Անցյալ տարի կառուցված Ախալքալաքի միակ հասարակական զուգարանը չի գործում: Ախալքալաքի սպասարկման կենտրոնը, որին հանձնվել է զուգարանը, հրաժարվում է սպասարկել այն:
Ախալքալաքի հասարակական զուգարանը, որը տարիներ շարունակ փորձում էին կառուցել, սակայն տեղ չէին գտնում, կառուցվել է 2017 թվականին: Այն գտնվում է Խաս Բախչա զբոսայգու դիմաց, Հանրային ռեեստրի շենքի հարևանությամբ:
Վերջին անգամ հասարակական զուգարանի մասին jnews- ը գրել էր հունիսի վերջին: Այն ժամանակ քաղաքապետ Յուրիկ Ունանյանն ասաց, որ մոտ օրերս հանրային զուգարանի սպասարկումը կհանձնեն Ախալքալաքի սպասարկման կենտրոնին և զուգարանը կսկսի գործել: Այն ժամանակ նաև ասացին, որ զուգարանից օգտվելու համար որոշվել է 20 թեթրի խորհրդանշական գումար:
Ախալքալաքում անհամբերությամբ էին սպասում զուգարանի բացմանը, քանի որ Հանրային ռեեստրում հաճախակի գոյացող հերթերի ժամանակ, մարդկանց անհրաժեշտ է լինում հասարակական զուգարանը:
Թվում էր, թե հարցն արդեն լուծվել է՝ շենքը կառուցվել է, սակայն ինչ-ինչ պատճառներով բացումը հետաձգվում էր: Պարզվեց, որ Ախալքալաքի սպասարկման կենտրոնը հրաժարվել է ընդունել և սպասարկել զուգարանը:
Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն արդեն քաղաքապետարանին ներկայացրել է մերժումը:
«Մենք ունենք 6 հոգուց բաղկացած մեր հանձնաժողովը, քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին նայեցինք շենքը և առաջին խնդիրը, որ տեսանք, դա այն էր, որ ջրի ճնշումը շատ թույլ է: Երկրորդը, կողքի մարդկանցից իմացանք, որ կան կոյուղու հետ կապված պրոբլեմներ, ուղղակի այդ պահին մեզ հետ չկային մասնագետներ, որ նայեին: Խողովակների միացման տեղերից ջուր է կաթում: Բացի դրանից, հետագա սպասարկման համար չկան պայմաններ: Աշխատողների համար նստելու տեղ չկա, ջեռուցում չկա », ասում է Արմեն Բիչախչյանը:
Ներկա դրությամբ հասարակական զուգարանի դուռը կոտրված է և բաց: Այն լցված է աղբով ու արդեն տիրում է հակասանիտարիական վիճակ: Զուգարանի շենքի ընդունման քաղաքապետարանի պատասխանատու անձինք արձակուրդում են, իսկ ճարտարապետության ծառայությունում ասացին, որ վերջերս զուգարանի դուռը կոտրվել է, և շինարարին խնդրել են, որ այն վերանորոգի:
Սակայն, շինարարը՝ անհատ ձեռներեց Նորայր Մանասյանն ասում է, որ երբ ինչ-որ բան դիտավորյալ կոտրվում է, ապա շինարարը դրանում մեղավոր չէ, և պարտավոր չէ նորոգել:
«Երաշխիքային ժամկետը կապ չունի, եթե դիտմամբ են կոտրել: Զուգարանը կառուցված է հենց նախագծի համաձայն: Ամբողջ ձմեռ ջուրը հոսում էր, ես բացել էի ծորակը, որպեսզի ջուրը չսառչեր, չեմ հասկանում ինչ խնդիրներ կարող են լինել կոյուղու հետ կապված: Աշխատանքն ընդունել է քաղաքապետարանի հանձնաժողովը », – ասաց Նորայր Մանասյանը:
Ինչումն է խնդիրը, ինչու ներկա պահին շահագործումը հնարավոր չէ, և ինչ վիճակում է հանձնաժողովը ընդունել շինարարությունը, մենք կփորձենք քաղաքապետարանից պարզել արձակուրդների սեզոնից հետո:
Շուշան Շիրինյան