Ախալքալաքում, ազգային-հայրենասիրական նախագծի շրջանակներում, անցկացվեց մանկապատանեկան միջազգային փառատոն, որին մասնակցում էին վրացական, հայկական և ուկրաինական ժողովրդական համույթներ:
Երեկ՝ սեպտեմբերի 23-ին, Ախալքալաքի մշակույթի տանը տեղի ունեցավ միջազգային փառատոն Ախալքալաքի մշակույթի տան «Մուրջի» և «Ջավախք» պարային համույթների, Կիևի մանկապատանեկան պալատի «Կվիտի (ծաղիկներ) Ուկրաինի», Գորիի «Շուշպարի» և «Ջվարուլի» և «օրբա» համույթների մասնակցությամբ: Փառատոնը կազմակերպվել էր ազգային-հայրենասիրական նախագծի շրջանակներում և կոչվում էր «Մենք միասին ենք»:
Մշակույթի տան դահլիճը լեփ լեցուն էր: Համերգը տևեց մեկուկես ժամ և անցավ հանդիսատեսի բուռն ծափահարություններով:
Փառատոնի ավարտին հյուրերին շնորհակալություն հայտնեցին Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը, քաղաքապետարանի մշակույթի, սպորտի, կրթության, զբոսաշրջության և երիտասարդության հարցերով բաժնի պետ Վալերի Ստելմաշովը և «Ջավախք» ժողովրդական երգի ու պարի համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանը: Նրանք հյուրերին հանձնեցին պատվոգրեր և հուշանվերներ:
Սլավա Մելիքիձեն Ուկրաինացի հյուրերին նվիրեց «Ջավախք Ախալքալաք – Մեր հոգու ուրախություն» իր գիրքը:
Ալիկ Քսպոյանը հյուրերին անակնկալ մատուցեց, նա երգեց ուկրաինական ժողովրդական երգ:
Ի պատասխան, մասնակցող խմբերի գեղարվեստական ղեկավարները ցույց տվեցին վրացական պարի իրենց հմտությունները:
«Մարտի 23-ից 25-ը մենք Ուկրաինայում էինք, 5-րդ միջազգային փառատոնին: Մենք ներկայացրնում էինք այնտեղ Վրաստանը: Հետո նրանց հրավիրեցինք Ախալքալաք», – բացատրում է «Մուրջի» անսամբլի պարուսույց և գեղարվեստական ղեկավար Գիորգի Մետրեվելին:
Ուկրաինացի հյուրերը Ախալքալաք էին ժամանել սեպտեմբերի 20-ին: Նրանք այցելեցին Ախալքալաքի գավառագիտական թանգարան, հանդիպեցին քաղաքի ղեկավարության հետ, այցելեցին Ախալքալաքի տեսարժան վայրեր, եղան նաև Վարձիայում և Ռաբաթում:
«Կվիտի Ուկրաինա» համույթից` Դարյա Կուստովիցը Վրաստանում առաջին անգամն էր:
«Ինձ շատ դուր եկավ ձեր բնությունը, և դուք շատ հյուրընկալ մարդիկ եք», – ասաց նա:
Սեպտեմբերի 25-ին փառատոնը կհյուրընկալվի Նինոծմինդայում:
Շուշան Շիրինյան