտոր կապես ու ցանկություն պահես, դա անպայման կիրականանա։ Ըստ որոշ բացատրությունների՝ սա ծեսի փոխառությունն է բուդդիստներից։
Ախալքալաքցիները հավատում են, որ կապված նյութի քայքայման հետ մեկտեղ իրենց ցանկությունը կիրականանա։ Սակայն վերջերս, արագ քայքայվող նյութերի փոխարեն պոլիէթիլենային տոպրակներ են սկսել կապկպել ճյուղերին։ Արտաքինից այն կարծես ծառ լինի, որը պտուղ է տալիս աղբի տեսքով։ Հաշվի չի առնվում նաև, որ այս նյութի քայքայման համար պահանջվում է ավելի քան 100 տարի, ինչը նշանակում է, որ մեծ վնաս է հասցվում ծառին ու բնությանը։
Չնայած այն հանգամանքին, որ կան մարդիկ, ովքեր իրենց «պոլիէթիլենային ցանկությունները» կախում են ծառերից, ախալքալաքցիներից շատերը նման գործողություններն ընկալում են որպես անիմաստ սնահավատություն։
«Սրբավայրերի մոտ ծառերից ոչինչ չեմ կախում, որովհետև Հայ առաքելական եկեղեցին նման ավանդույթներ չունի: Բայց և այդ ցելոֆաններն էլ չեմ հանել: Միգուցե կապողը հավատում է, դա ինձ պե՞տք է։ Նախկինում երբեք նման բան չի եղել, ոչ ոք նման բան չի արել: Սրանք եվրոպական ավանդույթներ են, բայց վատ մեկնաբանությամբ: Մերոնք իր հետ ցելոֆանով մոմեր են վերցնում, հետո այդ ցելոֆանները կախում ծառերից»,- ասում է ախալքալաքի բնակիչ Ա. Կարինան:
Ախալքալաքի բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ դա ոչ միայն գեղեցիկ չէ, այլև կրոնական տեսանկյունից ճիշտ չէ։
«Չէ, չենք կախում, մենք գնում ենք մատուռներ, մոմեր ենք վառում: Երևի ինչ-որ բան պետք է կապել, բայց ոչ ցելոֆան: Այս ամենը սնահավատություն է, սրանում ճիշտ ոչինչ չկա»,- ասում է Ախալքալաքի բնակիչ Հերմինեն։
Ճիշտ է, Ախալքալաքի կենտրոնում մեր հարցման ժամանակ բոլորը պատասխանեցին, որ պոլիէթիլենային տոպրակներ չեն կապում սրբավայրերի մոտ ծառերի ճյուղերին, բայց իրենց սիրելի սուրբ վայրերի մոտ գտնվող ծառերը՝ ներկված գունավոր պոլիէթիլենով, ապացուցում են, որ բավականին շատ են մարդիկ, ովքեր կապում են պոլիէթիլենային տոպրակներ՝ ցանկություններն իրականություն դարձնելու համար։
Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Նարեկ քահանա Տիգրանյանի խոսքով, նման ավանդույթ կա Հայաստանում՝ Գեղարդում, Գառնիում և այլ սրբավայրերում, բայց այնտեղ ժապավեններ են կախվում, ոչ թե պոլիէթիլենային տոպրակներ, որոնք ոչ միայն այլանդակում են տարածքը, այլև չեն քայքայվում։
«Մարդիկ դա կապում են ցանկությունների կատարման հետ, որ իրենց ցանկությունը կատարվի: Սա սնահավատության ևս մեկ տեսակ է: Մենք հույսը դնում ենք այդ կտորի վրա, էլի ինչ-որ բանի վրա, որը կկատարի մեր ցանկությունները: Սա սովորույթ է, բայց եթե դրան նշանակություն տաս, ապա դա միանշանակ ճիշտ չէ: Որովհետև ամեն ինչ կատարում է Աստված: Ծառի ճյուղերին թել կամ ցելոֆան կապելու փոխարեն պետք է խնդրել սրբերի բարեխոսությունը, որպեսզի ձեր ցանկությունը կատարվի տվյալ Սուրբի օգնությամբ: Անկասկած դա հաճելի չէ աչքի համար, քանի որ բնությունն ինքը՝ հենց ծառը, գեղեցկություն է»,- ասում է նա։
Երբեմն քաղաքացիական ակտիվ մարդիկ մաքրում են սրբավայրերի շրջակայքը, բայց հաճախ մարդիկ վախենում են դիպչել «պոլիէթիլենային ցանկություններին»՝ համարելով, որ չի կարելի «ոտնձգություն» կատարել այն մարդու ցանկության վրա, ով ձիգ կապել է պոլիէթիլենային տոպրակը, որը պիտի փչացնի բնությունը հարյուր տարի: