Դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովը երաժշտական կրթությունը կշարունակի «Ատգեն Արմենյան» հիմնադրամի օժանդակությամբ: Հիմնադրամի նախագահն այցելեց Անահիտի տուն և դասընթաց անցկացրեց նրա համար:
Հայտնի ջութակահար Վան Արմենյանը այսօր եղավ պատանի դաշնակահարուհի Անահիտ Ստելմաշովի տանը և բացառիկ դասընթաց անցկացրեց վերջինիս համար:
Անահիտը ոգևորված ու հուզված է այս այցելությունից, բայց ջանք չի խնայում, որպեսզի հաղթահարի ապագայում ծագող բոլոր դժվարությունները երաժշտության ասպարեզում։
«Տպավորություններս շատ մեծ են, հուզված եմ, բայց շատ ուրախ եմ և պատրաստ սովորելու շատ նոր բաներ», – ասաց Անահիտ Ստելմաշովը:
«Ատգեն Արմենյան» հիմնադրամի նպատակն է զարգացնել երաժշտական կրթությունը Հայաստանի մարզերում և հայտնաբերել բացառիկ տաղանդների, որոնց թվում է ջավախքցի փոքրիկ տաղանդը՝ Անահիտ Ստելմաշովը, ով դաշնամուր նվագելու իր բացառիկ ունակություններում 12 տարեկան հասակում հասցրել է զարմացնել երաժիշտներին ու հանդիսատեսին։
«Անահիտի մասին լսած էի, բայց այս տարի անձամբ ծանոթացա նրա հետ կանանց միամսյակին նվիրված մրցույթի ժամանակ։ Music of Armenia-ի հետ միասին մրցույթի մասնակիցներից ընտրեցինք լավագույն 5-6-ը, որոնց թվում էր նաև Անահիտը: Ժյուրիի բոլոր 4 անդամների հավանությամբ նա դարձավ մրցույթի հաղթող»,- ասաց ջութակահար Վան Արմենյանը։
Հիմնադրամի նպատակն է օգնել մասնակիցներին նրանց հաջողության ճանապարհին, և հոգ տանել այն հայ երեխաների մասին, ովքեր շատ տաղանդավոր են, և միևնույն ժամանակ աշխատասեր։
«Շատ ուրախ եմ, որ Անահիտն արդեն օգնություն կստանա Վրաստանում, նրանք անհատներ են՝ աշխարհահռչակ Միշել Սոնին և Էլիսո Բոլքվաձեն, ովքեր նույնպես տեսել և գնահատել են դաշնակահարուհու տաղանդը», – ասաց «Ատգեն Արմենյան» հիմնադրամի նախագահը:
Ռիմա Մառանգոզյան