Փոքր Խանչալի գյուղի բնակիչներն ապրում են գորշ կռունկի և կարմիր բադի կողքին, որոնք ներառված են Կարմիր գրքում, սակայն չեն գիտակցում դրա կարևորությունը, քանի որ իրենց առօրյան լցված է գյուղական խնդիրներով:
Փոքր Խանչալի գյուղը գտնվում է Նինոծմինդայի շրջանում, Նինոծմինդայից 10 կմ հեռավորության վրա, Խանչալի լճի հարևանությամբ, որը մտնում է Սամցխե-Ջավախքի Պաշտպանվող տարածքների գոտում: Այստեղ ապրում է 150 ընտանիք:
Գյուղ տանող ճանապարհը չասֆալտապատ է, հողե, ծածկված է մանրախիճով:
«Բոլորն ընտրություններից առաջ գալիս են, խոստանում և չեն անում: 3 տարի է խոստանում են, սպասենք մինչ հաջորդ ընտրությունները », – ասում է Սանդուխտ Պոդոսյանը:
Ըստ Սեդա Ավագյանի, մեքենաները հաճախ կոտրվում են այս ճանապարհին:
«Քաղաքապետը մեկ ամիս առաջ գյուղում էր, ասաց, որ այս տարի նախատեսված չէ մեր ճանապարհի բարելավում, բայց հաջորդ տարի կներգրավվի նախագծում», – ասում է Արարատ Եսոյանը:
Նրա կինն ասում է, որ գյուղում մանկապարտեզի կարիք կա:
«Ինչու պետք է իմ թոռը ամբողջ օրը թափառի փողոցներում: Գյուղում ունենք 40 նախադպրոցական տարիքի երեխա: 3-4 ընտանիք իրենց երեխաներին տանում են Նինոծմինդայի մանկապարտեզ, բայց ոչ բոլորը կարող են իրենց դա թույլ տալ », – դժգոհում է նա:
Գյուղը գազաֆիկացված է և լուսավորված գիշերային լույսերով, սակայն տեղ չկա, որտեղ երիտասարդները կարողանան հավաքվել և ինչ որ մի բանով զբաղվել:
«Գյուղի երիտասարդներն աշխատանք չունեն, չգիտեն ինչով զբաղվեն, ակումբ չկա, սպորտային խմբակ չկա, մարզասրահ չունենք: Գյուղի դպրոցը հին է, հատակը խոնավությունից ամբողջը սնկերի մեջ է, ջեռուցում չկա », – բողոքում է Լուսինեն:
Գյուղում զբաղվում են անասնապահությամբ ու գյուղատնտեսությամբ: Վերջին տարիներին, ըստ գյուղացիների, կարտոֆիլի դաշտերը քչացել է:
Վարդիթեր Ստամբոլցյանի ընտանիքն ապրում է անասնապահության եկամուտով, նրանք ունեն 7 կով, իսկ կարտոֆիլի դաշտերն այս տարի կրճատել են:
«1 լիտր բորժոմը արժի 1 լարի, իսկ 1 լիտր կաթը` 70 թեթրի: Կաթը հանձնում ենք Մեծ Խանչալիում, ձմռանը՝ 90 թեթրիով, ամռանը` 75 թեթրիով », – ասում է Վարդիթեր Ստամբոլցյանը:
Գյուղ խմելու ջուր մատակարարվում է երկու ուղղություններից: Գյուղում ոռոգման ջուր չկա:
Գյուղում տեղադրված է 8 աղբաման, սակայն ուզում են ավելացնել աղբամանների քանակը:
Գյուղի բնակիչներն ապրում են աներևակայելի գեղեցկության մեջ, բայց չեն նկատում, քանի որ ամեն ինչ սովորական է դարձել: Նույնանուն լիճը եզակի է գյուղում, կան հազվագյուտ թռչուններ, որոնք ապրում են այնտեղ, չվում են նոյեմբերին և վերադառնում գարնանը: Հազվագյուտ թռչուններին նայելու են գալիս զբոսաշրջիկներ, ճիշտ է նրանք դեռ շատ չեն, զբոսաշրջությունը նոր-նոր է զարգանում այդ վայրերում: Հունիսին գյուղ են այցելել 35 զբոսաշրջիկ:
Շուշան Շիրինյան