Սահմանափակ հնարավորություններով մարդիկ Ախալքալաքում ավելի են սահմանափակվում իրենց բնակավայրի պայմաններով: Նրանք և նրանց ընտանիքները անընդհատ առնչվում են տեղաշարժման, կրթության անհասանելիության, հասարակական կարծիքի ազդեցության, ֆինանսական և այլ խնդիրների հետ:

Երկու իրականությունների արանքում

11 տարի առաջ Մամիկոնը Ռուսաստանում ուսանող էր: Ախալքալաք արձակուրդ էր եկել: Մամիկոնը չի սիրում հիշել այն մասին, թե ինչ է պատահել իր հետ։ Մի պահ լռում է, հետո մի քանի բառով կարճ ու կոնկրետ պատմում է տարիներ առաջ իր հետ տեղի ունեցած պատահարի մասին: Ապրումների մասին ևս խոսելիս նա սակավախոս է դառնում:

Mamikonn

«Կյանքը շատ բարդ է, արթնանում ես և տեսնում, որ դու այլևս չես կարող քայլել: Հայտնվում ես երկու իրականությունների արանքում: Սկզբից շատ դժվար էր, բայց ուրիշ ելք չի մնում հարմարվելուց բացի», – նշում է Մամիկոնը:

Այսօր նա սոցիումի հետ առանձնապես մեծ խնդիրներ չունի, բայց նույնիսկ թշնամուն չի ցանկանա այն, ինչ ինքն է տեսել կյանքում։

«Ես աշխատանք չունեմ, չկա մի տեղ, որ աշխատես: Եթե մարդը աշխատանք չունի, անելիք չունի, ազատ չի կարողանում տեղաշարժվել, ուրեմն ինքը մեկուսացված է, կտրված հասարակությունից: Մարդիկ ընդունում են այսպիսին, բայց խնդիրները մեր հասարակությունում, մեր մտածելակերպում բազմաթիվ են»։

Վ018

Տեղաշարժվելու խնդիրներ ունեցող մարդկանց համար Ախալքալաքը ամենաանհարմար վայրերից մեկն է: Մամիկոնն ընկերոջ հետ հանդիպելու համար, ով նույնպես հաշմանդամություն ունի, ինքնուրույն կարող է հասնել մինչև կամուրջ: Մամիկոնն ապրում է քաղաքում, իսկ ընկերը՝ նախկին զինվորական ավանում, որոնք կապում է կամուրջը: Եվ ամեն անգամ հանդիպելու համար, այսպես ասած հատուկ գործողություն են իրականացնում: Նրանք ինքնուրույն կարողանում են հասնել մինչև կամուրջ և նրանցից յուրաքանչյուրը կամրջի տարբեր կողմերում սպասում են անցորդների, որ օգնություն խնդրեն:

«Իրականում տեղ կա, նախատեսված է, բայց այնքան նեղ է, որ ոչ մի սայլակ չի տեղավորվում: Մեր մոտ ամեն ինչ ձևական բնույթ է կրում: Մեկ-մեկ զարմանում եմ, միթե հնարավոր չէր սարքելուց նորմալ սարքել», – ասում է Մամիկոնը:

Վերջինս բարձրաձայնում է՝ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին Ախալքալաքում ուշադրություն չի դարձվում: Միանգամյա աջակցություն կամ ուշադրություն լինում է, և ամեն ինչ դրանով սահմանափակվում: Չկա գոնե մի հավաքատեղի, որտեղ նման խնդիրներ ունեցող մարդիկ գոնե հավաքվեն, խոսեն, քննարկեն, ինչ-որ բանով զբաղվեն և իրենց օգտակար զգան:

Սաշկայի խոսուն լռությունը

Ճիշտ է Սաշան դպրոց է գնում, սակայն գրել կամ կարդալ չգիտի: Նա միայն անգլերեն տառերով է կարողանում անուն ազգանունը գրել: Մայրը նշում է, փոքր ժամանակ չէր սիրում դպրոց գնալ և միշտ դասերից փախնում էր, պատճառը հասկանալի է, երեխան չի լսում, չէր հասկանում և իրեն հետաքրքիր չէր: Հիմա ավելի շատ է դասի նստում:

