Առողջ ապրելակերպի ներդրումը Վրաստանի իշխանությունների կարևորագույն առաջնահերթություններից է: Այս մասին հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին առողջ ապրելակերպի գործողությունների ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հանդիպման ավարտից հետո:
Ինչպես նշեց վարչապետը, անցկացվեց շատ կարևոր հանդիպում, որին ներկա էին խորհրդարանի ներկայացուցիչներն ու Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Հանդիպման ժամանակ որոշում կայացվեց առողջ ապրելակերպի ներդրման և համապատասխան ենթակառուցվածքների ապահովման մասին, որը պետք է դառնա այսօրվա քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից մեկը:
«Մենք այսօրվանից սկսում ենք աշխատել, գնահատելու համար ենթակառուցվածքը, արագ ժամկետներում, նկատի ունեմ սպորտային ենթակառուցվածքը: Սա պետք է հասանելի լինի երկրի ամբողջ բնակչությանը, այդ թվում նաև սոցիալապես խոցելի խմբերի: Կմշակվի կառավարման հատուկ քաղաքականություն, դա կլինի որպես սպորտային-առողջացնող, ինչպես նաև սոցիալական քաղաքականություն: Հատուկ քայլերի տակ նկատի ունեմ, որ այսուհետ ողջ ամսվա ընթացքում, հնարավորինս կարճ ժամկետներում կկատարվի գնահատումը: Կդրվի ծրագիր, ինչը մեզ անհրաժեշտ է: Սեպտեմբերից, երբ մենք կանցնենք հաջորդ տարվա բյուջեին, համապատասխան բյուջետային ֆինանսավորման հիման վրա, դա որակապես այլ մակարդակում կարտացոլվի պետական բյուջեում», – ասաց Գիորգի Կվիրիկաշվիլին:
Նրա խոսքերով, մեծ թվով ուսումնասիրությունների հիման վրա, չնայած Վրաստանում մարզիկների թիվը զգալիորեն աճել է, Վրաստանում սպորտային ակտիվության տեմպը կազմում է միջին եվրոպական ցուցանիշի կեսը:
«Երեք տարվա ընթացքում, մենք պետք է կրկնապատկենք այս ցուցանիշը և մոտենանք եվրոպական ցուցանիշներին: Սա մեր պլանն է: Մի շարք գործակալություններ մեծ աշխատանք են կատարել, նախարարություններ, խորհրդարանական հանձնաժողովներ և այլն: Մեր նպատակն է ձևավորել միասնական կառավարման մոդել, թե ինչպես պետք է կառավարել ենթակառուցվածքները: Այսօր այն շատ ցրված է: Ենթակառուցվածքի 80%-ը պետության ձեռքում է, 20%-ը` մասնավոր հատվածի օգտագործման մեջ», – հայտարարեց վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքերով, առողջ ապրելակերպի կանոնների ներդրման գործընթացում կարևոր է լինելու հայտնի մարդկանց ներգրավումը: