Այսօր «Եվրոպական Վրաստան» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն քարոզարշավով Ախալքալաքում էր։
Դավիթ Բաքրաձեն քարոզարշավի ընթացքում հանդիպեց Ախալքալաքի և Նինոծմինդայի բնակիչների հետ։ Հանդիպմանը ներկա էին մոտ 300 մարդ։
Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց հավաքվածներին։
«Ես շատ հաճախ եմ լինում Ախալքալաքում և Նինոծմինդայում։ Այսօրվա հանդիպումը հոկտեմբերի 28-ի ընտրությունների վերաբերյալ էր, իմ ցանկությունն էր, որ բնակչությանը հայտնեի, որ հոկտեմբերին մենք չենք ընտրում մեկ մարդու, հոկտեմբերի 28-ը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս մարդկանց, որպեսզի յուրաքանչյուրն ընտրի իր պայծառ ապագան և իր կյանքը դարձնի ավելի լավ», – ասաց Դավիթ Բաքրաձեն։
Նախագահի թեկնածուն հույս հայտնեց, որ Ախալքալաքի, Նինոծմինդայի և մյուս շրջանների բնակչությունը ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին և կկատարեն իրենց ընտրությունը փոփոխությունների համար։
«Ընտրությունը այն է, երբ կյանքը բարեկեցիկ է դառնում և ոչ թե այն, երբ կառավարությունը այնպիսի թեկնածու է առաջարկում, որը ոչ շրջանի խնդիրները գիտի, ոչ էլ ընդհանրապես եղել է շրջանում և նաև հիմա էլ չի պատրաստվում այցելել ժողովրդին և ինչ-որ բան իրականացնել», – հավելեց Բաքրաձեն։
Թեկնածուն խոսեղ «այսօրվա կյանքի դժվարության մասին», ինչպես նաև Ախալքալաքի բնակիչների ամենահուզիչ թեմայի շուրջ, անձնագրերի խնդրի մասին։
«Այստեղ շատ քաղաքացիների անհանգստացնում է քաղաքացիության հարցը, և սա ուղակիորեն կառավարության պարտքն է, օգնել նրանց, որպեսզի ստանան Վրաստանի քաղաքացիություն։ Այսօր կառավարությանն այս մարդկանց ճակատագիրը չի անհանգստացնում», – ասաց նա։
Նա խոսեց ներկայիս կառավարության կիսատ թողած նախագծերի մասին, ինչպիսին է օրինակ շրջանների գազաֆիկացումը։
«Ամբողջ Վրաստանում 2017 թվականին պետք է ավարտին հասցվեր գազաֆիկացումը, սակայն այս նախագիծը հետաձգեցին մինչև 2021 թվական, բայց ներկա պահին էլ աշխատանքներ չեն իրականացվում։ Եվ այս շրջանը, որն էլ ամենացուրտն է, դեռ մնում է գազից զուրկ և մարդիկ տունը տաքացնելու հնարավորություն չունեն», – ավելացրեց Բաքրաձեն։
Ըստ նրա, այս ամենը նշանակում է, որ ժողովրդին փոփոխություն է հարկավոր և այդ փոփոխությունների ճանապարհը ճիշտ ընտրությունն է։
Գայանե Ակոջյան