Վրացական երկաթուղին, ըստ նախնական համաձայնագրի, Հայաստան ցորենի ներմուծման ժամանակ կիրականացնի զեղչերի համակարգ: Այս մասին տեղեկացնում է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամլո ծառայությունը:
Վրաստանում, սեպտեմբերի 15-ից, արգելվում է ցորենի կամ ցորնային-աշորային ալյուրի ներմուծումը կամ արտահանումը ավտոտրանսպորտով, – ասվում է երկրի Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանի հրամանում, որը հրապարակվել է օրենսդրական լրաբերի տեղեկատվական կայքէջում:
Վրաստանի ֆինանսների նախարարի կարգադրության մեջ ասվում է, որ ցորեն կամ ցորնային-աշորային ալյուր կարելի է տեղափոխել երկաթուղային կամ ծովային տրանսպորտով, իսկ ինչ վերաբերում է ավտոտրանսպորտին, ապա այս տրանսպորտային միջոցները կարող են թույլատրվել առանձնահատուկ դեպքերում` Ֆինանսների նախարարության եկամտային ծառայության համաձայնությամբ:
Որոշումը վերաբերում է Վրաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնող բոլոր երկրներին:
«Այդ մշակաբույսերի Հայաստան բեռնափոխադրումների սակագների բարձրացման կանխման համար բանակցություններ են ընթանում Վրացական երկաթուղու և Հարավկովկասյան երկաթուղու (Հայաստան) ղեկավարների միջև», – նշեցին վարչությունում:
Նախնական համաձայնությամբ վրացական երկաթուղին հայաստանյան փոխադրողների համար կիրականացնի զեղչեր, որի արդյունքում ակնկալվում է, որ ապրանքների փոխադրման ծախսերը չեն ավելանա:
Նախօրեին «Новости-Армения» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցություններ է վարում Վրաստանի հետ` բեռների փոխադրման սակագինը նվազեցնելու համար հացահատիկայինների մատակարարման սահմանափակումների մտցման կապակցությամբ:
Մասնավորապես, բանակցություններն ընթանում են վրացի գործընկերների հետ, որպեսզի հայկական կողմի համար, փոխադրման տեսակի փոփոխության դեպքում, սակագների փոփոխության աճ չլինի: