Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Քելի Դագնանն ասել է, որ ցնցված է Վրաստանում իր առաքելությունն ավարտած ԵՄ պատվիրակության ղեկավար Կարլ Հարցելի հասցեին մեկնաբանություններից։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ նա միայն բացասական դեր է խաղացել Թբիլիսիի և Բրյուսելի հարաբերություններում։
«Ես ցնցված էի, երբ լսեցի այս մեկնաբանությունները դեսպան Հարցելի հասցեին: Սա շատ անհարգալից վերաբերմունք է այն մարդու նկատմամբ, ով չորս տարի այդքան անխոնջ աշխատել է Վրաստանի եվրոպական ապագայի համար։ Դժվար է պատկերացնել որևէ մեկին, ով այստեղ գտնվելու ընթացքում ավելին է արել Վրաստանին իր եվրոպական ճանապարհի ընթացքում օգնելու համար։ Ես լիովին աջակցում եմ այն, թե որքան անկեղծորեն է նա փորձել օգնել Վրաստանին։ Յուրաքանչյուր ոք պետք է պատասխանատվություն կրի իր գործողությունների համար և ճանաչի դեսպանի կատարած շատ լավ աշխատանքը։ Նա հրաշալի ուղերձ է թողել Վրաստանի ժողովրդին և կիսվել, թե որքան հաճելի է եղել Վրաստանում գտնվելը»,- ասել է Դեգնանը:
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Կարլ Հարցելն ավարտել էր իր դիվանագիտական առաքելությունը Թբիլիսիում, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ դիվանագետը «միայն բացասական դեր է ունեցել ԵՄ-ի և Վրաստանի հարաբերություններում»։ Իշխող կուսակցության մեկ այլ անդամ՝ Նիկոլոզ Սամխարաձեն, Թբիլիսիի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակը չստանալու մեղքը բարդել է ԵՄ դեսպանի վրա՝ ասելով, որ Կարլ Հարցելը «կարող էր ավելի լավ աշխատել»։