1915թ. Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարգանք և արդարության պահանջ՝ Նինոծմինդայի մարզադպրոցի սաների յուրահատուկ արտահայտումը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Նինոծմինդայի մարզադպրոցի միջոցառումը ապրիլի 22-ին սկսվեց երթով դեպի 1915թ Ցեղասպանության հուշահամալիր: Հուշահամալիրի մոտ մարզիկները կողք-կողքի կանգնելով պատկերեցին 1915 թիվը, դրանով ցույց տալով, որ այդ թվականը յուրաքանչյուրի հիշողության մեջ կմնա հավերժ:
Այնուհետև հավաքվածները ծաղիկներ դրեցին 1915 թվականի Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հուշարձանին:
«Հայերի Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին մեզանից յուրաքանչյուրը հարգում և հիշում է պատմության այդ ողբերգական ժամանակաշրջանը: Մենք պետք է մեր ոչ-ը բարձրաձայնենք մարդկության դեմ հանցագործություններին, դա մեր պարտքն է անմեղ զոհերի, մեր նախնիների և ամբողջ մարդկության առաջ: Մենք պարտավոր ենք հիշել և աղոթել Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի համար»,- ասաց միջոցառման կազմակերպիչ, մարզադպրոցի տնօրեն՝ Անդրանիկ Ղարսլյանը:
Նշենք, որ միջոցառմանը մասնակցեցին Նինոծմինդայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, Շրջանային ժողովի պատգամավորներ, Վարչության ներկայացուցիչներ, մարզադպրոցի մարզիչներ և մարզիկներ, ինչպես նաև հասարակ բնակիչներ: