Ախալքալաքի «Ագրարային շուկայի» տնօրեն Աշոտ Սահարյանի եղբայրը հայտարարում է, որ Արարատ Սահարյանի դեմ մեղադրանքը կազմակերպվել է և այն պատրաստվում էր շուրջ 1.5 ամիս:
Մայիսի 21-ին Ախալքալաքում Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության աշխատակիցները ձերբակալեցին Ախալքալաքի շուկայի տնօրեն Արարատ Սահարյանին կաշառք վերցնելու մեղադրանքով: Նույն մեղադրանքով մայիսի 16-ին ձերբակալվեց շուկայի վերահսկիչ Մերուժան Հովհաննիսյանը: Մեղադրանքի վարկածի համաձայն, նրանք անձնական շահերի համար վարձակալից տեղ տրամադրելու համար ստացել են 1000 լարի: Ներկա պահին նրանք երկուսն էլ մեղադրվում են Վրաստանի Քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածի երկրորդ մասով, ինչը ենթադրում է կոմերցիոն կաշառք:
«Ես կարող եմ ասել, որ նրանք (Արարատ Սահարյանը և Մերուժան Հովհաննիսյանը) մեղավոր չեն: Ինչու: Քանի որ տեսանյութում հստակ լսվում է, որ տղաներն ասում են, որ ուզես թե ոչ չեկերը տալու ենք, խոսում են պայմանագրերի մասին, տղաները ասում են, որ պայմանագիր նույնպես պետք է կազմեն: Նա ձայնագրությունում ասում է, ես հաշվապահի հետ խոսել եմ, ինձ դա պետք չէ: Տղաները պատասխանում են, որ ուզում ես, թե ոչ, կա պետական սակագին և ըստ սակագնի ամեն ինչ դեռ պետք ձևակերպվի: Հետո նա ասում է, թե ում պետք է տամ գումարը, նրանք պատասխանում են, ուզում ես բանկում վճարի և չեկը բեր, ուզում ես կանխիկ վճարի չեկը կտանք », – պատմում է Աշոտ Սահարյանը:
Գաղտնի նկարահանված տեսագրությունները, որոնք արել է վարձակալողը, կատարվել են տարբեր օրերի ընթացքում: Աշոտ Սահարյանը պնդում է, որ նկարահանումները կատարվել են Ֆինանսական ոստիկանության անդամի կողմից և ամեն անգամ նա դիտավորությամբ սադրել է: Եվ չնայած դրան, որ նյութերը հստակ ցույց են տալիս, որ մեղադրյալները փորձում են չխախտել օրենքները, սակայն կադրերի հեղինակը միտումնավոր այնպես է անում, որ նրան չեկ չտան:
Մեր խմբագրությանը ներկայացված գաղտնի նկարահանված տեսագրությունում, իսկապես լսելի է, թե ինչպես է հսկիչն ասում, «չեկը երբ տանք», իսկ վարձակալը ասում է, որ հետո կզանգի:
Այն մասին թե ինչ նպատակով է արված, եթե ամեն ինչ շինծու է, Աշոտ Սահարյանն ասում է, որ այստեղ թաքնված է քաղաքական ենթատեքստ:
«Ամեն ինչ կազմակերպված էր, որ այս օրերին տեղի ունենար: Մեկը փորձում է առաջ ընթանալ իր շահերում, պաշտոն ստանձնել, ապակայունացնելով իրավիճակը: Օրերս մեզ մոտ է գալու Փաշինյանը, նրանք կարծում էին, որ մենք տաք գլխով կվարվենք, իմանալով, որ մեզ հետ անարդար են վարվել: Բայց մենք չենք պատրաստվում նման սադրանքների գնալ», – ասաց Աշոտ Սահարյանը: