Հուլիսի 20-ի երեկոյան Ախալքալաքի շրջանում տեղացած ուժեղ կարկուտը վնասեց 14 գյուղի գյուղատնտեսական ցանքեր: Նախնական տվյալներով, ամենից շատ տուժել են Մուրջախեթ, Աբուլ և Խոսպիո գյուղերի բնակիչները:

Հուլիսի 20-ին, ժամը 20:00 -ին, Ախալքալաքի շրջանում, տեղաց ուժեղ կարկուտ, որը տևեց 20-30 րոպե:

Ցոլակ Մարգարյանը Մուրջախեթ գյուղի բնակիչ է: Նա ցանել էր 1 հա 30 ար կարտոֆիլ, բացի ճակնդեղից, լոբուց և այլն:

«Ես չեմ ապահովագրել բերքը: Գարնանը նրանք առաջարկեցին, բայց փող չկար: Պարարտանյութերը ես գնել եմ վարկով, այդ պատճառով չցանկացա նորից վարկ վերցնել ապահովագրման համար: Շատ լավ բերք էր սպասվում, ջրելու ժամանակն էր », – ասում է Ցոլակ Մարգարյանը:

Գյուլնազ Կոժորիձեն Խոսպիո գյուղից է: Նա կարտոֆիլ քիչ էր ցանել, ընդամենը 2 ար, իր սեփական օգտագործման համար, սակայն նա ցանել էր շատ գարի, 1 հա 90 ար, որը գետնին հավասարվեց: Բացի դրանից, կարկուտը վնասել է նաև տան տանիքը:

«Ես հաշվել էի, որ կստանայի 5տ 600 կգ գարի, կվաճառեի կիլոգրամը 60 թեթրիով, կունենայի 3000 լարի: Կարկուտը վնասեց նաև տան տանիքը երկու տեղում, ամբողջ ջուրը լցվեց տունը », – դժգոհում է Գյուլնազ Կոժորիձեն:

Կարկուտն ամբողջովին ոչնչացրեց դաշտերը, շատ դեպքերում դրանք անհնար է վերականգնել: Ծաղկող դաշտերից միայն մնացել են ցողունները, որոնք շուտով ամբողջությամբ կչորանան:

Տարբեր պատճառներով շատ ֆերմերներ չեն ապահովագրել իրենց դաշտերը:

Փչացել են նաև Մուրջախեթ գյուղի բնակիչ Սողոմոն Մարգարյանի 4 հա կարտոֆիլի և հացահատիկի դաշտերը:

«Անցյալ տարի ես ոչ մի եկամուտ չեմ ստացել, ինչպես կարող էի ապահովագրել այս տարի: 20 թեթրիով վաճառել եմ կարտոֆիլը: Առանց այդ էլ պարարտանյութը և դիզելային վառելիքը ես վարկով եմ գնել », – ասում է Սողմոն Մարգարյանը:

Շիրազ Ճորուխյանը այս տարի ցանել է 1 հա 30 ար կարտոֆիլ և 1 հա գարի, ու ամբողջը փչացավ:
«Ես չեմ հավատում ապահովագրությանը, դրա համար էլ այս տարի չապահովագրեցի: Երեք տարի առաջ ապահովագրել էի և գոհ չեմ », – ասում է նա:

Ժոժիկ Հովհաննիսյանը Աբուլ գյուղից է: Նրա մոտ փչացել է 8 հա ցանքատարածք:
« Ցանել եմ 3.5 հա գարի, իսկ մնացածը` կարտոֆիլ: Այս տարի առաջին անգամ զբաղվում եմ հողագործությամբ և շատ եմ ցանել: Միայն 40 000-ի գնել եմ թանկանոց սերմեր: Ծախսել եմ 100 000 և հողն էլ վարձով եմ առել», – ասում է Ժոժիկ Հովհաննիսյանը:

Տեղական իշխանություններն եղան կարկտահարված դաշտերում: Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի խոսքերով, նրանք ստեղծել են հանձնաժողովներ և դրանք ուղարկել երկու ուղղություններով:
«Ես արդեն տեղեկացրել եմ նահանգապետարան, Գյուղատնտեսության նախարարություն, տեսնենք թե ինչ կասեն: Բայց մտածել թե նրանք պարտավոր են օգնել, դա այդպես չէ: Նրանք արդեն իսկ տրամադրել են գումարներն ապահովագրական ընկերություններին: Իսկ այն, ինչ մեզնից կախված է մենք կանենք: Շատերը չունեն ապահովագրություն, և շատերի հողատարածքները գրանցված չեն, իսկ գրանցվածներն էլ չունեն ապահովագրության հնարավորություն », – ասաց Յուրիկ Ունանյանը:

ущерб1

Շուշան Շիրինյան