Ախալքալաքի բյուջեից կանաչապատման համար հատկացվել է 17 000 լարի: Գումարը դեռ չի ծախսվել մինչ վերջ, նախատեսված աշխատանքները գրեթե ավարտված են:

Այս տարի Ախալքալաքում բացվեց նոր, ոչ կոմերցիոն անշահութաբեր «Ախալքալաքի սպասարկման կենտրոն» կազմակերպությունը, որը միավորում է 7 ծառայություն: Այդ ծառայություններից մեկը զբաղվում է քաղաքի կանաչապատմամբ և բարեկարգմամբ:

«Ախալքալաքի սպասարկման կենտրոնի» տնօրեն Արմեն Բիչախչյանի խոսքերով, քաղաքի կանաչապատման հետ կապված աշխատանքները գրեթե ավարտված են:

«Թեև ամբողջ գումարը չի ծախսվել, դեռ կա: Բայց մենք պարապ չենք նստելու, մի բան կմտածենք », – ասում է Արմեն Բիչախչյանը:

Այս գարնանը Վաչիան-Կարծախ ավտոճանապարհի երկու կողմերին տնկվել է շուրջ 200 տնկի: Դարբինյան փողոցում տնկվել են կեչիներ:

Վազգեն Սարգսյանի, Դարբինյանի, Ազատության, Աշուղ Հավասիի, Մկրտիչ Սարգսյանի փողոցները կանաչապատվել են: Կանաչապատվել և բարեկարգվել է ապրիլի 9-ի զբոսայգին և «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգին: Կանաչապատվել և բարեկարգվել է քաղաքապետարանի դիմացի այգին, ինչպես նաև քաղաքապետարանի և Սակրեբուլոյի մուտքերի մոտ տեղադրվել են ծաղկամաններ: Կանաչապատվել է նաև քաղաքի հարավային մուտքի օղակաձև ճանապարհը:

Արմեն Բիչախչյանի խոսքերով, այսօր նրանք սկսել են բարեկարգել Շոթա Ռուստավելիի հուշարձանի մոտ գտնվող այգին: Բարեկարգված է Սուրբ Խաչ եկեղեցու բակը:

Այս տարի ծառայությունը բարեկարգեց և կանաչապատեց միայն քաղաքի կենտրոնը, իսկ ծայրամասերը այդպես չբարեկարգված և չկանաչապատված էլ մնացին:

Ծառայության կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը դա բացատրեց հետևյալ կերպ:

«Քաղաքի կենտրոնում ավելի շատ մարդիկ են լինում, այդ թվում` քաղաքի հյուրերը: Այդ պատճառով մենք սկսեցինք կենտրոնից: Հետո մենք կանցնենք քաղաքի ծայրամասեր », – ասաց Արմեն Բիչախչյանը:

meriya

Շուշան Շիրինյան