Արդեն մի քանի տարի է Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի իրացման խնդիր կա, սակայն, վիճակագրության համաձայն, շրջանում կարտոֆիլի դաշտերն ընդլայնվում են: Կարտոֆիլագործության զարգացման համար անհրաժեշտ է ինչպես այլընտրանքային մշակաբույսերի աճեցումն, այնպես էլ ինքնարժեքի նվազեցումը:
Հովիկ Գիլոյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: Նա ասում է, որ անհնար է ապրել միայն կարտոֆիլի եկամուտով, քանի որ դա կայուն չէ, և չես կարող վստահ լինել, որ բերքը լրիվ կվաճառես: Գիլոյանը նաև գյուղի դպրոցում աշխատում է որպես պատմության ուսուցիչ: Ամուսնացած է: Կինը նույնպես աշխատում է դպրոցում: Նրանք ունեն երկու անչափահաս երեխա:
«Կարտոֆիլ աճեցնելը դարձել է անշահութաբեր: Եթե կարտոֆիլը արտերկրից չներկրեն, ապա ձեռնտու կլինի: Յուրաքանչյուր ընտանիքի պահեստներում մնացել է համարյա 1 տոննա կարտոֆիլ, և այդքան էլ թափել են: Բացի այդ, խոշոր ֆերմերները խեղդում են ինձ նման փոքրերին», – ասում է Հովիկ Գիլոյանը:
Չնայած իրացումը Հովիկին կանգնեցրել է փաստի առաջ, սակայն այս տարի կարտոֆիլի դաշտերը նվազեցնել նա չկարողացավ:
«Այս տարի կարտոֆիլ ցանել չէի պատրաստվում, բայց ինչ անեմ պահեստներում մնացած սերմացու կարտոֆիլը», – ասում է Հովիկ Գիլոյանը:
Հովիկ Մուրադյանը խոշոր ֆերմեր է: Նրա դաշտերը գտնվում են Չամդուրա գյուղում: Նա ունի իրացման համակարգ, որն ինչպես նա է ասում, հիմնված է վստահության և համբերության վրա: Նա կարտոֆիլի աճեցմանը նայում է որպես բիզնես ու առաջնային է համարում շրջանառությունը:
«Մենք խաղում ենք գնի հետ, մենք իջեցնում ենք այն: Ես կարող եմ ծախսել 80 թեթրի 20 թեթրի ստանալու համար: Ես վարձում եմ աշխատողների, վճարում եմ նրանց: Մարդիկ չեն կարողանում մշակել սեփական հողը, վարձով են տալիս այն ու աշխատում փողով: Յուրաքանչյուր օրվա համար վճարում եմ 25-30 լարի, 35-40 լարի, իսկ դա մեր մասշտաբներով փոքր գումար չէ: Անհրաժեշտ է որ փոխվի մարդկանց հոգեբանությունը: Պետք է ռիսկի դիմել և նվազեցնել գինը», – ասում է Հովիկ Մուրադյանը:
Հովիկ Մուրադյանը փորձել է նաև զբաղվել այլընտրանքային մշակաբույսերի աճեցմամբ, սակայն շաքարի ճակնդեղի աճեցման փորձը չի հաջողվել:
«Մի քանի տարի առաջ ես աճեցրի շաքարի ճակնդեղ, շատ լավ բերք ստացա, բայց չկարողացա գտնել վաճառքի շուկա ու վաճառեցի որպես անասնակեր, 1 տոննան 25 լարիով: Մենք դիմեցինք Ագարայի կոմբինատին, բայց այնտեղ ասացին, որ աշխատում են կիսաֆաբրիկատների վրա, իսկ հումքը բերվում է Թուրքիայից», – ասում է Հովիկ Մուրադյանը:
Նա առաջարկում է, որ պետությունը պարտավորեցնի ձեռնարկություններին հումքը գնել տեղացի ֆերմերներից, և ոչ թե գնել արտերկրից:
Պետությունը չունի այլընտրանքային մշակաբույսերի զարգացման կոնկրետ ռազմավարություն: 2010թ.-ին Ախալքալաքի շրջանում փորձնական հնդկաձավար ցանեցին, բայց շատ քիչ մարդ իմացավ արդյունքների մասին:
«Ախալքալաքի կարտոֆիլ» ասոցիացիայի նախագահ Մախարե Մացուկատովն այլընտրանքային մշակաբույսերի անհրաժեշտության մասին
Մախարե Մացուկատովը կարծում է, որ թուրքական սահմանի ժամանակավոր փակումը բարի կամքի միանգամյա օգնություն է, որն ունեցավ փոքր ազդեցություն, քանի որ ֆերմերները ցանկանում էին թանկ վաճառել, բայց դա չստացվեց: Եվ այս հարցում նա մեղավոր է համարում նաև ֆերմերներին:
2014 թ.-ի սեպտեմբերի 1-ից Վրաստանի արտադրողները Եվրամիություն ապրանքներն արտահանում են առանց մաքսային վճարումների, սակայն Ախալքալաքում դեռ չեն մտածում այդ առավելություններից օգտվելու մասին, բայց ցանկանում են փակել կարտոֆիլի ներմուծման սահմանները, որպեսզի տեղականն ավելի թանկ վաճառվի:
Ախալքալաքում կան գյուղեր, որոնք ավանդաբար աճեցնում են այլընտրանքային մշակաբույսեր: Վերջերս մարդիկ աստիճանաբար սկսում են նոր մշակաբույսեր փորձել:
Ախալքալաքի շրջանի Բեժանո գյուղում վաղուց արդեն զբաղվում են գազարի և բազուկի մշակմամբ: Այս մշակաբույսերի գինն ընդհանուր առմամբ ավելի բարձր է, քան կարտոֆիլինը, բայց դրանց մշակումն ավելի շատ ձեռքի աշխատանք է պահանջում, ի տարբերություն կարտոֆիլի մեխանիզացված մշակմանը:
«Բեժանո գյուղում կարտոֆիլը բերքատու չէ, այդ պատճառով ցանեցի գազար: Ցրտահարությունից միշտ կարտոֆիլը փչանում է, իսկ գազարը դիմացկուն է, մենք վաղուց մշակում ենք գազար: Բացի այդ, մեկ ար հողատարածքից հնարավոր է հավաքել 500 կգ կարտոֆիլ, իսկ գազար՝ 1 տոննա», – ասում է Բեժանո գյուղի բնակիչ Անի Տոնականյանը:
Ախալքալաքի շրջանում վերջին տարիներին ընդլայնվել է գազարի, ճակնդեղի, սխտորի, կաղամբի մշակումը: Սունելիի ցանքսը Ջավախքի գյուղատնտեսության մեջ նոր սովորույթ է: Վերջին տարիներին շրջանում մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր փորձում են աճեցնել այս մշակաբույսը:
Ասյան՝ Օլավերդ գյուղի բնակչուհի է, երկրորդ տարին է ցանում է սունելի, և ասում, որ դա ավելի շահավետ է, քան կարտոֆիլը:
«Այս տարի կարտոֆիլ քիչ են ցանել: 20 ար կարտոֆիլ, 16 ար սունելի: Աշխատանքը ծանր է, բայց այն թանկ է: Մենք դաշտերը մոլախոտերից մաքրում ենք երկու անգամ, բայց այս տարի եղանակն անձրևոտ էր ու արդեն երրորդ անգամ ենք մաքրում», – ասում է Ասյան:
1 կգ սունելին վաճառում են 18-20 լարիով:
Խոշոր և միջին հողագործների համար եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսական մթերքների մշակումն է, իսկ փոքր հողագործները հիմնական եկամուտ համարում են արտագնա աշխատանքից ստացված գումարը:
Դաշյան Միշկինազի որդին ամեն տարի մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքի, բայց նա փորձում է նոր մշակաբույսեր մշակել, ավելի շատ եկամուտ ստանալու համար:
«Իմ հարազատներն անցյալ տարի ցանել էին սունելի, գոհ էին, և մենք էլ որոշեցինք այս տարի փորձել: Միևնույն է, հնարավոր չէ միայն գյուղատնտեսական եկամտով նորմալ ապրել », – ասում է Միշկինազ Դաշյանը:
Վերադառնանք կարտոֆիլին
Գյուղական խորհրդատվական ծառայության աշխատակից Զուրաբ Սադատիերաշվիլին կարծում է, որ այլընտրանքային մշակաբույսերն անհրաժեշտ են, սակայն կարտոֆիլի գործածման ծավալն ավելի մեծ է:
«Եթե ֆերմերը չի ստանում 40-45 տոննա բերքատվություն, ապա միշտ էլ ինքնարժեքի հետ կապված խնդիր կլինի, իսկ բերքատվությունը ցածր է, քանի որ նրանք աշխատում են հին մեթոդով: Պարարտացման ոչ ճիշտ սխեմաներ, ոչ որակյալ սերմեր, հիվանդություններ և այլն: Իհարկե, կարելի է մշակել այլ մշակաբույսեր, սակայն օգտագործման ծավալով կարտոֆիլի հետ համեմատելի մշակաբույսեր չկան, բայց անհրաժեշտ է այդ ուղղությամբ աշխատել: Վաճառքի ծավալները կարտոֆիլի հետ համեմատած փոքր են: Եվ եթե բոլորը մշակեն գազար, սունելի և այլն, նրանց գինը նույնպես կնվազի: Պետք է ամեն ինչից քիչ քիչ աճեցնել», – ասում է Զուրաբ Սադատիերաշվիլին:
Չնայած Սամցխե-Ջավախքում զբաղվում են կարտոֆիլագործությամբ, սակայն տարածաշրջանում կարտոֆիլի վերամշակման ձեռնարկություններ չկան: Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով, ամբողջ երկրում գործում է կարտոֆիլի վերամշակման և պահպանման 7 ձեռնարկություն: 2018 թ.-ի մայիսի 31-ի դրությամբ Ախալցիխեում գործում է մեկ ձեռնարկություն մրգերի և բանջարեղենի (բացառությամբ կարտոֆիլի) կոնսերվացման համար, այդ թվում՝ մսամթերքի:
Վերջին 4 տարիների ընթացքում (2014-2017թթ.-ին) կարտոֆիլի Վրաստան ներմուծման ցուցանիշը անընդհատ նվազել է: Կարտոֆիլ ներկրվում է ավելի քան 12 երկրներից:
Վերջին 4 տարիների ընթացքում Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է:
Շուշան Շիրինյան
Սոնա Տոնականյան