Վրաց-ռուսական սահմանից 20 կմ հեռավորության վրա գտնվող Սնո գյուղի մոտ կուտակված բեռնատարների խնդիրներով հետաքրքրված է նաև Վրաստանում ՀՀ դեսպանությունը: «Ալիք մեդիայի» հետ զրույցում դեսպանատան մամուլի խոսնակ Հարություն Հայրապետյանը մեկնաբանել է իրավիճակը:
«Մի քանի օր է, ինչ անցակետն աշխատում է սահմանափակումներով, կուտակումներ կան: Նշենք, որ ավտոկայանատեղին (բեռնատարների համար նախատեսված սպասասրահը) բացվել է երկու օր առաջ, ինչն էլ, ըստ վարորդների՝ հնարավոր է լինի խցանումների պատճառ: Երկու օր առաջ ևս մենք գտնվում էինք այստեղ: Մոտ 40-50 վարորդների հետ խոսելով՝ հասկացանք, որ խնդիրը կայանատեղին չէ: Վարորդներից շատերն էլ նշեցին, որ կայանատեղին փրկություն է իրենց համար։ Տարիներ շարունակ նրանք կանգնում էին ճանապարհին, ինչը առաջին հերթին վտանգավոր է և չկային հիգիենայի պայմաններ, իսկ նոր կայանատեղիում կան լոգարաններ և պետքարաններ», – ասում է Հարություն Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է վարորդների երեկվա ուղիղ միացմանը, որտեղ նրանք նշել էին, թե վրացական կողմը առանց հերթի անցկացնում է վրացական համարներով մեքենաները, ապա ՀՀ դեսպանատան մամուլի խոսնակը նշում է, որ վարորդների հետ բանակցելով իրենք համոզվել են, որ այստեղ ոչ մի խտրականություն չի կարող լինել։
Ավելի վաղ «Ալիք մեդիային» Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել էին, որ պատճառը ռուսական կողմն է, քանի որ 24 ժամվա ընթացքում ռուսական անցակետը կարողանում է սպասարկել մինչև 300 բեռնատար:
Հիշեցնենք, որ մի քանի հարյուրի հասնող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաներ օրեր շարունակ վրաց-ռուսական «Կազբեգի- Վերին Լարս» հսկիչ անցակետում սպասում են սահմանը հատելու իրենց հերթին, մինչդեռ բեռնախցիկներում բեռը փչանում և անպիտան է դառնում։
Թարմ մրգի և բանջարեղենի արտահանմամբ զբաղվող Հայաստանի առաջատար բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանը «Ալիք մեդիային» ասում է, որ սահմանին աշխատանքի կազմակերպումը պատշաճ և սեզոնային ակտիվացմանը համահունչ չի կատարվում, բավականին մեծ հերթեր կան, ինչի հետևանքով իրենց ընկերության բեռնատարները 2-4 օր կանգնում են սահմանին։
Այն հարցին, թե ի՞նչ է սպասվում «գերի ընկած» վարորդներին, ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հույս հայտնեց, որ կարճ ժամանակահատվածում ռուսական կողմի հետ համաձայնության կգան և այս հարցին լուծում կտան, թեև զբոսաշրջության հետ կապված, այս ժամանակահատվածի համար բնորոշ են նման սահմանափակումները:
Նյութը «Ալիք մեդիա» լրատվականի