Չնայած դպրոցներում ներառական կրթություն է իրականացվում, բայց Սաշկան իր դպրոցում ոչինչ չի սովորում, որովհետև հատուկ դասավանդում տեղի չի ունենում: Սաշկան մտավոր մեծ պոտենցիալ ունի, նա փոքր տարիքից մեծ սեր ունի համակարգիչների նկատմամբ, ժամերով ուսումնասիրում և զբաղվում է համակարգչային ծրագրերով:

sash

11-ամյա Սաշա Չիվչյանը մանկուց լսողական խնդիրներ ունի: Երեխան 1,5 տարեկան է եղել, երբ ծնողները նկատել են, որ չի արձագանքում շրջապատի ձայներին: Այսօր էլ նա ընդամենը ձայնային հարված է լսում, այն էլ լսողական սարքի օգնությամբ: Նրա խոսքը նույնպես զարգացած չէ:

Չնայած, որ տղան ոչ լսում է, ոչ խոսում, միևնույն է դա չի ազդում նրա շփման վրա: Ծնողները նշում են, որ հասարակությունում ինտեգրվելու խնդիր չունի: Ուստիկանական հագուստով, կեպիով, հեծանիվով և բոլորին ժպտացող տղան՝ Սաշան է: Ում գյուղում բոլորն են սիրում և միաբերան խոսում նրա բարի մարդ տեսակի մասին:

Մայրը՝ Մարինեն պատմում է, թե Սաշան ինչպիսի հոգատարությամբ ու ջերմությամբ է խնամում իրենից փոքր երկու եղբայրներին:

«Լինում է չեմ հասցնում տան գործերը, կամ դպրոց պետք է գնամ, փոքր տղայիս թողնում եմ Սաշայի մոտ և նա խնամում է: Ինքը շատ զգույշ է և բարի»:

Ինկլյուզիվ կրթությունն իրականացվում է, սակայն անելիքներ այս ոլորտում շատ կան

Երկրի հանրակրթական դպրոցներում սովորում է 7 950 հատուկ կրթության կարիք ունեցող աշակերտ: Ներառական կրթություն իրականացվում է Վրաստանի բոլոր հանրային դպրոցներում, առանց բացառության։ Այս մասին տեղեկանում ենք ԿԳ նախարարությունից:

12 հանրային դպրոցներում աուտիզմով հիվանդ, սենսորային խախտման և տարբեր շեղումներ ունեցող աշակերտների համար գործում է ինտեգրման դասարան։ Օրինակ, Մ․ Իաշվիլիի անվան երեխաների կենտրոնական հիվանդանոցում իրականացվում է ծանր խրոնիկ հիվանդություն ունեցող հոսպիտալացված երեխաների համար կրթական հատուկ ծրագիր։

Նախարարությունը տեղեկացնում է, որ այս տարվանից ներառական կրթության աջակցության համար կստեղծվեն հատուկ օժանդակ ձեռնարկներ և կրթական ռեսուրսներ։ Եվ հանրային իրազեկման բարձրացման նպատակով ծնողների համար նախատեսվում է հատուկ ուղեցույց։

Ներքոնշյալ ինֆոգրաֆիկայի նշիչի վրա սեղմելով կարող եք ծանոթանալ Սամցխե-Ջավախքում հատուկ կարիքներ ունեցող աշակերտների վիճակագրությանը:

Հատուկ կարիքներ ունեցող աշակերտների վիճակագրությունը Սամցխե-Ջավախքում
Infogram

ԿԳ նախարարության տվյալներով երկրի բոլոր դպրոցներում ներառական կրթություն է իրականացվում, բայց Ախալքալաքի շրջանում գործող հանրակրթական բազմաթիվ դպրոցներ չունեն ներքին հարմարեցվածություն՝ թեքահարթակ, սանհանգույց, սպորտ-դահլիճներ, մասնագետ ուսուցիչներ, գույք, մասնագիտական ռեսուրս և այլն:

Կարծրատիպեր, որ ծնողներն իրենք չեն ուզում կոտրել

Ախալքալաքում սահմանափակ հնարավորություն ունեցող երեխաների բազմաթիվ ծնողներ ամաչում են իրենց երեխաներին հասարակություն դուրս բերել, շատ անգամ վախենալով հասարակության վատ վերաբերմունքից: Որովհետև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին ընդունում են որպես հիվանդ և անընդունակ:

Երանուհի Մակարյանն արդեն 10 տարի է աշխատում է հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաների հետ: Նա դասավանդում է Ախալքալաքի Հովհ. Թումանյանի անվան դպրոցում և Վերականգնողական կենտրոնում: Jnews-ի հետ զրույցում նա ասաց.

