Վեց տարեկան Ջուլիետան տառապում է մանկական ուղեղային կաթվածով, վերականգնողական կուրս անցնելուց հետո արդեն կարողանում է մոր օգնությամբ քայլել: Բժիշկների հավաստմամբ երեխան շտապ ևս 5 կուրս պետք է անցնի, որպեսզի էական փոփոխություն զգացվի, սակայն Ջուլիետայի ծնողները չեն կարող վճարել բուժման համար:

petrosyan Julieta

Ջուլիետան սիրում է մուլտեր նայել: Նա երազում է սիրած հերոսի՝ Կարմիր գլխարկի նման ինքնուրույն քայլել և վազել: Երբ կարողանա քայլել, առաջինը մենակ տատիկի տուն է գնալու:

6-ամյա Ջուլիետա Պետրոսյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում: Երեխան լույս աշխարհ է եկել մանկական ուղեղային կաթված (ՄՈՒԿ) հիվանդությամբ, սակայն ծնողները երեխայի խնդիրների մասին բավականին ուշ են իմացել:

«7 ամսեկան էր, երբ հասկացանք, որ չի կարողանում ոտքերը նորմալ բացել կամ ծալել: Սկզբից Թբիլիսի տարանք, չկարողացան ճիշտ ախտորոշում անել, հետո Երևանում միանգամից ասացին, որ մեր երեխան ԴՑՊ-ով (Jnews. ՄՈՒԿ) է ծնվել», – ասաց մայրը՝ Կարինեն:

petrosyan J

Մոր խոսքերով Ջուլիետայի մոտ էական փոփոխություններ են նկատվել, երբ Հայաստանում վերականգնողական 2 կուրս է անցել:

«Հիմա փոփոխությունը մեծ է, արդեն պատից բռնած կարողանում է քայլել, Երևանում իրեն քայլակներ են նշանակել, բայց գումար չունենք: Օրթոպեդիկ հատուկ կոշիկներ հազիվ կարողացանք գնել, շատ թանկ էր, 70 000 դրամ», – նշեց Կարինեն:

julieta

Ծնողները երջանիկ են, որ իրենց երեխան քայլելու հնարավորություն ունի, բայց պետք է մեկ տարվա ընթացքում վերականգնողական կենտրոնում 5 կուրս անցնի: Կուրսերը երեխան մինչև 7 տարեկան պետք է անցնի, հակառակ պարագայում ավելի բարդ է լինելու:

Խուլգումոյում բնակվող Պետրոսյանների ընտանիքն ապրում է կիսախարխուլ, ոչ սեփական մի տան մեջ, որտեղ մեծացնում են ՄՈՒԿ-ով հիվանդ 6-ամյա երեխային: Ծնողները հիմնական աշխատանք չունեն, երեք հոգանոց ընտանիքն ապրում է Ջուլիետայի հիվանդության թոշակի և օրավարձով աշխատանքի դիմաց ստացված գումարով: Այլ ծախսերի կամ բուժման համար, սակայն, գումարը չի բավականացնում:
Julieta petrosyan

Բանն այն է, որ Կարինեն ուղիղ վեց տարի առաջ, երբ հղի էր Ջուլիետայով հոգեկան ուժեղ ցնցում է ապրել: Ամուսինը ավտովթարի է ենթարկվել և կորցրել հիշողությունը, ինչը անդառնալի հետևանքներ է թողել դեռ լույս աշխարհ չեկած Ջուլիետայի առողջության վրա: Հայրն այսօր ավտովթարի հետևանքով չի կարողանում ֆիզիկական աշխատանք կատարել:

Ջուլիետա Պետրոսյանը հասցրել է վերականգնման երկու կուրս անցնել Հայաստանում: Առաջին անգամ ծնողները կարողացել են գումար հավաքել, իսկ երկրորդի ծախսերը հոգացել է «Ջավախք» կոմիտեն: Բուժման երրորդ կուրսը Ջուլիետայի կֆինանսավորի Ախալքալաքի քաղաքապետարանը: Յուրաքանչյուր կուրսի համար անհարաժեշտ է 120 000 դրամ (600 լարի): Ըստ օրենքի տեղական բյուջեից ֆինանսավորում են գումարի 50 տոկոսը: Այսինքն, 60 000 դրամ, որը համարժեք է 300 լարիին: Այսօրվա դրությամբ Ախալքալաքի քաղաքապետարանը ներկայացված փաստաթղթերի հիման վրա իրավունք ունի 300 լարի ֆինանսավորելու, սակայն ծախսերի մասին մանրամասն ֆինանսական հաշվետվություն ներկայացնելու դեպքում, հնարավոր է մինչև 1500 լարի հատկացվի:

Պետրոսյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ օրերն է հաշվում, թե երբ է հիվանդանոցում տեղ լինելու, որ Ջուլիետային կարողանան տանել հերթական անգամ 24 օրյա ստացիոնար բուժումն ընդունելու:

«Հիմա, հունիսի կեսերին նորից ենք գնալու, այս անգամ ծախսերը պետք է հոգա Ախալքալաքի քաղաքապետարանը, խոստացել են, այնքան ուրախացա, որ նույնիսկ չհարցրի թե ինչքան են տրամադրելու բուժման համար», – նշեց Կարինեն:

Jul

Աղունիկ Այվազյան