Մայիսի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով եղավ Ջավախքում: Jnews-ը ներկայացնում է հետաքրքիր մանրամասներ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը առաջինը Ջավախքում եղավ Փոկա գյուղում: Մարդիկ «Նիկոլ», «դուխով» վանկարկումներով դիմավորեցին:
Նիկոլ Փաշինյանը Փոկա գյուղում հայտարարեց. «Ես ուրախ եմ այսօր ձեր հպարտ աչքերը տեսնելու համար»: Այս խոսքերը մարդիկ մեծ ոգևորությամբ ընդունեցին և վանկարկում էին՝ «Նիկոլ, փոկացի»:
Արդեն Գանձա գյուղում ՀՀ նորընտիր վարչապետը ստիպված եղավ սեղանի վրա բարձրանալ, որ մարդիկ կարողանան տեսնել: Երբ ելույթն ավարտեց ժողովուրդը միաբերան վանկարկում էր՝ «Նիկոլ բարձրացիր սեղանին, որ կարողանանք տեսնել»:
Ախալքալաքում վարչապետին միացան վրացի բարձր պաշտոնյաներ, նրանց թվում Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցուց դուրս գալիս հավաքված մարդկանց բազմության մեջից գոռում էին՝ «Պարոն Փաշինյան, սա ձեր առանձնատան համար է»: Փաշինյանին շուն նվիրեցին:
Ախալքալաք այցի ժամանակ հորդառատ անձրև տեղաց, որը որոշակի բարդություններ առաջացրեց: Սուրբ Խաչ եկեղեցի այցի ժամանակ Փաշինյանի համար հատուկ ուղեկամուրջ պատրաստեցին քարերից, այլապես պաշտոնական պատվիրակությունը չէր կարողանա փողոցն անցնել:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը առանձնակի կարևոր էր, քանզի վերջին 20 տարիներին Հայաստանի առաջնորդներից ոչ ոք Վրաստան կատարած պաշտոնական ուղևորությունների ընթացքում Ջավախքում չի եղել։
Աղունիկ Այվազյան