Արդեն երկու օր է, ինչ Ախալքալաքի քաղաքապետարանն ընդունում է տոնավաճառի աշխատողների դիմումները՝ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում, պետության կողմից միանգամյա 300 լարիի չափով փոխհատուցում ստանալու համար տեղեկանք տրամադրելու համար:
Այսօր արդեն երկրորդ օրն է, երբ քաղաքի տոնավաճառի վաճառականները դիմում են քաղաքապետարան: Նրանք դիմում են ներկայացնում գրասենյակ` քաղաքապետի անունով և ներկայացնում ID քարտը (պիրադոբա): Նրանք խնդրում են տեղեկանք տրամադրել, որ նախքան կորոնավիրուսի համավարակի սկսվելը նրանք Ախալքալաքի հագուստի տոնավաճառում առևտրով են զբաղվել: Այս տեղեկանքն անհրաժեշտ է գրանցման ընթացքում պետությունից 300 լարի միանվագ փոխհատուցումը ստանալու համար: Սակայն, երբ քաղաքապետարանը կտրամադրի տեղեկանքները, դեռ հայտնի չէ: Ըստ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոյանի՝ նախօրեին ընդամենը 10 մարդ է դիմել քաղաքապետարան: Սակայն շատերը, մեկը մյուսից լսելով, այսօր բերել են իրենց դիմումները:
Ախալքալաքի քաղաքապետարանը տվյալներ է խնդրել տոնավաճառի նախկին վարձակալներից, քանի որ 2017-ի վերջից տոնավաճառը չունի վարչակազմ, առևտրականները չեն վճարում առևտրային տեղերի համար, և ըստ այդմ՝ առևտրականները չեն գրանցվում: Նախկին վարձակալները տրամադրել են գրանցամատյաններ, որոնք պահվում էին մինչև 2017 թվականը ներառյալ:
Քաղաքապետարանի կողմից տեղեկանքը տրամադրելուց հետո առևտրականները պետք է էլեկտրոնային ձևաթուղթ լրացնեն Առողջապահության նախարարության կայքում` www.moh.gov.ge, ոչ ուշ, քան հուլիսի 1-ը: Ձևաթղթում նրանք պետք է նշեն.
– Անուն, ազգանուն, անձնական համար
– Կոնտակտային տվյալներ (փաստացի հասցեն և հեռախոսահամարը)
– Բանկային հաշվեհամար
– Մինչև արտակարգ դրության հայտարարությունը եկամտի աղբյուրի մասին տեղեկատվությունը:
Վաճառականների համար նման տեղեկատվություն կարող է ծառայել տոնավաճառի ղեկավարության կողմից տեղեկանքը՝ որպես վկայություն, որ այդ անձը 2020 թվականի առաջին եռամսյակում զբաղվել է առևտրով շուկայի տարածքում:
Աշխատանքը կորցրած անձի կողմից դիմումը լրացնելուց հետո, երկու շաբաթվա ընթացքում հատուկ հանձնաժողովը կքննարկի յուրաքանչյուր դեպք և համապատասխան որոշումը կհանձնի Զբաղվածության գործակալությանը, որը 10 օրվա ընթացքում պետք է հոգ տանի փոխհատուցման տրամադրման համար: