«Եվրոպական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի շտաբում տեղի ունեցավ բրիֆինգ: Լրագրողների հարցերին պատասխանում էին Ախալքալաքի և Նինոծմինդայի շտաբների պետ Արսեն Կարապետյանը և կուսակցության անդամները:

«Եվրոպական Վրաստան» կուսակցության Ախալքալաքի և Նինոծմինդայի շտաբների պետ Արսեն Կարապետյանը նշեց.

«Առաջինը մենք անցել ենք ակտիվ ռեժիմի, թե Ախալքալաքի, թե Նինոծմինդայի շտաբները, մեր դռները բաց են յուրաքանչյուր առաջարկի համար: Մենք ուզում ենք, որ ընտրողը նաև վերահսկող մարմին լինի ընտրությունների ժամանակ: Մեզ ոչ-ոք չի խանգարում համախմբվել ու վերահսկել իրավիճակը»:

Jnews-ի հարցին, ինչքանով է արդարացի սկսել խոսել բնակչությանը հուզող խնդիրների մասին հենց ընտրությունների նախաշեմին, Կարապետյանը պատասխանեց.

«Որովհետև ուզենք, թե չուզենք, ամենաբարձր մենք կարող ենք խոսել ու բարձրաձայնել մեր խնդիրների մասին հենց ընտրությունների ժամանակ: Ես իմ քաղաքացիական պարտքն եմ համարում խոսել խնդիրների մասին: Մենք կոչ ենք անում քաղաքացուն, յուրաքանչյուր բնակչի, որ դժգոհության բարձրախոսը դառնա մեր շտաբները, ամեն հարցով դիմեն մեզ»:

Վերջինս նաև նշեց. «Այս ընտրություններին մենք շատ հստակ դիրքորոշում պետք է ունենանք: «Եվրոպական Վրաստան» կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններին մասնակցող միակն է, որ բազմաթիվ անգամ այցելել է Ջավախք»:

«Եվրոպական Վրաստան» կուսակցույթան Ախալքալաքի շտաբում կարևորում են Ջավախքում ընտրողների գիտակցված ու փաստարկված ընտրությունը:

«Ի տարբերություն Նինոծմինդայի Ախալքալաքում ընտրողներն ավելի ակտիվ են, քաղաքացիական հասարակությունը կայացած է: Ռեգիոնալ տարածք է և բնականաբար չի կարող ունենալ նույն չափանիշը: Առաջինը Նինոծմինդայի բնակչությունը ավելի քիչ է, երկրորդը կարող է լինել աշխարհաքաղաքական ընկալումը», – նման տեսակետ հայտնեց «Եվրոպական Վրաստանի»-ց Նինոծմինդայի Սակրեբուլոյի պատգամավոր Արայիկ Բդոյանը:

Աղունիկ Այվազյան