Ասյա Գաբրիելյանը և Աղավնի Մոսոյանը Դիլիսկա գյուղից են: Նրանք ընտրել են հազվադեպ և ոչ տարածված մասնագիտություն և հույս ունեն դառնալ լավ մասնագետ:

Այս տարի Ասյա Գաբրիելյանը և Աղավնի Մոսոյանը կդառնան ուսանողներ: Նրանք շատ ուրախ են, շատ սպասելիքներ և հույսեր ունեն իրենց ընտրած մասնագիտություններից: Ասյա Գաբրիելյանը ցանկանում է դառնալ մարքեթոլոգ, իսկ Աղավնի Մոսոյանը` դիզայներ:

Ասյա Գաբրիելյանը Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարան է ընդունվել 1 + 4 ծրագրով: Նա ընտրել է մարքեթոլոգի մասնագիտությունը, որը մանկուց նրան հետաքրքրել է:

Ըստ Ասյայի, շատերը, երբ լսում են, թե ինչ է ուզում դառնալ, զարմանում են և հարցնում.
«Ինչ է դա և որտեղ ես աշխատելու: Բայց ես իմ ապագան տեսնում եմ Թբիլիսիում և հենց այս մասնագիտությամբ », – ասում է նա:

Ասյան մաթեմատիկայի և ընդհանուր հմտությունների քննությունները հանձնել է մայրենի լեզվով և հավաքել 51 միավոր, ու արդյունքում նա սովորելու է անվճար:

«40 հարց մաթեմատիկայից էր և 40 տրամաբանությունից: Ինձ համար դժվար էին մաթեմատիկայի հարցերը: Յուրաքանչյուր առարկայի համար նախատեսված էր 1 ժամ 30 րոպե: Այն մասին որ ընդունվել եմ դպրոցում իմացա և շատ ուրախացա », – ասում է Ասյա Գաբրիելյանը:

Նա վրացերենին տիրապետում է միջին մակարդակի, բայց հույս ունի, որ նախապատրաստական կուրսից հետո ազատ կխոսի:

Ուսանողուհին շատ ուրախ է, որ իր երազանքի իրականացման ճանապարհին է, բայց մյուս կողմից վախենում է նոր կյանքից: Նա միայն մեկ անգամ է եղել Թբիլիսիում:

«Ես չեմ վախենում առանց ծնողների, մենակ լինելուց, պարզապես պատրաստ չեմ կյանքի փոփոխություններին: Թեև ես շատ ընկերներ և ծանոթներ ունեմ, ովքեր նույնպես սովորում են Թբիլիսիում », – ասում է նա:

Աղավնի Մոսոյանը ընդունվել է Իլյայի համալսարանը: Նա հավաքել է 32 միավոր և սովորելու է վճարովի:
«Ես գիտեմ, որ դիզայներություն սովորելով կունենամ իմ սեփական գործը, բացի այդ ինձ դուր է գալիս նաև լեզվաբանը, շատ եմ սիրում լեզուները: Ինձ համար դժվար էր հանձնել տրամաբանությունը: Ես չկարողացա ինձ հատկացված ժամանակը ճիշտ օգտագործել », – ասում է Աղավնի Մոսոյանը:

Մյուս տարի Աղավնի Մոսոյանը կրկին ուզում է հանձնել քննություն և փորձել անցնել անվճար կրթության:
Ըստ նրա, նա ընտրել է այն մասնագիտությունը, որը համապատասխանում է իր հնարավորություններին:

Նա մի քանի անգամ եղել է Թբիլիսիում և շատ ուրախ է, որ ապրելու է մեծ քաղաքում: Նա ապրելու է իր եղբոր հետ, ով նույնպես այս տարի դարձել է ուսանող:

«Ես իմ ապագան տեսնում եմ Թբիլիսիում: Ես սիրում եմ Թբիլիսին և վրացերենը: Կարծում եմ, ես կսովորեմ լինել ինքնուրույն, ինչպես նաև կսովորեմ վրացերենը », – ասում է Աղավնի Մոսոյանը:

Շուշան Շիրինյան