Ախալքալաքի մունիցիպալիտետում վաղուց սկսվել է ջեռուցման սեզոնը։ Չնայած Թախչա գյուղը գազիֆիկացված է, սակայն գազը դեռ չի հասել բնակիչների տներ։ Տները տաքացնում են հին մեթոդով՝ փայտյա վառարաններով, որոնցում վառում են աթար։ SJGC ընկերությունը գլխավոր գազատար խողովակը դեպի Թախչա գյուղ անցկացրել է, այժմ սպասում է արտոնագրին, որպեսզի բնական գազը մտցնեն գյուղի բնակիչների տներ: Այս ամսվա վերջին, ըստ SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի, իրենք ակնկալում են ստանալ արտոնագիրը և մինչև տարեվերջ գազաֆիկացնել Թախչայի բնակիչների տները։ Թախչա գյուղում ապրում է 8 ընտանիք։

«Կարծում եմ լիցենզիա ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, մինչև այս ամսվա վերջ մենք լիցենզիա կստանանք և մեկ շաբաթվա ընթացքում գազը կմատակարարենք տներին։ Այս գազատար խողովակից հետագայում գազը կանցկացվի նաև Աբուլ գյուղ, որը կգազաֆիկացվի պետական ​​ծրագրով»,- ասաց Վրեժ Բերիկյանը։

Այս տարի կկազմվի Աբուլ գյուղի գազիֆիկացման նախագիծը, իսկ հաջորդ տարի կսկսվեն աշխատանքները։

«Թոթխամ գյուղից մինչև Խուլգումո գյուղ արդեն անցկացվել է գազաբաշխման նոր գիծ: Աշխատանքների մի մասն ավարտված է։ Այժմ մենք պատրաստում ենք Խուլգումոից Դիլիսկա գյուղ գծի նախագիծը, սա արվում է Թոթխամ-Խուլգումո գծի գերբեռնվածությունը նվազեցնելու համար: Հետո այս գծին կմիանան Դիլիսկա, Կիրովական և Կումուրդո գյուղերը»,- ասաց Վրեժ Բերիկյանը։

Նրա խոսքով, դեռ Սուլդա գյուղի գազաֆիկացման նախագիծ չկա, գյուղի գազիֆկացման համար անհրաժեշտ է անցկացնել նոր մայրուղային գազատար:

Վրեժ Բերիկյանի խոսքով, այս տարի SJGC ընկերությունը նոր գիծ է անցկացրել նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղից մինչև Սաթխա գյուղ, իսկ հաջորդ տարի աշխատանքները կշարունակեն Սաթխայից մինչև Նինոծմինդա։ SJGC-ի կողմից Հեշտիա-Սաթխա-Նինոծմինդա գիծն անցկացվել է այս գծի գազի պակասը լրացնելու նպատակով:

Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում SJGC-ն այս պահին ունի 18500 բաժանորդ: