Վրաստանում պաշտոնական այցով արդեն եղել է Հայաստանի նոր նախագահ Արմեն Սարգսյանը, այսօր էլ պաշտոնական այցով Վրաստան է եկել Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եկեք փորձագետներից պարզենք, թե ինչ թեմաներ են բաց երկու երկրների միջև քննարկումների համար և ինչ թեմաների մասի են ամենայն հավանականությամբ լռելու:
Ընդդիմության առաջնորդը, իսկ այժմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միշտ հայտարարում էր, որ հենց Իրանը և Վրաստանն են համարվում Հայաստանի համար ամենակարևոր ռազմավարական երկրները: Փաշինյանի հայտարարությունները ավելի տեսանելի դարձան: Հայ-վրացական հարաբերությունների կայունության համար երկու երկրները խուսափում են բազմաթիվ սուր և զգայուն հարցերից, ինչպիսիք են սահմանների սահմանազատումը, ՄԱԿ-ի բանաձևը` փախստականների վերադարձի մասին, Օսմանյան կայսրությունում կատարված Հայոց ցեղասպանության ճանաչումը, վիճարկվող եկեղեցիները և այլն:
Հայաստանից փորձագետ, քաղաքագետ Ջոնի Մելիքյանի խոսքերով, հայ-վրացական պատմական բարիդրացիական հարաբերությունները տարիներ շարունակ ունեն սեփական զարգացած օրակարգը, հարաբերությունների դինամիկան:
«Հայաստանում կարևորում են վրացական ուղղվածության առաջնահերթությունը, այն ցույց է տալիս, Վրաստանի տեղը և դերը Հայաստանի արտաքին քաղաքականությունում: Այստեղ արդեն մեկ այլ հարց է, թե որքանով է Թբիլիսին հասկանում այդ մեսիջները, որոնք ուղարկում է Երևանը: Սկզբունքորեն, առաջիկա ամիսների ընթացքում մենք կտեսնենք, թե ինչքանով է Վրաստանը պատրաստ խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ կամ ինչքանով է իրեն սահմանափակում: Երևանում պաշտոնական հայտարարություններ է արվել, և հաստատվել, որ երրորդ կողմը չպետք է ազդի Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական հարաբերությունների օրակարգի վրա, այն վերաբերում է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Վրաստանի հարևան Թուրքիային ու Ադրբեջանին », – ասում է Ջոնի Մելիքյանը:
Փորձագետ-քաղաքագետ Գելա Վասաձեի կարծիքով, հայ-վրացական հարաբերություններում որևէ բան չի փոխվի:
«Միտումը ընդհանրապես հասկանալի է, այն դրական է: Կողմերը շատ զգուշորեն խուսափում են նուրբ թեմաներից, քանի որ նրանք հասկանում են, որ իմաստ չունի մեծ աղմուկ բարձրացնել: Սերժ Սարգսյանի ժամանակ հայ-վրացական հարաբերությունները զարգանում էին բավականին արագ տեմպերով և լավ: Հայաստանի դեսպանի վերջին փոփոխությունը հանգեցրեց նրան, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը դարձավ ավելի ակտիվ: Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում, նույնիսկ սիրելով Յուրիկ Վարդանյանին որպես ծանրորդ, սակայն որպես դեսպան նա զրո էր իհարկե: Ներկայիս դեսպանը, ես տեսնում եմ, գոնե փորձում է անել ինչ – որ բան, և այս ուղղությամբ աշխատում է » – ասում է Գելա Վասաձեն:
Հայաստանից փորձագետը կարծում է, որ կառավարության մակարդակով կքննարկվեն մշակույթի, կրթության, տնտեսության, սոցիալական և տնտեսական համագործակցության, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, առևտրի, արտադրության, փոխադարձ ներդրումների մասին:
«Իհարկե, եթե պայմանավորվածություն ձեռք բերվի ընթացիկ տարվա մեջ անցկացնել տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողով, դա կլինի քայլ առաջ: Ինչ վերաբերում է խնդրահարույց հարցերին, ես կարծում եմ, որ դրանք դեռ չեն մտնի օրակարգ քննարկման, կլուծվեն հետագա շփումների ընթացքում: Կարևոր է այն, որ, կա մեծ հավանականություն, որ վարչապետ Փաշինյանն ու նրա ղեկավարած պատվիրակությունը մայիսի 31-ին կայցելի Ջավախք, ինչը կարծում եմ, նույնպես շատ ուժեղ մեսիջ է տեղական բնակչությանը: Նրանք պետք է իմանան, որ Հայաստանը մտածում է նրանց մասին, որ Հայաստանի համար մեկ չէ ինչ է կատարվում այնտեղ, և իհարկե, դա ցույց է տալիս Թբիլիսիի դիրքորոշումը, որը դեմ չէ նման քայլի, և որ եթե այդ այցը կայանա, նույնպես լուրջ մեսիջ կլինի: Ջավախքը և Սամցխե-Ջավախքը դիտարկվում են որպես Հայաստանն ու Վրաստանը միավորող ինչ-որ բան, ոչ թե առանձնացնող », – ասում է Ջոնի Մելիքյանը:
Գելա Վասաձեն համաձայն է իր հայ գործընկերոջ հետ: Առաջին հանդիպման ընթացքում բարդ հարցեր չեն քննարկվի:
«Ես չեմ կարծում, որ կքննարկվի ենթադրենք սահմանների սահմանազատման հարցը: Չնայած, երկար ժամանակ այդ հարցը քննարկվում էր: Չենք դիպչում, չէ որ մենք շատ յուրահատուկ երկրներ ենք, մենք երկրներ ենք, որտեղ բիզնեսը շատ կապված է քաղաքականության հետ, և քաղաքականությունը կապված է բիզնեսի հետ: Ես կարծում եմ, որ կքննարկվի որոշ չափով: Ճիշտ է մենք դա չենք իմանա, վրաց-հայկական բիզնեսի վերաֆորմատավորման հարցերը, օրինակ նույն էներգետիկայի կամ այլ ոլորտներում: Առևտուրը և բիզնեսը, որոնք ավելի վաղ Հայաստանում ղեկավարվում էին մարդկանց խմբերի կողմից, ովքեր Հայաստանում իշխանությունում էին: Այժմ իշխանությունը փոխվել է: Նույնն էր նաև այն ժամանակ, երբ իշխանափոխություն տեղի ունեցավ Վրաստանում, բայց մենք այդ մասին չենք իմանա, ոչ ոք այդ մասին չի գրի, քանի որ դա շատ ինտիմ թեմա է ցանկացած իշխանության համար », – ասում է Գելա Վասաձեն:
Երկու քաղաքագետն էլ համաձայն են, որ մենք չպետք է ակնկալենք փոփոխություն նաև երկու երկրների արտաքին քաղաքականության ասպարեզում:
«Ճշգրտումները Հայաստանի դեպքում կարող են տեղի ունենալ: Հայաստանը նորից ինչպես զարգացնում ու խորացնում էր հարաբերությունները ԵՄ-ի հետ, այդպես էլ շարունակելու է: Եվ ինչպես մասնակցում էր Եվրասիական միությանը, այդպես էլ կշարունակի: Նման լուրջ փոփոխություններ ակնկալել պետք չէ: Մյուս կողմից, անհրաժեշտ է, որ կողմերը փորձեն նվազագույնի հասցնել արտաքին ուժերի, գործոնների կամ երկրների ռիսկերը միջպետական օրակարգում: Ես կարծում եմ, որ ցանկությունը փոխադարձ է և երկու երկրների կողմից էլ, դրան կարելի է հասնել », – ասում է Ջոնի Մելիքյանը:
Գելա Վասաձեի կարծիքով, պարզ է, որ Հայաստանը ոչ թե չի փոխի, այլ չի կարող փոխել իր արտաքին քաղաքականությունը կոնկրետ պատմական պատճառներով:
«Հետևաբար, բնական է, որ ՄԱԿ-ում Հայաստանը միշտ դեմ է քվեարկելու Աբխազիայում փախստականների վերադարձի մասին բանաձևի ընդունմանը: Միտք ունի բարձրացնել այս հարցը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ լավ հասկանում են, որ Վրաստանը իր սեփական շահերի դեմ չի գնա», – մեկնաբանում է Գելա Վասաձեն:
Քրիստինե Մարաբյան