Ախալքալաքի «Տավշանկա» հանգստի գոտու տարբեր վայրերում կտեղադրվեն հինգ տաղավարներ (բեսեդկաներ): Տենդեր-մրցույթը կայացել է, շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները:
Տավշանկա բլուրը՝ փշատերև անտառով, Թափարվանա գետի ափին, Ախալքալաքի միակ հանգստի գոտին է: Սա տեղացիների սիրելի վայրն է: Ամռանն այնտեղ միշտ կազմակերպում են պիկնիկներ, այդտեղ ախալքալաքցիներն ավանդաբար հրավիրում են հյուրերին, նրանց խորոված հյուրասիրելու համար:
«Մենք կառուցում ենք բեսեդկաներ, որպեսզի մարդիկ, ովքեր գնում են այնտեղ հանգստանալու իրենց ընտանիքի հետ նորմալ պայմաններ ունենան: Մի բեսեդկան կլինի ճամբարի տարածքում, երկրորդը` ճամբարից մոտ 400 մ, երրորդը քիչ ավելի հեռու և երկուսը` համալսարանի շրջակայքում, միմյանց դիմաց», – ասաց Ախալքալաքի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման բաժնի մասնագետ Վահան Բաթոյանը:
«Տավշանկա» հանգստի գոտում տաղավարների (բեսեդկաների) տեղադրման տենդեր-մրցույթը հայտարարվել էր մայիսի 14-ին: Ախալքալաքի տեղական բյուջեից նախապես հատկացվել է` 35 897 լարի գումար: Տենդեր-մրցույթին մասնակցել են 6 ընկերություն: Աճուրդի արդյունքում տենդերը` 27 519 լարիով հաղթում է անհատ ձեռներեց Ռոբերտ Մանասյանը: Սակայն, հետո տեխնիկական պատճառներով նրան որակազրկում են և տենդերը փոխանցվում է ՍՊԸ «Կոկա-2010» ընկերությանը, որը տաղավարները տեղադրելու է 27 750 լարիով: ՍՊԸ «Կոկա-2010» -ը ընկերությունը գրանցված է Ասպինձայում: Տեղական իշխանությունների և ընկերության միջև կնքված համաձայնագիրը ստորագրվել է հունիսի 27-ին: Պայմանագրի համաձայն աշխատանքները պետք է ավարտվեն մինչ սեպտեմբերի 27-ը:
Տենդեր-մրցույթային փաստաթղթերի համաձայն, 4 բեսեդկաները կլինեն 10×3 և մեկը` 5×3 մ չափսերով: Տաղավարները/ բեսեդկաները կլինեն երկաթյա, հիմքը կլինի բետոնե, վերևում ծածկ, ինչպես նաև տեղադրվելու են սեղան աթոռներ: Բեսեդկաների շուրջ կտեղադրվեն մանղալներ (խորոված անելու տեղ) և աղբամաններ:
Տեղական ինքնակառավարման մարմինները դեռևս չեն մշակել մաքրության և կարգուկանոնին հետևելու ճշգրիտ համակարգ: Բեսեդկաների մոտ կտեղադրվեն աղբը թափելն և փչացնելն արգելող նշաններ: Քաղաքապետարանում հուսով են, որ հանգստացողների քաղաքացիական ինքնագիտակցությունը թույլ չի տա, որ իրենք իրենց հետևից թափեն և փչացնեն բեսեդկաները:
Շուշան Շիրինյան