Այսօր, օգոստոսի 19-ին «Ատգեն Արմենյան« հիմնադրամի նախագահ, հայտնի ջութակահար Վան Արմենյանն իր կնոջ և երեխաների հետ միասին այցելեց Ջավախք՝ դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովին և Աննա Ղարսլյանին անձամբ վկայագրեր փոխանցելու։

Օգոստոսի 4-17-ը, «Ատգեն Արմենյան» հիմնադրամը որոշեց ամառային ակադեմիա ստեղծել աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի գլխավորությամբ՝ որպես գեղարվեստական ղեկավար։ Ակադեմիային հրավիրված էին նաև այլ աշխարհահռչակ երաժիշտներ, և չորս մասնագետներ աշխատել են 45 երեխաների հետ՝ Մոսկվայից, Հայաստանի տարբեր մարզերից և Ջավախքից։ Նրանց կեցությունը և դասընթացները ամբողջությամբ անվճար էր։

Հիմնադրամի նախագահի խոսքով, այս տարի առաջին անգամն էր, որ Հայաստանում լավագույն տաղանդները գտնվեցին մեկ տեղում և վարպետության դասեր ստացան:

«Այս ակադեմիան հիմնեցինք արդեն շատ լուրջ հիմքերի վրա և մեր նպատակն է՝ ամեն գործիքներ ներգրավենք և հավանաբար մոտ 100 աշակերտ ունենանք: Այս տարվա համար նաև դիմել ենք ֆինանսական աջակցություն ստանալու ՀՀ կառավարությունից և հույս ունենք, որ այն կդառնա կառավարական ծրագիր, որովհետև ժամանակն է եկել, որ Հայաստանն իր երեխաների մասին հոգ տանի, իսկ Ջավախքի երեխաները Հայաստանի երեխաներն են, մեր հայրենակիցներն են», – ասում է «Ատգեն Արմենյան» հիմնադրի ղեկավարը։

Անահիտը շատ գոհ է վերադարձել Զարթոնք ակադեմիայի երկշաբաթյա դասընթացներից և կիսվում է տպավորություններով․

«Ինձ շատ դուր եկավ Վանաձորում։ Ամեն օր տարբեր զբաղմունք էինք ունենում, վարպետության դասեր և ամեն-ամեն ինչը հավանեցի։ Վարպետության դասերի ժամանակ սովորում ես սովորում էի նվագելու մարտավարությունը, ամեն ինչի վրա մասնավորապես աշխատում էինք։ Մինչ այդ իմ ձեռքը մի քիչ հոգնում էր նվագելու ժամանակ, բայց այստեղ ինձ սովորեցրեցին ինչպես ճիշտ նվագել, որ ձեռքը չհոգներ բարդ ելույթների ժամանակ։ Ինչպես նաև շատ ընկերներ ձեռք բերեցի, կարծես դարձանք ընտանիք», – ժպիտով պատմում է պատանի դաշնակահարուհին։

1

Անահիտի հետ միասին «Զարթոնք» ակադեմիային էր մասնակցում 15-ամյա Աննա Ղարսլյանը, ով «Ատգեն Արմենյան» հիմնադրամի սանն է Նինոծմինդայից։ Նա այստեղ վոկալ է ուսանում արդեն 2 տարի և ամեն ամիս հաճախում է դասերի, աշխատում պրոֆեսիոնալ մասնագետների հետ։

Աննան իրեն հաջողակ մարդ է համարում, որ այս հիմանդրամի սան է. «Այս հիմնադրամի շնորհիվ ես ստացել եմ կրթաթոշակներ, մասնակցել եմ մրցույթների և շատ հաջողություններ եմ ունեցել։ Շատերը, որ երազում էին աշխատել Ալին Գութանի հետ, ես այդ հնարավորությունը ստացա այս հիմնադրամի շնորհիվ, շատ գիտելիքներ ձեռք բերեցի երգի ոլորտում և այս հիմնադրամը մեզ օգնեց ստանալ ճիշտ հիմք, ճիշտ երաժշտական գիտելիքներ և ճիշտ ուղու վրա մեզ կանգնեցրեց»:

Բացի վկայագրերը տաղանդավոր փոքրիկներին հանձնելուց, Վան Արմենյանը նշեց, որ ցանկանում էր նաև տեսնել Անահիտի նոր դաշնամուրը, որը նա ձեռք էր բերել հիմնադրամի ֆինանսավորմամբ։

«Անահիտն արդեն օգնություն կստանա վրացական կազմակերպությունից, բայց մենք ուզեցանք աաջակցել նաև իրեն դաշնամուր տրամադրելով, լավ որակի ռոյալ, որ կարողանա լավ գործիքի վրա պարապել, իսկ Աննան ամիսը մի շաբաթով գնում է Երևան և մասնագետի մոտ վոկալի, երգի դասեր է անցնում, արդեն 2 տարի։
Անահիտն արդեն հասել էր այն մակարդակին, որ իր համար վնասակար էր, որ ուրիշ դաշնամուրի վրա պարապի, և շատ կարևոր է, որ գոնե նվազագույնը լավ գործիք ունենա, որ կարողանա արդեն իր երաժշտական գաղափարները արտահայտի գործիքի վրա: Ինչը և շատ կարևոր է», – ասում է հիմնադրամի նախագահ Վան Արմենյանը:

Ատգեն Արմենյան հիմնադրամը բարեգործական կազմակերպություն է, որն արդեն 10 տարի է գործում է Հայաստանի մարզերում և Ջավախքում։ Նպատակն է բացահայտել տաղանդավոր երեխաներին և նրանց լավ հիմքեր տալ, ինչպես նաև նրանց համար գտնել լավ ուսուցիչներ։

Ռիմա Մառանգոզյան