Երևանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակիցները երրորդ գիշերը լուսացրին Բաղրամյան պողոտայում: Երրորդ գիշերն ի տարբերություն հունիսի 23-ի՝ խաղաղ է անցել: Ոստիկանները ցուցարարների դեմ գործողություններ չեն ձեռնարկել: Ամբողջ գիշերը Բաղրամյան պողոտայում իսկական ազգային տոնախմբություն էր: Երիտասարդները երգում ու պարում էին: Երևանյան իրադարձությունները հայտնվեց միջազգային մամուլի առաջին էջերում: Ռուսական մամուլը Հայաստանում ընթացող իրադարձությունները որակում է որպես հակառուսական գործողություններ:
Ռուսաստանում բնակվող մեր հայրենակիցները, հետևելով ռուսական լրատվամիջոցներին անհանգստացած են Երևանում տեղի ունեցող իրադարձություներով: Նրանց կարծիքով, Հայաստանում ուկրանիական իրադարձությունների սցենարն է կրկնվում: Սակայն Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդները ոչ մի հակառուսական պահանջ կամ գործողություն չեն իրականացնում: Ցուցարարները ժամանակ առ ժամանակ վանկարկում են՝ «Մենք ենք, մեր երկրի տերը», «Հայաստան», «Հաղթելու ենք», «Կասեցում»:
«Ռուսաստանից զանգում են, թե մայդան եք անում: Ռուսներուն դեմ եք: Ես այս օրերի ընթացքում միշտ եղել եմ Բաղրամյանում, նման բան չկա: Ռուսական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում, թե ցուցարարները խփել են ոստիկաններին, զինված են եղել և այլն: Բացարձակ սուտ է: Մենք ոչ մի անօրինական բան չենք անում: Ուղղակի պահանջում ենք անօրինական որոշման կասեցում: Մինչև հիմա չկա գեթ մի հակառուսական տրամադրություն, հետո ինչ որ ՀԷՑ-ը ռուսներին է»,- ասաց խաղաղ ցույցի մասնակից Գեղամ Շահբազյանը:
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանի կարծիքով երևանյան իրադարձությունները զուտ ներքին հայկական մթնոլորտ է:
«Արևմտյան և ռուսական լրատվամիջոցները Երևանում տեղի ունեցող իրադարձությունները բնականաբար մեկնաբանում էին, այնպես ինչպես իրենց է ձեռնտու: Ռուսական լրատվակաները հակառուսական գործողություններ են տեսնում այս ամենում: Իրականում, սա ներքին հայկական մթնոլորտ է, սոցիալական խնդիրների բարձրաձայնում և ոչ մի կապ չունի Մայդանի հետ»,- ասաց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Հարցին, թե հնարավոր է երիտասարդների խաղաղ ցույցը քաղաքական երանգ ստանա վերջինս պատասխանեց.
«Ի սկզբանե այն քաղաքական է: Հասարակությունն իր մեջ կուտակած դժգոհությունը նման ձևով է բարձրաձայնում: Կարծում եմ, իշխանությունները կփորձեն գտնել իրենց ձեռնտու կոմպրոմիս»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Նշենք, որ հունիսի 19-ից «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները և նրանց միացած քաղաքացիները նստացույց էին անում Ազատության հրապարակում: Նրանք իշխանություններին վերջնաժամկետ էին տվել՝ մինչև հունիսի 22-ը ժամը 19:00-ն կասեցնել օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, այլապես երթով կշարժվեն նախագահական նստավայր:
Ոստիկանները փակել են Բաղրամյան պողոտան՝ թույլ չտալով երթի մասնակիցներին առաջ շարժվել, ինչին հաջորդել է մոտ 10 ժամ տևած նստացույցը: Հունիսի 23-ին վաղ առավոտյան՝ ժամը 05:20-ի սահմաններում, ոստիկանությունը ջրցան մեքենաների օգնությամբ ցրեց ցուցարարներին։ Այնուհետև՝ ջրցանի աշխատանքի ներքո, գործի անցան ոստիկանները, որոնք ևս իրենց հերթին «մաքրեցին» փողոցը ցուցարարներից: Րոպեներ անց Բաղրամյան պողոտայում ցուցարարներ ու լրագրողներ գրեթե չէին մնացել:
Ոստիկանության գործողության ընթացքում, բացի ցուցարարներից, ծեծվեցին ու բերման ենթարկվեցին ցույցը լուսաբանող մի շարք լրագրողներ ու օպերատորներ: Ոստիկանները կոտրել և առգրավել են տեսա և ֆոտոխցիկներ, կրիչ սարքեր և այլն: Արդյունքում ոստիկանական բաժանմունքներ բերման էր ենթարկվել 237 անձ, որոնք բոլորն էլ արդեն ազատ են արձակվել և հարուցված քրգործով հանդես են գալիս որպես վկա: Մոտ 25 մարդ էլ դիմել էր բուժօգնության՝ ստացած վնասվածքների արդյունքում: Բողոքի ցույցը վերսկսվեց հունիսի 23-ի երեկոյան, երբ Ազատության հրապարակում հավաքվածները կրկին գնացին Բաղրամայնի պողոտա, որտեղ էլ մնում են մինչ օրս:
Ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել ՀԾԿՀ-ը որոշումը էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ:
Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ը մասնակի բավարարեց էլէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը՝ սակագինն օգոստոսի 1-ից կբարձրանա ոչ թե 17, այլ 6,93 դրամով: ՀԾԿՀ դիմելով՝ ՀԷՑ-ը առաջարկում էր 1 կՎտժ սակագինն ավելացնել մոտ 17 դրամով: Ներկայիս գործող 41,85 դրամ ցերեկային ու 31,85 դրամ գիշերային սակագինն այդ դեպքում կդառնար համապատասխանաբար 58.93 և 48.93 դրամ:
Աղունիկ Այվազյան