Ախալքալաքի շրջանում կարտոֆիլի ցանքսը գրեթե ավարտված է: Անցյալ տարվա չիրացված կարտոֆիլը ազդում է կարտոֆիլագործների որոշման վրա, թե որքան տնկեն, ոմանք ավելի քիչ են տնկում, իսկ ոմանք էլ ավելացնում են ցանքատարածությունները:
Գումբուրդո գյուղից Գարիկը այս տարի կարտոֆիլի դաշտերը կրճատել է կեսից ավելին այն պատճառով, որ կորուստներ է կրել:
«Անցյալ տարի տնկեցի 2 հա կարտոֆիլ, այս տարի` ընդամենը 50 ար: Անցյալ տարի ես 3000 լարի կորուստ ունեցա: Ինչու այս տարի էլ շատ տնկեմ, միայն տնային օգտագործման համար եմ տնկել: Աշնանը 1 կգ կարտոֆիլն արժեր 50-55 թեթրի, չվաճառեցինք, մտածում էինք գարնանը գինը կբարձրանա, բայց հակառակը` ավելի էժանացավ: Ես իմ չվաճառած կարտոֆիլը խոզերին որպես կեր տվեցի: Շատերը այդպես են արել», – ասաց Գարիկը:
Կիրովական գյուղից Ռոզա Ստեփանյանը նույնպես նախորդ տարվա համեմատ քիչ է տնկել: Ըստ նրա, շատերը իրենց գյուղում այդպես են արել։
«Իրացման հետ կապված խնդիր ունենք, մենք չենք կարող վաճառել, և այս տարի մենք այլևս չենք ուզում շատ տնկել: Գյուղում կան մարդիկ, ովքեր դեռևս ունեն 10 տոննա կարտոֆիլ: Մարդիկ հիասթափված են: Անցյալ տարի 2 հա տնկեցի, այս տարի` 1 հա», – ասում է Ռոզա Ստեփանյանը:
Իսկ Խանդո գյուղից Ռուբիկ Մանասյանը ստիպված ավելացրել է իր կարտոֆիլի դաշտերը: Նրա խոսքերով, այս տարի տարածաշրջանում կարտոֆիլի դաշտերը կավելանան, և հնարավոր է, աշնանը նորից բոլորը կանգնեն իրացման խնդրի առաջ:
«Իսկ ինչ անել, հո չենք կարող դեն նետել ապրանքը: Ես ուզում էի այս տարի տնկել 1 հա, բայց ես ստիպված տնկեցի 5 հեկտար: Այս պահին դեռ ունեմ 3 տոննա խոշոր կարտոֆիլ: Դե, ես հուսով եմ, որ առնվազն սա կկարողանամ իրացնել ցանկացած գնով: Աշնանը չվաճառեցի, մտածեցինք, որ գարնանը գները կթանկանան», – ասում է Ռուբիկ Մանասյանը:
Խոշոր կարտոֆիլագործը կարծում է, որ բացառվում որ դեն նետեն կարտոֆիլը, միևնույնն է մարդիկ կգտնեն ուղիներ և տարբերակներ:
«Դեռ եղանակը անձրևային է, Բոլնիսիում և Մառնեուլիում չեն կարող հանել նոր կարտոֆիլ, իսկ կարտոֆիլի պահանջարկ կա և մեր կարտոֆիլը վաճառվում է: Ես կարծում եմ, որ մինչ ամսվա վերջ մեր տարածաշրջանի ամբողջ կարտոֆիլը կիրացվի: Ես վաճառել եմ աշնանը` 50-70 թեթրիի, այժմ համոզվում եմ, որ ճիշտ եմ վարվել: Ես կարծում եմ, որ աշնանը ճգնաժամ չի լինի, քանի որ իմ փորձից ելնելով, թեև ես ողջ տարածաշրջանը չեմ նայել, կարտոֆիլի դաշտերը այս տարի նվազել են», – ասում է հողագործը:
Նա այս տարի տնկել է 35 հա կարտոֆիլի դաշտ:
Շուշան Շիրինյան