Ախալքալաքի Թելման փողոցի բնակիչների նախաձեռնությամբ Շրջանային ժողովը փողոցը վերանվանել է ի պատիվ ախալքալաքցի բարերար և հասարակական գործիչ Վարդան Շահպարոնյանի անվան, ինչպես նաև հուշատախտակ է ամրացրել Սպորտ դպրոցի շենքին:

Հուլիսի 21-ին Ախալքալաքի Սակրեբուլոն լիագումար նիստի ժամանակ որոշում կայացրեց Թելմանի փողոցը վերանվանել Շահպարոնյանի անվան, հիմք ընդունելով բնակիչների դիմումը:

Թելման փողոցի 37 բանկիչները դեռևս ապրիլի 3-ին դիմել են Ախալքալաքի քաղաքապետին, խնդրանքով, որ իրենց փողոցը վերանվանեն 20-րդ դարի բարերար և հասարակական գործիչ Վարդան Շահպարոնյանի անվան: Ինչպես նաև հուշատախտակ ամրացնել այժմյան Սպորտ դպրոցի (կառ. 1910-1914 թթ.) շենքին, որը կառուցել է Շահպարոնյանը: Մի քանի օր առաջ Շահպարոնյանի ծոռների ներկայությամբ կայացել է հուշատախտակի բացման արարողությունը:

Վարդան Շահպարոնյանը ծնվել է 1872 թվականին Ախալքալաքում: Նախնական կրթությունն ստացել է տեղի դպրոցում, 1890 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: 1903 թվականին ձերբակալվել և աքսորվել է Ռուսաստանի Կալուգայի նահանգ (1908 թ.): 1909 թվականից եղել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու ծխական դպրոցի տեսուչ, հոգաբարձու, 1914 թվականին կառուցել է դպրոցի նոր շենք: 1913 թվականին հիմնադրել է Ախալքալաքի գավառական «Ջավախք» պարբերականը: 1912 թվականին Ախալքալաքում Թափարվան գետի վրա իր միջոցներով կառուցել է առաջին հէկ-ը: 1917 թվականից եղել է Կովկասի Հայոց բարեգործական ընկերության Ախալքալաքի մասնաճյուղի նախագահ, 1921 թվականից՝ Ախալքալաքի գավկոմի տնտեսագիտական, իսկ 1921-1923 թթ.՝ լուսավորության բաժինների վարիչը: 1920-ական թվականներին տեղափոխվել է Երևան, աշխատել Հայ օգնության կոմիտեում: Մահացել է Երևանում:

Աղունիկ Այվազյան