Գոռն (անունը փոխված է) արդեն 7 տարեկան է և սեպտեմբերի 17-ին պետք է որ առաջին դասարան գնար, բայց… Բարդ ծննդաբերության հետևանքով Գոռը գամված է անվասայլակին: Նա մի քանի խնդիր ունի: Վնասված են երեխայի նյարդերը, վերջույթները, ուղեղը նորմալ զարգացած չէ:

Ծնողները բազմաթիվ անգամներ դիմել են բժիշկներին, սակայն մինչ օրս որևէ շոշափելի արդյունք չեն ունեցել: «Ինչ անենք, հույս ենք փայփայում, որ մի բան կփոխվի, գոնե ողնաշարը մի քիչ ամրանա, կարողանա նորմալ նստել: Բժիշկներն էլ ասում են, որ անզոր են, բայց ինչպես կարող ես ձեռքերդ ծալած նստել, դու ծնող ես, եթե նույնիսկ մի տոկոս շանս լինի, պիտի հուսաս»,- ասում է Գոռի մայրը:

Նա խոնավ աչքերով ասում է, որ իր երեխան բոլորի նման դպրոց չի գնալու: Պատճառները բազմաթիվ են, սակայն նրանք կարևորում են երկուսը՝ վախենում են միջավայրի արձագանքից և հանկարծ երեխան դրանից վատ չզգա:

«Դպրոց չենք տանելու, բոլորը քննարկելու են իմ երեխայի վիճակը: Չէ, չեք համոզի, մենք գյուղում ենք ապրում, այստեղ քաղաքի նման չէ: Մյուսներն էլ երեխա են, եթե հանկարծ անգիտակցաբար վիրավորեն իմ երեխային: Ես տանն ամեն ինչ կանեմ, մենք մատիտով նկարում ենք, թվերը գիտենք, կամաց-կամաց կսովորենք», – ասում է Գոռի մայրը:

Վերականգնողական կենտրոն

Վրաստանի բնակչության 10-15 տոկոսը սահմանափակ հնարավորություններով մարդիկ են: Իսկ Ախալքալաք քաղաքում և գյուղերում մոտավոր տվյալներով 1500 մարդ է ապրում սահմանափակ հնարավորություններով, նրանց թվում 80-ը, 1-18 տարեկան երեխաներ են, որոնք հիմնականում մտավոր հետամնացություն ունեն, կամ գամված են անվասայլակին: Սակայն նրանցից ընդամենը 10 երեխա է հաճախում Ախալքալաքում գործող միակ Վերականգնողական կենտրոնը:

cucahandes

Արդեն 7 տարի է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործում է Վերականգնողական կենտրոն, ուր շաբաթական երեք օր երեխաների համար հատուկ դասեր են անցկացվում: երեխաները սեփական ուժերով թավշյա թղթերով, կավից, ու այլ նյութերով տարբեր իրեր են պատրաստում և տարին մեկ անգամ ցուցահանդես-վաճառք կազմակերպում:

Ախալքալաքում գործող Վերականգնողական կենտրոնի հատուկ մասնագետ Ռուզաննա Երեմյանը նշում է.

Հնարավորություններ, որ ֆինանսներն են որոշում

Վեց տարեկան Ջուլիետան տառապում է մանկական ուղեղային կաթվածով, վերականգնողական կուրս անցնելուց հետո արդեն կարողանում է մոր օգնությամբ քայլել: Փոքրիկ աղջնակի վիճակը փոքր ինչ թեթևացնելու համար և առաջընթացի քայլերի համար նա պետք է պարբերական ստուգումներ ու վերականգնողական կուրս անցնի: Բժիշկների հավաստմամբ երեխան պարբերաբար 5 կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Ջուլիետայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար:

Ջուլիետան սիրում է մուլտեր նայել: Նա երազում է սիրած հերոսի՝ Կարմիր գլխարկի նման ինքնուրույն քայլել և վազել: Երբ կարողանա քայլել, առաջինը մենակ տատիկի տուն է գնալու:

petrosyan J

Ախալքալաքի քաղաքապետարանի սոցիալական բաժնից տեղեկացանք, որ 2018 թվականի հունվար ամսին դրամական միանգամյա աջակցություն է ստացել շրջանի սոցիալապես անապահով 1400 քաղաքացի, իսկ նրանցից 106-ը, 18 տարին չլրացած և հաշմանդամություն ունեցող անձիք են:

Սոցիալական ծառայության գործակալության տրամադրած տվյալների համաձայն Ախալքալաքում պետական նպաստ են ստանում թվով 872 մարդ: Ավելի մանրամասն, ըստ հաշմանդամության կարգերի կարող եք ծանոթանալ ներքևում.

Հաշմանդամություն վիճակագրություն
Infogram

Առողջական սահմանափակումներ, որոնք կարող են գոնե որոշ չափով թեթևացնել հասարակությունը և կառավարությունը, կամքի առկայության և ճիշտ աշխատանքի դեպքում:

Աղունիկ Այվազյան