Հուլիսի 20-ին, մեծանուն աշուղ Ջիվանու հայրենի գյուղում մեծ շուքով նշվեց Ջիվանու օրը:

Ախալքալաքի շրջանի Կարծախ գյուղի բնակչությունն ավանդաբար հուլիսյան վերջին օրերից մեկը նվիրում է հայ մեծ աշուղ Ջիվանու մեծարմանը:
jivanakan or2
jivanakan or1
Տոնական օրը սկսվեց Կարծախ գյուղի Սուրբ Հովհաննու Կարապետ եկեղեցում՝ Սուրբ պատարագով: Այնուհետև, միջոցառման մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին գյուղամեջում կանգնեցված Ջիվանու արձանին և շարժվեցին դեպի աշուղ Ջիվանու տուն-թանգարան, որտեղ հյուրերը ծանոթացան աշուղի կենսագրությանն ու մշակութային ժառանգությանը:

Ջիվանու մեծարմանը նվիրված տոնահանդեսին՝ վերստին տարածվեց նրա երգն ու երաժշտությունը: Բեմում Հայաստանի Հանրապետության Հանրային ռադիոյի «Սայաթ Նովա» անսամբլն էր ջիվանական երգ ու տաղով։ «Ջիվանու օր» տոնակատարությունն իր անզուգական կատարումներով գեղեցկացրեց Ախալքալաքի Մշակույթի տան «Ջիվանի» անսամբլը՝ Աշուղ Ալիք Ջավախքի ղեկավարությամբ: Հնչեցին Ջիվանու և այլ աշուղների սիրված երգեր, ինչպես նաև իր կատարումներով հանդես եկավ մեր ժամանակների սիրված Աշուղ Լեյլին:
jivanakan or3
jivanakan or4
Տոնակատարությանը ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Բեսիկ Ամիրանիշվիլին, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ Ամիրյանը, Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը, Շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի (ՋԱՀ) Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը և գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Շիրակ Թորոսյանը և “Իմ քայլը” խմբակցության անդամներ, բազմաթիվ այլ հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից և Հայաստանից:
jivanakan or6
jivanakan or7
Ջիվանի (Լևոնյան Սերոբ Ստեփանի, 1846, գ. Կարծախ (այժմ՝ Ախալքալաքի շրջանում) – 20.2(5.3).1909, Թիֆլիս) հայ աշուղ, ժող. երգիչ։ Ծնվել է հողագործի ընտանիքում։ Ութ տարեկանում մնացել է հորեղբոր խնամքին։ Վաղ մանկությունից, համբավավոր աշուղ Ղարա–Ղազարի (Սիայի) մոտ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի հանրահայտ կանոնները, սովորել նվագել քյաման և ջութակ, հորինել է թուրքերենով ու հայերենով երգեր։ 1866-ին Կարծախ է եկել երիտասարդ աշուղ Սազային։ Նրա հետ ընկերանալով՝ Ջիվանին 1867-ի գարնանը մեկնել է Թիֆլիս։ 1868–95-ին ապրել է Ալեքսանդրապոլում, այնուհետև՝ Թիֆլիսում։

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Ջիվանին քարոզել է հետևել լուսավորության ու գիտության, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Ջիվանին XIX դ. ամենամեծ աշուղն է հայ իրականության մեջ. նա աշուղական արվեստը բարձրացրել է մի նոր աստիճանի, ստեղծել իր դպրոցը, որը հայ բանագիտության մեջ իրավամբ կոչվում է ազգային դպրոց։

Մեզ է հասել Ջիվանի շուրջ 800 երգ, որից մոտ 550-ը տպագրված է։

jivanakan or9
jivanakanor8
jivanakan or5
jivanakanor10